1988թ.-ի երկրաշարժից մինչ այսօր տնակային պայմաններում գործող Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի՝ քարաշեն շենք ունենալն այլեւս իրականություն է: Դպրոցի նոր շենքի կառուցման ծրագիրը համակարգվում է Մեդիամաքս գործակալության, ավստրիական Do Something կազմակերպության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից: Մեդիամաքս գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ սկսված շինարարական աշխատանքների համար հատկացված է 450.000 դոլար, շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Կանակա» ընկերությունը: Գումարների հավաքագրման եւ այլ հարցերի Ա.Թադեւոսյանը խոստացավ գրավոր հարցման դեպքում պատասխանել: Շենքի հիմքն արդեն փորված է, իսկ աշխատանքների շարունակության համար նախ անհրաժեշտ է առաջնահերթ լուծում տալ ջրատար խողովակների, կոյուղու անցկացմանը:
Նորակառույց երաժշտական դպրոցը, ըստ նախագծի, ունենալու է երեք մասնաշենք, որի մեջտեղի մասնաշենքը կունենա երկու հարկ: Նախկինում արված նախագծին իր հավանությունը տվել է թիվ 6 երաժշտական դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը, բայց ներկայիս նախագծը նրան այնքան էլ դուր չի գալիս: Դպրոցն ունենալու է 14 դասասենյակ, որը, տնօրենի վստահեցմամբ, բավարար է երաժշտական դպրոցի համար Ներկայիս նախագծից տնօրենի դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ նախագծով դահլիճի համար հատկացված է 6 մետր լայնությամբ եւ 14 մետր երկարությամբ տարածք:
-Ես մենակ տխրեցի, որ դահլիճն է փոքր, իսկ մնացածի համար շատ ուրախ եմ: Գիտեք ինչ. սա իմ տունը չէ, իմ սեփականությունը չէ, ես էլ՝ հավերժական չեմ, գոնե այս թաղի երեխեքը մի լավ բան տեսնեն,-ասաց Հ.Ասատրյանը:
Դպրոցի կառուցման համար հատկացված գումարիների չափի, շինկազմակերպության եւ այլեւայլ հարցերին Հ.Ասատրյանը տեղյակ չէ, քանի որ ինքը չէ շենքի կառուցման պատվիրատուն, այլ Մեդիամաքս գործակալություն է եւ ՀՕՖ-ը: ՀՕՖ-ի ներկայացուցիչն ամեն անգամ գալիս է շինհրապարակ ու լուծում տալիս առաջ եկած բոլոր խնդիրներին՝ տեղեկացնում է Հ.Ասատրյանն ու հավելում.
-Ես որ բան եմ ասում, ինձ ասում են՝ մի խանգարի, ինձ հեռու են պահում: Պետությունը 10 մլն դրամ գումար է տվել, դա սկզբից տվել են, որ հետո մյուսները եւս գումար ներդնեն,-ավելացրեց Հ.Ասատրյանը:
Դպրոցի կառուցումը, ըստ նախագծի, ավարտվելու է հաջորդ տարի՝ մայիս-հունիս ամիսներին, իսկ մինչ այդ դասապրոցեսը կկազմակերպվի երաժշտական դպրոցի տնակային մասնաշենքերից մեկում:
Սոնա Առաքելյան
______________________________
Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.700 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 16.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, 3 եւ 1 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է առայժմ միայն Գյումրիում:
Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: 8 ամսվա ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:
Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք (0312) 50622, ձեզ կայցելի գործակալը:




