… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Գյումրիում անօթեւանների համար եւս 1200 բնակարան կառուցելու խնդիր կա

nnn
27 Ապրիլ, 2012 17:04    |    Հեղինակ` Անահիտ Սիմոնյան


Ըստ «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանի, Գյումրիում 400-ի փոխարեն 1200 բնակարան կառուցելու անհրաժեշտություն կա՝ հաշվի առնելով սեփական տներ կորցրած, մասնակի փոխհատուցված, մինչեւ 2008 թվականի նոյեմբերի 1-ը փաստաթղթերը չհանձնած ընտանիքներին, ովքեր այս ցուցակում չկան, բայց երկրաշարժի հետեւանքով բնակարան  կորցրած  անօթեւաններ են:

Այս մասին Վ. Թումասյանը նշեց պրիլի 27-ին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կազմակերպված «Աղետի գոտում ընթացող բնակարանների բաշխման եւ այն կանոնակարգող ՀՀ կառավարության որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ իրականացնելու անհրաժեշտությունը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ, որին մասնակցում էին ՀԿ-ների ներկայացուցիչներ ու լրագրողներ:

Վ. Թումասյանի խոսքերով, եթե 400 բնակարան կառուցվի, հերթացուցակում հաշվառված եւս 800 անօթեւանի խնդիր կմնա, բացի այդ մոտ 4000 անօթեւանի համար էլ բնակարաններ կառուցելու հարց կառաջանա: Նրանց մի մասի խնդիրը կարելի է լուծել սոցիալական բնակարանաշինության ծրագրով, բայց բնակիչը բնակարանի հանդեպ  սեփականության իրավունք այդ դեպքում չի ունենա:

-Գյումրիում այս պահին մոտ 6500 ընտանիք տնակներում են ապրում, որից 3200-ը հաշվառված են անօթեւանների հերթացուցակում: Կան ընտանիքներ, ովքեր երկրաշարժին կորցրել են սեփական բնակարաններ, նախկինում կորցրած սենյակների քանակով ստացել են: 294 ընտանիքներ կրկին ընդգրկված են ցուցակներում եւ պետք է փոխհատուցվեն, բայց բնակբաշխման այս գործընթացում նրանց գործերը  չընդունվեցին,-նշեց «Շիրակ» կենտրոնի նախագահը:

Նա անդրադարձավ բնակարանի փոխարեն անօթեւաններին ԲԳՎ տրամադրելու հարցին՝ նշելով, որ այն արտագաղթի պատճառ է դառնում եւ ի վերջո քաղաքաշինության նախարարությանը ուղղված դիմումի արդյունքում, իրենց հաջողվել է որոշակի արդյունքի հասնել, որ ԲԳՎ-ներ այլեւս չտրամադրվեն, փոխարենը կառուցվեն նոր բնակարաններ:

-ԲԳՎ-ների տրամադրումը արդյունավետ չի, քանի որ պետությունը բնակարանների շուկայական գներին համապատասխան գումար չի տրամադրում անօթեւաններին: Ստանալով գումարը՝ անօթեւաններն օգտագործում են այլ նպատակներով, ինչի արդյունքում այդ գումարից քիչ է մնում բնակարան գնելու համար եւ ընտանիքը զրկվում է բնակարան ստանալու հնարավորությունից: Եթե բնակարանի շուկայական արժեքի չափով էլ փոխհատուցում լինի  եւ  200 ընտանիքի ԲԳՎ հատկացվի, շուկայում զգալիորեն կբարձրանա բնակարանների գինը, քանի որ պահանջարկը կավելանա, բնակարանները քիչ են,-ասաց Վ.Թումասյանը:

Նա իր մտահոգությունն հայտնեց ծայրամասային տնակային թաղամասերի անմխիթար վիճակից, որտեղ տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ չկան:  Քաղաքի կենտրոնական հատվածները տնակային թաղամասերից ազատված լինելն էլ չի նշանակում, որ ամեն ինչ լավ է: Մյուս կարեւոր խնդիրը, ըստ Վ.Թումասյանի, բազմանդամ ընտանիքներին հնարավորություն տալն է պահպանելու տնակներից մեկը, քանի որ նոր բնակարանում ողջ ընտանիքը կարող է չտեղավորվել:

Նշենք, որ «Շիրակ» կենտրոնը 32 ՀԿ-ների կողմից ընդունված դիմում-ուղերձ էր ներկայացրել նախագահին եւ վարչապետին՝ Գյումրիում  1200 բնակարան կառուցելու հարցով, որտեղ նշված էր, որ «2569  ընտանիքների փաստաթղթեր ուսումնասիրվել են, շահառու չեն ճանաչվել 138-ը: 67 գյումրեցի անօթեւան ընտանիքների բնակարանով ապահովելու հարցը հետաձգվել է ուշ ժամկետների՝ ընտանիքի՝ հանրապետությունից բացակա լինելու պատճառով: Հերթացուցակում հաշվառված 388 ընտանիքներ չեն ներկայացրել պահանջվող փաստաթղթերը հանձնաժողովին: Գյումրու քաղաքապետարանում  հաշվառված 200 ընտանիքներ, ովքեր երկրաշարժի պատճառով կորցրել են բնակարանները հաշվառված չեն անօթեւանների հերթացուցակում: Գյումրիում բնակվող 3000 ընտանիք էլ հաշվառված չեն պետության կողմից փոխհատուցման ենթակա անօթեւանների հերթացուցակում»:

Դիմումին ի պատասխան, քաղաքաշինության նախարարությունից  ստացված գրության մեջ նշվում է, որ «Դեռ լուծման կարիք կունենա մոտ 400 ընտանիքների բնակարանային խնդիրները՝ լրացուցիչ բազմաբնակարանային շենքերի կառուցմամբ: Այլ պատճառներով անօթեւան մնացածների բնակարանային խնդիրներին հնարավոր է անդրադառնալ վերը նշված պարտավորությունները կատարելուց հետո»:

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 94