1915 թվականին հայի գարունը ստացավ արյան գույն, արյան բույր՝ ավելի ու ավելի գրգռելով թուրք խուժանի գազանային բնազդն ու վայրագ գործողությունները: Թուրքական կառավարության կազմակերպած սոսկալի սպանդին՝ ցեղասպանությանը, զոհ գնացին 1 500 000 հայեր, 200 000 հայեր բռնի կերպով մահմեդականացվեցին, ավերվեց 2350 եկեղեցի եւ վանք, 1500 դպրոց եւ վարժարան, պատճառվեց 18 միլիարդ դրամի վնաս: Իսկ Եղեռնի ամենամեծ հետեւանքը՝ Արեւմտյան Հայաստանի հայրենազուրկ լինելն էր, քանզի հայերը ցեղասպանության ենթարկվեցին պատմական հայրենիքում, իսկ նրանք, ովքեր հրաշքով փրկվեցին՝ տարածվեցին ողջ աշխարհով մեկ:
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշավիր Գասպարյանը խոսելով ցեղասպանության պատճառների մասին՝ նշում է, որ այն ուներ եւ ներքին եւ արտաքին նախադրյալներ:
-Ներքինն այն էր, որ հայ բուժուազիան այնքան էր հզորացել, որ առաջատար դեր էր կատարում Օսմանյան կայսրության տնտեսական գործունեության բոլոր ոլորտներում: Իսկ նոր ձեւավորվող թուրքական բուրժուազիան չէր կարող պայքարել նրա դեմ,- նշում է պատմաբան Ա.Գասպարյանը,-Արտաքին նախադրյալն այն էր, որ երիտթուրքերը ձգտում էին իրականացնել պանթուրքիզմի քաղաքականությունը եւ ստեղծել Մեծ Թուրան պետությունը, որը ձգտվելու էր Բոսֆորից մինչեւ Ալթայի երկրամաս: Այդ ճանապարհին գտնվող երկրները, որոնք մուսուլմանական էին, պետք է թուրքացվեին, իսկ որոնք քրիստոնյա էին՝ ոչնչացվեին: Հայաստանն անկախ իր կամքից հայտնվեց պանթուրքիզմի խաչմերուկում եւ իր վրա կրեց այդ հրեշավոր քաղաքականության բոլոր հետեւանքները:
Բնականաբար, ցեղասպանության բազմաթիվ բացասական հետեւանքներին գումարվում է եւս մեկը՝ արեւմտահայության մշակույթի տարհանումը իր բնօրրանից:
-Բացի ժողովրդի ստեղծած նյութական արժեքների կործանումից, ոչնչացվեցին նաեւ այդ մշակույթը կրողները,-նշում է ազգագրագետ Կարինե Բազեյանը,- ժողովրդի մնացած հատվածը, որ փրկվեց՝ արտագաղթեց տարբեր երկրներ, իսկ այլ վայրերում մաքուր ազգային մշակույթը պահելը շատ բարդ է:
Ազգագրագետը նշում է, որ ցանկացած տարածքում ազգային մշակույթն ինտեգրվում է տվյալ տարածքի մշակույթին եւ սերնդից սերունդ ազգային մշակույթը թուլանում է: Բնականաբար, մշակութային փոխազդեցությունն ազդում է էթնիկ կերպարի վրա:
Ցավոք, թուրքերը կարողացան ճիշտ օգտագործել պատմական ժամանակաշրջանը: Բռնկվել էր Առաջին համաշխարհային պատերազմը եւ աշխարհը զբաղված էր քաղաքական ու տնտեսական շահերով եւ արժանի ուշադրություն չդարձրեց կատարվող իրադարձություններին:
Ցեղասպանությունն իրագործվեց պետության ղեկավարների կողմից կազմված հստակ ծրագրով, դրա ապացույցն այն է, որ թուրքերն առաջին հերթին հայ ժողովրդին զրկեցին մտավոր սերուցքից՝ ուղեղից. շուրջ 600 մտավորականների (Սիամանթո, Ռուբեն Սեւակ, Դանիել Վարուժան եւ այլք) գազանաբար հոշոտեցին եւ սպանվեցին: Հաջորդ քայլը 18-45 տարեկան տղամարդկանց բանակ զորակոչն էր, որից հետո նրանց առանձին-առանձին՝ 50 եւ 100-ականան խմբերով, տեղափոխեցին եւ կոտորեցին՝ ժողովրդին թողնելով առանց կռվող ուժի: Հրեշավոր ծրագիրն ավարտի հասցրեցին անպաշտպան կանանց, ծերերին, երեխաներին Դեր Էյր Զոր անապատ տարհանելով (ապահով վայր տեղափոխելու պատրվակով), ու սոսկալի ձեւով կոտորելով :
-Ցեղասպանությունը, ցավոք, կանխել չհաջողվեց,-նշում է Ա.Գասպարյանը,- որովհետեւ Հայաստանը չուներ պետություն եւ բանակ, իսկ, այսպես կոչված, քաղաքակիրթ աշխարհը լուռ համաձայնությամբ եւ քար անտարբերությամբ հանդուրժեց դարի առաջին ցեղասպանությունը, որը նախադրյալ հանդիսացավ մյուս բոլոր ցեղասպանությունների իրականացման համար: Չպատժված հանցագործությունը նոր հանցանք է ծնում, ուստի ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործություն, պետք է գտնի իր քաղաքական եւ իրավական գնահատականը: Մարդկությունը վերջապես պետք է ազատվի այդ հրեշավոր աղտից՝ ցեղասպանությունից: Իմ կարծիքով, եթե անգամ մեկ մարդու են սպանում էթնիկական, ազգային պատկանելության համար, ապա դա պետք է որակվի որպես ցեղասպանություն: Ցավոք, առ այսօր էլ ցեղասպանություններն իրենց զգալ են տալիս, նկատի ունեմ Սումգայիթը, Բաքուն եւ Ադրբեջանի հայաբնակ մյուս շրջանները:
Ցեղասպանությունը, ընդհանրապես հայկական հարցն, առ այսօր սպասում է իր արդար դատին: Այդ իսկ պատճառով՝ յուրաքանչյուր հայի խնդիրը պետք է լինի, մշտապես, բոլոր մեթոդներով եւ միջոցներով, ցեղասպանության հարցի բարձրացումը: Պետք է հասնել նրան, որ առաջին հերթին Թուրքիան ճանաչի իր մեծ հանցանքը, հետո նոր մնացած երկրները: Եթե Թուրքիան ուզում է հանդես գալ որպես քաղաքակիրթ պետություն, ապա նա պետք է ձերբազատվի ցեղասպանածին պետություն եւ հասարակություն անվանումներից:
Ալիսա Հակոբյան




