Ապրիլի 23-ի երեկոյան եւ գիշերը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթեր են կազմակերպվել Հայաստանի տաբեր մարզերում: ՀՅԴ Գյումրու կոմիտեի նախաձեռնությամբ ջահերով ավանդական երթ տեղի ունեցավ նաեւ Գյումրիում:
Ժամը 19:30-ին երթը սկսվեց Անի թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու մոտից:
Երթի մեկնարկին այրվեց Թուքիայի դրոշը: Հարյուրավոր քաղաքացիներ Պարույր Սեւակ, Վազգեն Սարգսյան, Գարեգին Նժդեհ, Սայաթ-Նովա փողոցներով, Հաղթանակի պողոտայով` «ճանաչում» վանկարկումներով շարժվեցին դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ բացված «խաչքարերի պուրակ», որտեղ տեղադրված են Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները:
Կազմակերպիչների գնահատմամբ, երթին մասնակցում էր մոտ 1500-2000 քաղաքացի` «Իմ անունն է պայքար եւ վախճանս հաղթանակ», «Ոչ ցեղասպանությանը, այո պահանջատիրությանը», «Պայքար», «Ոգեշնչվենք եւ չմոռանանք մեր պահանջատիրությունը», «Մի մոռացիր 1.5 մլն նահատակներին»: եւ այլ կարգախոսներով:
Հասնելով «Խաչքարերի պուրակ», երթի մասնակիցները մոմեր վառեցին, այրեցին Ադրբեջանի դրոշը:
Գյումրու ՀՅԴ կոմիտեի անդամ Արամ Հակոբյանն ասաց, որ «սա հոգու կանչ է, խնդիր, որ պետք է լուծվի:
Այսօրվա երթի մասնակիցների մեծ մասը երիտասարդներ են, եւ մենք ուրախ ենք, որ նրանք կանգնել են այն գործի գլուխ, որը սկսել ենք մենք ու մեր ավագները»:
Մասնակիցների շարքում գտնվող Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի խոսքերով, երթը կայացավ եւ տարեց տարի մասնակիցների թիվն ավելանում է, ինչը հավատ է ներշնչում, որ հասնելու ենք Հայոց ցեղասպանության միջազգային
ճանաչմանը:
Նշենք, որ ցեղասպանության փաստն ընդունել են աշխարհի մի շարք երկրներ:
Առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայը` 1965 թ-ին: Հետագա տարիներին նրան հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան եւ ԱՄՆ-ի 42 նահանգներ:
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է նաեւ Վատիկանի, Եվրախորհրդարանի եւ Եկեղեցիների համաշխարհային կազմակերպության կողմից:
Երթին մասնակցում էին ՀՅԴ անդամներ, անկուսակցականներ, Հայ առաքելական ու կաթողիկե եկեղեցիների երիտասարդները եւ այլ քաղաքացիներ:
Անահիտ Սիմոնյան






