Լ.Մկրտչյանն արձակուրդում է. մարզպետի գործելաոճի մասին կարծիք չկա

ԿԳՆ-ն կարծիքի փոխարեն տեղեկություն է ուղարկել
Ինչպես արդեն մի քանի անգամ հրապարակել էինք, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը մոտ մեկ ամիս շարունակ պահպանել էր լռություն եւ չէր հրապարակում Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի մրցույթի վերջնական արդյունքները: 
Այս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը կայացել էր հունվարի 24-ին: Մրցույթի երկու թեկնածուներն էլ՝ դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանն ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Նիկողոսյանը ստացել էին կառավարման խորհրդի հավասար ձայները՝ յուրաքանչյուրը՝ 4 կողմ, 4 դեմ: 10-օրյա ժամկետում մարզպետը պետք է պայմանագիր կնքեր թեկնածուներից մեկի հետ, սակայն ձգձգում ու չէր հրապարակում:

Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետի առաջարկությունը Շիրակի մարզպետարան հասել էր փետրվարի 6-ին, որից հետո լինելու էր մարզպետի որոշումը:
Մարզպետը վերջնական որոշումը հրապարակեց մարտի 2-ին՝ այս խնդրի մասին «Ասպարեզի» հրապարակումից 1-2 օր անց: Նա աշխատանքային պայմանագիր կնքեց ՀՅԴ-ական թեկնածու Արփինե Նիկողոսյանի հետ:
Մինչ մարզպետի այս որոշումը «Ասպարեզը» կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից մարտի 1-ին գրավոր խնդրել էր կարծիք՝ մարզպետի այս գործելաոճի եւ սահմանված կարգը խախտելու վերաբերյալ:
ԿԳ նախարարությունն այսօր է պատասխանել մեզ, եւ նախարար Լեւոն Մկրտչյանի կարծիքի փոխարեն ուղարկել որոշակի տեղեկություններ, որոնք մեզ համար նորություն չեն:
«2016 թվականի 26-ին ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ.Շահբազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ:
2017 թվականի հունվարի 24-ին անցկացված «Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը անցկացվել է ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի պահանջներին համապատասխան:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու, տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի արդյունքում տնօրեն նշանակելու գործընթացի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ Շիրակի մարզպետարան»,-պատասխանել է ԿԳՆ-ը:
Այս գրությունը ստացել ենք ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանի անունից, կատարող՝ Ռ.Հարությունյան:
Ռ.Հարությունյանից «Ասպարեզը» հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ նախարարի կարծիքի փոխարեն ուղարկել են նման տեղեկություններ:
Նախարարության աշխատակցուհին փոխանցեց, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն արձակուրդում է, ապա ներողություն խնդրեց ու ավելացրեց, որ դպրոցը մարզային ենթակայության է եւ մանրամասները կարող ենք իմանալ Շիրակի մարզետարանից:
Հետաքրքիր է՝ եթե արձակուրդում չլիներ ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը, ինչպիսի կարծիք էր ունենալու դաշնակցական մարզպետի աշխատաոճի մասին եւ ինչպիսի գնահատական էր տալու այս պատմությանը:
Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 237

Մեկնաբանել

comments