2980 բնակիչ ունեցող Շիրակի մարզի ամենացուրտ համայնքի՝ Աշոցքի առաջ այսօր ծառացած են բազմաթիվ խնդիրներ: Գյուղում գրեթե բացակայում են ճանապարհները, չկան աշխատատեղեր: Առաջնային լուծում պահանջող խնդիրներից է ջրահեռազման ցանցի վերանորոգումը: գյուղի երիտասարդների համար չկա ոչ մի հետաքրքրություն եւ զբաղմունք, ինչի հետեւանքով շատերը լքում են գյուղը: Իսկ փոքրիկները զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:
Դպրոցահասակ երեխաների համար միակ առավելությունը մշակույթի տան գործունեությունն է, որտեղ նրանք՝ հատկապես ամռանը, անցկացնում են օրվա մեծ մասը: Մշակույթի տանն արդեն 11 տարի անվճար գործում են տարբեր խմբակներ՝ ասեղնագործության, հելունագործության, նկարչության, պարի եւ քանոնի: Նկարչության խմբակ հաճախում են 15 երեխա, ասեղնագործության, հելունաԳործության խմբակներ՝ մոտ 30 երեխա, պարի խմբակ՝ 20 երեխա: Մի քանի անգամ հնարավորություն է ընձեռնվել երեխաների ձեռքի աշխատանքները ներկայացնել տարբեր ցուցահանդեսների: Ձեռագործության, նկարչության համար երեխաներն իրենք են իրենց հետ բերում համապատասխան պարագաներ եւ աշխատանքներն ավարտելուց հետո, դրանց մեծ մասը թողնում մշակույթի տանը:
3 տարեկանից մշակույթի տանը գործող գրեթե բոլոր խմբակներ հաճախող Շուշան Կարապետյանը սիրում է արտանկարել: Հելունով աշխատանքներում հիմնականում պատկերում է կենդանիներ. «Չգիտեմ ինչու, բայց կենդանիներ նկարել եմ սիրում»: Շուշանիկը խմբակներ հաճախում է իր ցանկությամբ, բայց սկզբում նախաձեռնությունը եղել է մայրիկինը, ով ասեղնագործության խմբակի ուսուցչուհին է: Իր աշխատանքներից ոչ մեկը նա չցանկացավ առանձնացնել, քանզի բոլորն էլ իր համար լավն են:
Համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ափրեյանը գյուղի համար առանձնացրեց 3 խնդիր՝ անօթեւանություն, աշխատատեղերի բացակայություն եւ բնակֆոնդի պահպանման անհրաժեշտություն: Աշոցքում 1988-ի երկրաշարժից հետո մի ամբողջ թաղամաս կառուցվել է փայտից: 23 տարիների տնթացքում տնակները քայքայվել են ու ներկայում բնակարանների կառուցման անհրաժեշտություն կա:
Ինչպես ասում են համայնքի բնակիչները, շատերը մեկնում են արտագնա աշխատանքի, իսկ գյուղում մնացողների զբաղմունքը եւ եկամտի հիմնական աղբյուրը անասնապահությունն է.«Բայց հիմա կաթի մթերման գինն է շատ ցածր ու ստացվում է, որ մեր աշխատանքը ջուրն է լցվում»,-ասում է գյուղացիներից մեկը: Համայնքում հողագործությամբ շատերը չեն կարողանում զբաղվել, քանի որ գյուղում տեխնիկա չկա: «Ինչո՞վ վարեն ու ցանեն, ձեռքերո՞վ»,-ասում է Հենրիկ պապը:
72-ամյա Հենրիկ պապը կիսվում է իր մտահոգություններով. «գյուղի խնդիրներն այնքան շատ են, որ չգիտեմ որ մեկն ասեմ»: Այնուհետ կատակով ավելացնում է, թե նախընտրական շրջանում է միայն գյուղում կյանքն աշխուժանում, թեկնածուները գալիս են, խոստուներ տալիս ու դրանք թողնում անկատար. «Դեպուտատ դրանք մենակ իրանց ջեբի խաթեր են դառնում»:
Գյուղի դժվար կյանքից դժգոհում է նաեւ տիկին Գոհարը: Իր բնութագրմամբ, իրենց ընտանիքն ապրում է կոմունալ հարմարություններից զուրկ, կիսախարխլված տանը.
-Եկամտիս միայն 20.000 դրամ նպաստն է: Տարվա մեջ մի քանի օր՝ կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ, 2500 դրամ օրավարձով աշխատում եմ, դրանով ապրել, կամ հոգս հոգալ կարող ե՞մ,-ասում տիկին Գոհարը:
Սոնա Առաքելյան




