… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Պայթյուն Հանրապետության հրապարակում. տխուր վերջաբան

546148_10150799626624284_69355249283_9411612_2079862436_n
04 Մայիս, 2012 22:05    |   


Այսօր երեկոյան, երբ Երեւանի Հանրապետության հրապարակում նախապատրաստվում էր իշխող` Հանրապետական կուսակցության քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքը, մոտ ժամը 19:50-ին հավաքված երեխաների եւ երիտասարդների ձեռքերի փուչիկները պայթեցին եւ հրդեհ բռնկվեց: Փաստորեն այդ փուչիկները իներտ գազով լցնելու փոխարեն լցված էին պայթուցիկ` այրվող գազով: Այս հրդեհը խուճապ է առաջացրել հրապարակում: Տարբեր տվյալներով 60-85 հոգի է վնասվածքներ եւ այրվածքներ ստացել հրդեհի եւ պայթյունի հետեւանքով, նրանց մեծ մասը շտապ օգնության մեքենաներով անմիջապես տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն եւ Աջափնյակում գտնվող Այրավածքաբանության հիվանդանոց:

Ըստ «Առավոտ» օրաթերթի հաղորդման, տուժածների մեծ մասը տարբեր բուհերի` մասնավորապես «Գլաձոր» համալսարանի երիտասարդներ են, որոնք գազով լցված փուչիկները ձեռքներին կապած ՀՀԿ-ի կազմակերպած համերգն էին ունկնդրում: Երեկոյան ժամը 21:40-ի դրությամբ, ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդման համաձայն, այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, «Արմենիա» բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, «Հերացի» թիվ 1 հիվանդանոց՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա: Միջադեպից հետո իր ելույթն է ընթերցել ՀՀԿ առաջնորդ Ս.Սարգսյանը, իսկ ավարտելուց հետո մի քանի պատգամավորների, առողջապահության նախարարի եւ այլ պաշտոնյաների հետ այցելել է հիվանդանոց տարված հիվանդներին, իսկ հրապարակում շարունակվել է նախատեսված համերգը: 

Այս մասին լուրերն առաջինը մոտ ժամը 20-ին տարածեցին www.1in.am, www.lragir.am, www.a1plus.am եւ www.tert.am կայքերը եւ facebօok սոցիալական ցանցը, մինչդեռ ՀՀ եւ երեւանյան հեռուստաընկերությունները լռում էին մեկ ժամից ավելի:

Հրապարակում հավաքված հանրության կարծիքը երկփեղկվել է այս կապակցությամբ. մի մասը համարում էր, որ հարկավոր էր հանրահավաքը անմիջապես ավարտել ու անվտանգության եւ փրկարարական միջոցառումներ իրականացնել, իսկ մյուսները կարծում էին, թե Ս.Սարգսյանը, այնուամենայնիվ իր ելույթը պիտի ունենար, անկախ ամեն ինչից:

Հիմնական լուսանկարը` panarmenian.net-ի

Տեսանյութերը կարող եք դիտել ստորեւ, դրանք հեռուստատեսությամբ չեն ցուցադրվել դեռ:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=5FupMeqEZLc

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=wO4AYv_QHDI

http://www.youtube.com/watch?v=eDLN56hbzpk&feature=player_embedded

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=KqfbJX7kU_s

Դիտումներ՝ 1,094