«Նա ծնվել էր որպես արվեստագետ»

Բացվեց Կառլոս Աբովյանի աշխատանքների ցուցահանդեսը

Հոկտեմբերի 30-ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց ճանաչված գեղանկարիչ Կառլոս Աբովյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված նրա 75-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված էին գեղանկարչի թվով 35 գործեր, որոնց մեծ մասը դիմանկարներ էին:  Սիրված համաքաղաքացու ու ընկերոջ մասին իրենց հուշերով կիսվեցին ներկաները:

«Ունենալ Կառլոս Աբովյանի նման քաղաքացի, պատիվ է ցանկացած վանաձորցու համար: Նա իր բնավորությամբ  շատ հակասական գծեր ուներ, սակայն այդ հակասականը օգտագործում էր շատ տեղին. լավի հետ լավ էր, վատն էլ չէր հանդուրժում: Ուր էր, թե մարդկանց մեծ մասն այդպիսին լիներ: Ափսոս, որ նա ֆիզիկապես մեզնից շուտ բացակայեց»,- նշեց կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը:

Նկարչի մտերիմներից պրոֆեսոր Մելս Սանթոյանը պատմեց. «Կառլոսը ձմեռ չէր սիրում: Երբ գնում էինք Վանաձոր, որ Կառլոսը էտյուդներ աներ, գարնան գլխին էինք գնում: Լոռվա ձորը նրա համար պաշտամունք էր: Նա հայ մեծագույն գեղանարիչներից մեկն է, որն իրեն կապկողներ ունեցել է, էլի կունենա, բայց ինքը չէր նմանվում ոչ մեկին: Կառլոսը համարյա բնանկար չունի, շատ էր սիրում կոմպոզիցիոն նկարներ, հատկապես Թումանյանի մոտիվներով էր նկարներ անում: Հրաշք են նրա՝ հատկապես կանացի դիմանկարները: Զարմանալի մարդ էր, մոր հետ այդքան կռվում էր, բայց սքանչելի մայրական դիմանկարներ ուներ»:

Հայկ Օհանյանը, ով նախկինում զբաղեցրել է Կիրովականի քաղկոմի քարտուղարի  պաշտոնը, հիշեց. «Նա բնատուր տաղանդի տեր արվեստագետ էր, մենք բոլորս կախարդված էինք  նրա նկարներով ու նրա մարդկային հմայքով: Կառլոսի արվեստանոցը դարձել էր քաղաքի այցեքարտը: Մեր բոլոր հյուրերին տանում էինք նրա արվեստանոց: Այնտեղ եղան Վիկտոր Համբարձումյանը, մարշալ Բաղրամյանը: Կարեն Դեմիրճյանն իմացել էր Կառլոսի մասին: Եկավ, գնացինք: Երկու ժամից ավել նրա արվեստանոցում էր: Նայեց նրա բոլոր նկարները: Հեռանալիս հարցրեց՝ Կառլոս, դու կոչում ունե՞ս, թե՝ չէ, դու արվեստանոց ունես, թե՝ չէ, իսկ արտասահմանում եղե՞լ ես, նա էլ թե՝ չէ: Կարեն Դեմիրճյանն ասաց. կոչում էլ կունենաս, արվեստանոց էլ կունենաս, արտասահման էլ կգնաս, դու արժանի ես»:

Նկարչի դուստրը՝ Անուշիկ  Աբովյանը եւս կիսվեց հուշերով. «Ես տաս տարեկան եմ եղել, երբ նա մահացել է: Բայց հիշում եմ, որ հայրիկի ստեղծագործելու ժամանակ հաճախ էի լինում արվեստանոցում եւ իմ աչքերի առաջ կտավը վերածվում էր ամբողջական ստեղծագործության: Նա բոլորին հայտի էր որպես խիստ ու պահանջկոտ անձնավորություն, բայց դրա հետ մեկտեղ շատ նուրբ հոգի ուներ»:

Գեղանկարիչ Գեւորգ Առաքելը նկարչի հասակակիցն է: Ասում է. «Մենք իրար հետ ենք սկսել, նույն տարիքի ենք: Մի քանի տարի մեր ստեղծագործական ընթացքն իրար հետ էր, բայց հետագայում եկավ մի պահ,  երբ մենք հեռացանք: Լուրջ պատճառ չկար, ուղղակի Կառլոսն ուզում էր առանձնանար: Որպես մարդ վեհերոտ էր, ամեն բանից հանկարծ հուզվում էր, տեղ-տեղ էլ խռովում, բայց այդ խռովելը հիմք ուներ: Նա ծնվել էր որպես արվեստագետ»:

Ավելացնենք, որ Կառլոս Աբովյանը ծնվել է 1937թ.-ին Վանաձորում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, որպես նկարիչ-ձեւավորող, աշխատել է Վանաձորի Քիմգործարանում: 1975թ.-ից ամբողջովին նվիրվել է գեղանկարչությանը: 1986 թ.-ին Չեխոսլովակիայում հրատարակվել է «Հայկական ներկապնակ» ալբոմը, որում Մինասի, Սարյանի աշխատանքների կողքին ներկայացվել են նաեւ նրա 5 աշխատանքները: Ունի շուրջ 700 աշխատանք, որոնք գտնվում են ինչպես թանգարաններում, այնպես էլ մասնավոր հավաքածուներում: Մահացել է 1992թ.-ին:

Գայանե Սարգսյան

________________________________

Բաժանորդագրություն.

Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.700 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 16.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, 3 եւ 1 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է առայժմ միայն Գյումրիում:

Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: 8 ամսվա ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:

Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք (0312) 50622, ձեզ կայցելի գործակալը:

Դիտումներ՝ 3

Մեկնաբանել

comments