… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Նոր «Անտիվիրուս» Հայաստանում

antivirus 2
31 Հուլիս, 2012 17:07    |    Հեղինակ` Սոնա Առաքելյան


Կարծիքները բազմազան են

Հունիսի 8-ից մինչ օրս 400.000, օրական՝ 15.000 դիտում է ապահովել «Անտիվիրուս» երգիծական ծրագիրը: Նախագծի կազմակերպիչներն են Գոռ Հակոբյանը, Հայկ Բարսեղյանը եւ Վահագն Թադեւոսյանը: Սցենարների հեղինակն ու հաղորդավարը Գոռ Հակոբյանն է, ռեժիսորը՝ Հայկ Բարսեղյանը, ով զբաղվում է նաեւ ինտերնետային բոլոր հարցերով, իսկ կազմակերպչական այլ գործերով զբաղվում է Վահագն Թադեւոսյանը:

Հաղորդումը թողարկման համար չունի ստույգ ժամ կամ օր: Դրանք տեղադրվում են «youtube», «blognews. am» եւ «asekose.am» կայքերում, երբ պատրաստ են լինում: Հաղորդման մտահղացումը վերցվել է ռուսական համանման «+100500» հաղորդումից, բայց կազմակերպիչների վստահեցմամբ,  դրանցում կան բազմաթիվ տարբերություններ:

-Նրանք ինտերնետից քաշում են վիդեոներ ու դրանց հիման վրա խոսում, բայց մեզ մոտ ամեն հաղորդում ունի իր թեման: Միայն մոնտաժի գաղափարն է վերցված իրենց հաղորդումից,-ասում է Գոռ Հակոբյանը:

«Անտիվիրուսի» նպատակն է անդրադառնալ բոլոր այն փաստերին ու խնդիրներին, որ ծրագրի կազմակերպիչները տեսնում են մեր իրականության մեջ, անդրադարձ լինի դրանց՝ հասարակությանը պարզ դարձնելու համար, թե որն է խնդիր, որը՝ ոչ, եւ ինչպես կարելի է դրանց լուծում տալ: Յուրաքանչյուր հաղորդման համար ծրագրի հեղինակները առաջարկում են 3-4 թեմա, քննարկվում է եւ ընտրվում նրանք, որոնք, ըստ նրանց, հետաքրքիր կլինեն դիտողի համար:

-Ծրագրի հետ կապված արձագանքները, իրոք, շատ են: Դրականին չենք հասցնում անդրադառնալ, բացասականները կազմում են մոտ 20-30 տոկոսը: Մենք այնքան էլ լուրջ չենք վերաբերում բացասական մեկնաբանություններին, եթե, իհարկե, դրանք անձնական բնույթի վիրավորանքներ չեն: Ուղղակի մեր հասարակությունը չի ուզում հասկանալ, որ մենք այս հաղորդումներով բոլորին չենք վիրավորում: Ուղղակի յուրաքանչյուր հաղորդման թեմա վերաբերում է զուտ կոնկրետ խնդրի ու այդ խնդիրն իրեն մեջ կրող մարդկանց փոքրամասնությանը: Մենք չենք կարող խոսել վատ աղջիկների մասին ու դա վերագրենք բոլորին: Մարդիկ չեն հասկանում, կամ չեն ուզում ընկալել դա, բայց դա իրենց խնդիրն է,-ավելացնում է Գ.Հակոբյանը:

Հասարակության շրջանում «Անտիվիրուսի» հետ կապված կարծիքները բազմազան են: Ոմանց դուրս չի գալիս ծրագիրն ու նրանում արծածված թեմաները՝ համարելով հաղորդումը ոչ այնքան բարձրորակ: Ոմանք էլ գոհ են ծրագրից ու թեմաներից՝ դրանք համարելով առօրյայում ու հասարակական հարբերություններում առկա ամենահրատապ ու առաջնահերթ լուծում պահանջող հարցեր:

«Անտիվիրուսը» թեթեւ ժամանցային ծրագիր է, որտեղ քննարկվող երեւույթները որոշակիորեն երեւում են իրենց վատ կամ թերի կողմերով, նշեց ԳՊՄ-ի ուսանող, 22-ամյա Մարիամ Վարդանյանը, բայց այդ քննադատությունն էլ շատ խորը ու բազմակողմանի չէ: Իսկ զրուցակիցս կուզենար, որ ծրագրի հեղինակները խորը վերլուծություններ անեն, լինեն առավել դիպուկ, ինչից, իր իսկ խոսքով, բացարձակ չի տուժի հումորը:

-Ծրագիրն իր դրական ազդեցությունը կունենա, միայն թե պիտի բարձրանա ծրագրի որակը: Եթե լինի որակյալ քննադատություն ու վերլուծություն, կլինի նաեւ դրական ազդեցություն: Մենք եթերում անցենզուր հումորի պակաս չունենք: Այստեղ թող աշխատեն ցենզուրայի սահմաններում,-ավելացնում է Մ.Վարդանյանը:

-Ծրագրի հեղինակների աշխատանքը գովելի է, բայց դրանցում բացեր դեռ կան, կարծիք է հայտնում 25-ամյա Գարիկը: Զրուցակիցս նշում է, որ կան թեմաներ, որոնց, իրոք, շատ լավ անդրադարձ է լինում, բայց թեմաներ կան, որոնցում շատ բաներ ցենզուրայից դուրս են, ինչը պետք է շտկվեն հեղինակների կողմից:

-«Անտիվիրուսն»  ունենալու է շարունակություն այնքան ժամանակ, միչեւ մենք էլ բան չունենանք ասելու, բայց չեմ կարծում, որ դա մոտ ապագայում կլինի,-եզրափակում է Գոռ Հակոբյանը:

Սոնա Առաքելյան

Դիտումներ՝ 2,535