Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Գունագեղ, պայծառ ու ամենալուսավոր տոնի խորհուրդը միանշանակ պայծառ աչուկներով մանկիկներն են` լուսավոր ապագայի հավատով ու մանկության ոսկե երազը հիշեցնող ապրումներով:
Ամբողջ աշխարհում տոնը նշվել է 1950 թվականից՝ Կանանց միջազգային ժողովրդավարական ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Ստանալով ՄԱԿ-ի օժանդակությունը՝ 1949 թվականի նոյեմբերին կառույցն արտահերթ նիստ է հրավիրել եւ որոշում ընդունել` հունիսի 1-ը հռչակել Երեխաների պաշտպանության օր:
Ամեն տարի տոնը մեծ շուքով նշվում է նաեւ մեր երկրում: Տարվա ամենալուսավոր օրը գրեթե միշտ ուղեկցվում է մանկական ուրախ ու պայծառ միջոցառումներով, երեխաների գոհունակ ու անհոգ ժպիտներով, ուրախ տրամադրությամբ, որը հավասարաչափ ե°ւ երեխայինն է, ե°ւ մեծինը:
-Բնականաբար, բոլոր այդ միջոցառումները պետք է նպաստեն, որ երեխաները նոր բարեկամներ ձեռք բերեն, առողջ եւ հատուկ կարիքավոր երեխաների շփվեն իրար հետ, այն պետք է նպաստի երեխաների առողջ ապրելակերպին, ինչպես մեր, այնպես էլ համաշխարհային մշակութային արժեքներին ծանոթացնելուն,- տոնն է կարեւորում Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանաց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը եւ խորհուրդ տալիս ծնողներին. «Երեխան թեեւ փոքրիկ, բայց անհատ է, նրան պետք է վերաբերվել որպես հավասարը հավասարին եւ հարգել իրավունքները»:
6-ամյա Հայկը մեծ ոգեւորությամբ է խոսում տոնի խորհրդի, տոնական շքերթի ու այդ շքերթում իր հեքիաթային կերպարի մասին, հետո մանկական իր պատկերացումներով փորձում է բացատրել «պաշտպանություն» բառը. «Ինչպես որ հայրենիքն են պաշտպանում թշնամուց, այնպես էլ երեխաներին»: Տոնական փուչիկներն ու նույնքան տոնական զգեստն արդեն պատրաստ են: Տոնին Պատրաստ է նաեւ Հայկը, ու մեծ ոգեւորությամբ շտապում է բարեմաղթել մյուս մանուկներին` «Թող միշտ լինի խելքն ու արեւը, պապային ու մամային լսեն, ընկերներին օգնեն, միշտ լավը լինեն»:
7-ամյա Մանուշակի համար տոնի ընկալումն ամենից առաջ ուրախ տրամադրությունն է, մանկական շքերթը, ջրահարսի զգեստն ու զբոսայգին: Ապագայում բանաստեղծուհի դառնալու ցանկությունն է, իսկ մինչ այդ արտիստիկ ու անկաշկանդ շարժուձեւով տոնի առթիվ ուրախության, առողջության ու երջանկության իր բարեմաղթանքներն է բարձրաձայնում:
-Ես միշտ պատրաստ եմ փոքրիկների հետ գնալ այգի, իրենց հետ մանականամ, ուրախանամ,- ասում է թոռնիկին մանկապարտեզից տուն ուղեկցող Մարիամ Հովհաննիսյանը, ով տոնը հավասարաչափ նաեւ իրենն է համարում:
Իսկ իրականում ինչքանո՞վ են պաշտպանված մեզանում երեխաների իրավունքները, ո՞վ է առհասարակ նրանց առաջին պաշտպանն ու երաշխավորը: Երեխաները Հայաստանում զերծ են արդյո՞ք բռնություններից ու շահագործումներից: Արտաքուստ պարզ ու բացատրելի թվացող այս հարցերն իրականում շատ խնդիրներ են պարունակում:
-Երեխաների իրավունքները լիարժեք պաշտպանված չեն, հատկապես մեր մարզում: Երեխաները մեծանում են տնակներում ու չնայած նրանց հատկացվող նպաստը բարձրացել է, միեւնույն է, դա բավարար չէ նորմալ կենսապայամաններ ապահովելու համար: Չնայած ինչ երկրում էլ լինի, երեխաների իրավունքների բացարձակ պաշտպանության մասին խոսք լինել չի կարող,- նշում է Լուսինե Գինոսյանը եւ ավելացնում, որ բարեկեցության տեսակետից մենք հեռու ենք Նորվեգիայի ու Շվեդիայի նման երկրների հետ համեմատվելուց, բայց մենք էլ առավելության ունենք այն տեսակետից, որ մեզանում անչափահասների թմրամոլության ու շահագործման դեպքերը անհամեմատ քիչ են:
Երեխաների բռնությունների դեպքերը մեզանում թեեւ այնքան էլ շատ չեն, ու լինելու դեպքում հիմնական ուշադրության կենտրոնում ֆիզիկական բռնություններն են, բայց ծնողների կողմից անգամ երեխաներին անտեսելը ու ուշադրության չարժանացնեը բռնություն է որակվում նաեւ: «Այն եւս հանցանք է ու քրեորեն պատժելի է»,-ասում է Լ. Գինոսյանը: Իսկ ընդհանուր առմամբ, երախաների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերը Շիրակի մարզում համեմատաբար քիչ են: Չնայած մարզի սոցիալական վիճակը հաճախ բերում է երեխաների` ծնողների կողմից շահարկման: Այն արտահայտվում է դասերից բացակայելով եւ ինչ-որ աշխատանքի մեջ ներգրավվելով: Երբեմն էլ երեխան ինքնակամ, իր կրթության ու առողջության հաշվին, ծնողին օգնելու նպատակով որոշակի աշխատանք է կատարում, որ հիմնականում բնորոշ է գյուղական համայնքներին` գյուղատնտեսական աշխատանքի շրջանում:
Տիկին Գինոսյանը նշում է նաեւ, որ հայերս հաճախ գերհոգածություն ենք ցուցաբերում երեխաների նկատմամբ` դա որակելով որպես դրական երեւույթ, մինչդեռ այն վնասում է երեխայի ինքնահաստատմանը, ինքնադրսեւորմանը եւ ինքնագնահատականի ցածր լինելուն:Ամեն դեպքում, հունիսի 1-ը տոն է, տոն իր բոլոր ընկալումներուվ, իսկ այդ տոնականության լուսավոր ու գունեղ հեքիաթը այսօր շատերին է պակասում:
Մարինե Պետրոսյան




