Գյումրիում նախընտրական պասիվ իրավիճակ է

«Մեզի աղքատ դարձնողները երես չունին էս քաղաք գալու»
Հանրապետության երկրորդ քաղաքում քարոզարշավի պասիվությունը դեռեւս պահպանվում է: Անգամ Գյումրու գովազդային վահանակների մեծ մասն է դատարկ: Պատգամավորի թեկնածուներն ամենաէժան տարբերակն են գտել. լուսանկարները փակցրել են քաղաքի որոշ շենքերի պատերին, կանգառներում:
Պատգամավորի աթոռին ձգտող թեկնածուները հեռուստատեսային գովազդն են ընտրում, ընտրազանգվածին միջոնորդավորված տարբերակով իրենց խոսքն ու խոստումը հասցնում:
ԱԺ պատգամավորի թեկնածուները քաղաքացիների հետ հիմնականում հանդիպում են հիմնարկների ներսում, ներկաները ծանոթ-բարեկամներն են, ընկերական շրջապատը: Թեկնածուների՝ ընտրազանգվածի հետ հանդիպումները փողոցում եւ բակերում այդքան էլ տարածված չեն:
Վերջին օրերին, ըստ մեր տեղեկությունների, թեկնածուներից մի քանիսը փորձել են դրսում հանդիպել քաղաքացիների հետ, սակայն բնակիչների թիվն այնքան քիչ է եղել, որ թեկնածուները փոշմանել են իրենց նախաձեռնությունից:
Շիրակից՝ հանրապետության ամենաղքատ մարզից ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների տարածքային վարկանիշային ցուցակով առաջադրվել է պատգամավորի 110 թեկնածու, մեծ մասն աշխատանք չունի: Մարզի առողջապահության եւ հանրակրթական ոլորտի ներկայացուցիչներն այս ընտրություններին ակտիվություն են ցուցաբերում: Պետական հիմնարկների տնօրեններ, բժիշկներ, մանկավարժներ եւս ընդգրկվել են ընտրացուցակներում:
Շիրակի մարզից տարածքային վարկանիշային ցուցակով առաջադրված համեմատաբար մեծ թվով թեկնածուներն ունեն «Հայկական վերածնունդ», Հայաստանի կոմունիստական կուսակցություններն ու հայ հեղափոխական դաշնակցությունը: Յուրաքանչյուրը Շիրակի մարզում ունի 15 թեկնածու: Թեկնածուների թվով ամենաքիչը Շիրակի մարզում առաջադրել է «Ելք» դաշինքն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ յուրաքանչյուրը՝ 7 քաղաքացի:
Մյուս դաշինքներից ու կուսակցություններից յուրաքանչյուրը Շիրակի մարզում առաջադրել է 12-14 թեկնածու:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որին գրեթե միշտ դժվար է եղել Շիրակի մարզում նախատեսած ձայներն հավաքել, առաջադրել է 13 թեկնածու:
Օրեր առաջ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հույս էր հայտնել, որ Շիրակի մարզից առաջադրված գոնե 3 թեկնածու կհաղթի եւ ԱԺ-ում պատգամավորի պաշտոն կունենա:
Հակառակ այս լավատեսության՝ Շիրակի մարզի՝ մասնավորապես Գյումրու բնակչությունը ընտրություններին մասնակցելու իմաստը չի տեսնում: Այստեղ համատարած անվստահության մթնոլորտ է, հիասթափություն:
«Էլ սիրտ ու հավես չունինք, ըսեք՝ ո՞ւմ ընտրենք: Մեր միակ փրկությունը ստեղից էրթալն է: Վերեւից արդեն որոշել են, թե ով պտի ընտրվի, մեր ձենն ո՞վ է բանի տեղ դնողը: Մեզի աղքատ դարձնողները երես չունին գալու էս քաղաք, մեր դեմքը տեսնելու: Աշխարհից, երկրից անջատված՝ մենք կապրինք մեր դարդով, կռիսների հետ ու ժանգոտ դոմիկների մեջ»,-ասում են Գյումրու բնակիչները:
Քաղաքական ուժերի կարկառուն ներկայացուցիները, մեր տեղեկություններով, Գյումրի կայցելեն ապրիլի 15-20-ից հետո՝ քարոզարշավի վերջին օրերին՝ հերթական սին խոստումների մասին խոսելու եւ հայտարարելու:
Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 140

Մեկնաբանել

comments