Մայիսի 30-ին, առավոտյան ինքնասպան է եղել Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչ, 62-ամյա Ռաֆիկ Պետոյանը` կախվելով իր տան ձեղնահարկում:
Փանիկի գյուղապետ Հրաչիկ Սալնազարյանից տեղեկացանք, որ Ռ.Պետոյանը դեպքի օրը վաղ առավոտյան տղայի հետ անասուններին ճանապարհել է դաշտ, այնուհետեւ վերադարձել են տուն: Կինն այդ ընթացքում նախաճաշ է պատրաստել եւ տեսնելով ձեղնահարկի դուռը բաց է, մոտեցել է եւ տեսել ամուսնուն կախված վիճակում:
Գյուղապետի խոսքերով, Ռ.Պետոյանը ամուսնացած է եղել, ընտանիքը զբաղվել է անասնապահությամբ, ԽՍՀՄ տարիներին խոպան է գնացել` գումար աշխատելու համար: Նա երեք երեխա ունի` 2 աղջիկ եւ մեկ տղա: Աղջիկներից մեկը գյուղում է ամուսնացած, մյուսը` ամուսնու հետ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ ինքը ապրում էր կնոջ եւ տղայի հետ:
-Իրենց ընտանիքում ջերմ հարաբերություններ էին եւ չեմ կռահում, թե ինչու է Ռ.Պետոյանը ինքնասպան եղել,-մեզ հետ զրույցում նշեց Փանիկի գյուղապետը: Մեր այն հարցին, թե վերջին օրերին ինչ-որ արտառոց վարք նկատվե՞լ է Ռ.Պետոյանի մոտ, գյուղապետը ժխտեց:
Անահիտ Սիմոնյան




