Մինչ Հ1-ով երբեմն-երբեմն գովազդում են չինական վարդերով եւ տարբեր ծառատեսակներով զարդարված Ազգային Ժողովի այգին, կարծես մաքուր օդը եւ բնությունը միայն այսպես կոչված «ընտրյալների համար է», Երեւանի Մաշտոցի պուրակը ապրիլի 29-ին, հայտնվել էր իրադարձությունների զարգացման թեժ կիզակետում:
Ըստ բնապահպան ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանի, այդ օրը, ակտիվիստները պուրակում շուրջօրյա նստացույցի համար փորձել են վրան տեղադրել:
Ապամոնտաժող բրիգադի անդամներն էլ փորձել են ապամոնտաժել կրպակները, սակայն ոստիկանները խոչընդոտել են, առգրավվել վրանները, հարձակվել ակտիվիստների վրա, սկսվել է քաշքշուք, ինչի հետեւանքով ապամոնտաժող բրիգադից եւ ակտիվիստներից 15 հոգի վնասվածքներ են ստացել:
-Նույնիսկ ուղեղի ցնցում, սալջարդ ստացողներ կային: Ոստիկանների հետ քաշքշուքի արդյունքում վնասվածքներ ստացողներին արդեն բուժօգնություն ցուցաբերվել է,-մեզ հետ զրույցում ասաց Ռ.Գրիգորյանը՝ հավաստիացնելով, որ մոտ 30 հոգով երթով շարժվելու են դեպի պուրակ: Ապամոնտաժող բրիգադի անդամներից Էմիլ Աբրահամյանի խոսքերով, ոստիկանությունը 3 ժամ հետո բաց է թողել բերման ենթարկվածներին, քանի որ դրանից ավել չէին կարող պահել:
-Ապրիլի 29-ին, ապամոնտաժող բրիգադի անդմաների թիվը մոտ 40-ի էր հասնում, ոստիկանների եւ կարմիր բերետավորների թիվը՝ 140-150-ի. ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել բնապահպան ակտիվիստների հանդեպ, ուզում էին ցույց տալ, թե ագրեսիան մեր կողմից է եղել, ոչ իրենց,-ասաց Է.Աբրահամյանը:
Տե՛ս նաեւ http://www.facebook.com/video/video.php?v=374317922604561
Անահիտ Սիմոնյան




