… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Անահիտ Բախշյան. «Ձայնավաճառությունը նաեւ մարմնավաճառություն է»

Anahit Baxshyan
31 Մարտ , 2012 14:03    |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան


Վերջին շրջանում քաղաքական եւ հասարակական շրջանում լայնորեն քննարկվում են «Ժառանգության» ու «Ազատ լիբերալների» համատեղ համամասնական ցուցակը, «Ժառանգություն»-Կոնգրես փոխհարաբերությունները, ոմանք խոսում են հնարավոր լարվածության առկայության եւ նրանց միջեւ պայքարի մասին: Այս հարցերի շուրջ զրուցեցինք «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ:

-«Ժառանգության» համամասնական ցուցակի վերաբերյալ կարող եմ ասել, որ դրան կողմ է քվեարկել մեր խորհրդի մեծամասնությունը: Ինչ վերաբերում է Լարիսա Ալավերդյանին՝ նա իր սկզբունքային տեսակետն է արտահայտել «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգության» միավորման մասին եւ փաստորեն առաջարկել է իրեն առաջադրել ցուցակի 41-րդ տեղում, որովհետեւ ինքը այդ միավորման գաղափարի համակիրը չի եղել:

Անդրադառնալով «Ժառանգություն»-ՀԱԿ հարաբերություններին՝ Անահիտ Բախշյանը նշեց, որեւէ առճակատում չկա.

-Այն, ինչ կատարվում է, չի կարելի լարվածություն անվանել, դա տարբեր գաղափարախոսությունների տեր մարդկանց պայքար է: Ինչպես հինգ տարի պայքարել ենք, եղել այնտեղ, որտեղ քաղաքացիները խնդիր են ունեցել,  այդպես էլ շարունակելու ենք: Իսկ այս պարագայում՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, պայքարի ձեւն ընտրություններին մասնակցելն է եւ մասնակցելու ենք: ՀԱԿ-ն էլ իր հերթին է ուզում իր գաղափարները բերել խորհրդարան:

Անահիտ Բախշյանը նշում է, որ եթե ՀԱԿ-ն իրեն հայտարարում է ընդդիմություն, դա չի նշանակում, որ իրենք նույն գաղափարներն ունեն: Իսկ մարդիկ գաղափարների շուրջ են համախմբվում: Այնպես որ՝ ըստ տիկին Բախշյանի, ՀԱԿ-ի թեկնածուն եւ ՙԺառանգության՚ թեկնածուն մեծամասնականով կարող են առաջադրվել նույն ընտրատարածքում՝ ամեն մեկն իր տեսակետը, իր գաղափարախոսությունը, խնդիրների լուծման իր ճանապարհներն է  առաջարկելու, իսկ ժողովուրդը թող ընտրի:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի՝ թիվ 7 ընտրատարածքում մեծամասնականով թեկնածու առաջադրվելու հարցին՝ նա ասաց.

-Րաֆֆի Հովհաննիսյանը, բացատրեց, ասաց, որ ինքը նախապես չի իմացել, որ Նիկոլ Փաշինայնն էլ է այնտեղ առաջադրել իր թեկնածությունը, հակառակ դեպքում չէր դնի: Երբ որ իմացավ՝ մեծահոգաբար ասաց.«Տղա ջան, պայքարի Սամվել Ալեքսանյանի դեմ»:

Իսկ ինչ վերաբերում է նախընտրական շրջանին, ապա պատգամավորը հայտարարեց, որ այն սկսվել է ընտրակեղծիքներով, ընտրակաշառք բաժանելով, ճնշումներով, ահաբեկումներով.

-Ամեն կողմից լսում ենք, որ դպրոցներում, պոլիկլինիկաներում, պետական բոլոր մարմիններում ուղղահայաց ճնշում կա քաղաքացիների վրա, որպեսզի իրենք Հանրապետական կուսակցությանը ձայն տան: Այսօրվանից ցուցակագրում են եւ ինչ-որ բաներ են անում, որ մարդկանց ահաբեկեն: Կաշառք են բաժանում թե ԲՀԿ-ն, թե Հանրապետականը, հետեւաբար այս գլխից կարելի է ասել, որ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն չենք ունենալու:

Անահիտ Բախշյանը նշեց, որ մարտի 27-ին տարածել է ընտրակաշառքի մասին այն լուրը, որն իրեն փոխանցել են հեռախոսով.

-Ես հրավիրել եմ իրավապահների ուշադրությունը, հայտնել եմ այն մասին, որ Երեւանի այսինչ փողոցի  վրա Հանրապետականի կողմից բաժանվում է 8000-ական դրամ ընտրակաշառք, բաժանողի անունն Արսեն է, մականունը՝ Այվազ: Նաեւ տեղեկացրել եմ, որ նույն փողոցի մյուս ծայրին՝ ԲՀԿ գրասենյակի մոտ, Վալոդ անունով մեկն էլ 13 000-ական դրամ է բաժանում: Ես հայտնել եմ այս մասին, առայժմ ես այսքանը կարող եմ անել:

Հորդորելով բոլորին, որ պայքարեն այս ամենի դեմ՝  Ա.Բախշյանը նշեց, որ քաղաքացին  չպետք է ծախի իր ձայնը.

-Դա մարմնավաճառություն է, հոգեվաճառություն: Ձայնավաճառությունը նույնպես մարմնավաճառության ձեւ է՝ յուրաքանչյուր քաղաքացի դա պետք է գիտակցի:

Ալիսա Հակոբյան

Լուսանկարը՝ henaran.am-ի

Դիտումներ՝ 106