ՄԻՊ-ը ոստիկանության դեմ ստացել է 625 բողոք

Բերման են ենթարկել ու խոչընդոտել փաստաբանի մուտքը, լրագրողի աշխատանքը

Առաջին անգամ մայրաքաղաքում գործող կենտրոնը տարեվերջյան ասուլիսը կազմակերպեց եւ անցկացրեց հանրապետության երկրորդ քաղաքում: Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը` տեղակալների, մամուլի խոսնակի ուղեկցությամբ 2016-ի անցուդարձն ու ոլորտի հիմնախնդիրները ներկայացրեց ու ամփոփեց Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում: Ըստ պաշտպան Արման Թաթոյանի` այս նախաձեռնությունն ընդգծում է մարզերի կարեւոր դերը: «Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից մարզերին առաջնահերթ ուշադրություն դարձնելը պետք է արդիական լինի»,-նշեց Ա.Թաթոյանը:

2016-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է 4982 դիմում-բողոք, որից 1043-ը` գրավոր, իսկ 3939-ը` բանավոր: Քննարկված բողոքներով դրական լուծում է ստացել 236, իսկ արագ արձագանքմամբ` 195 գործ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ստորաբաժանումը կատարել է 198, իսկ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ստորաբաժանումը` 206 այց: Քաղաքացիների կողմից թեժ գծի հեռախոսահամարին կատարված զանգերի միջոցով տրամադրվել է ընդհանուր թվով 3647 խորհրդատվություն:

Քաղաքացիներից բանավոր ու գրավոր դիմումների գերակշռող մասը ՄԻՊ-ը ստացել է ոստիկանության դեմ: Այսպես` ըստ ՄԻՊ-ի տվյալների` 2016-ի ընթացքում` մինչեւ դեկտեմբերի 20-ը, ոստիկանության դեմ ստացել է 625, քրեակատարողական հիմնարկների` 300, քննչական կոմիտեի` 244, դատարանների` 230, պաշպանության նախարարության` 225, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` 146 եւ այլն:

ՀՀ ոստիկանության իրավասությանն առնչվող 625 գրավոր եւ բանավոր բողոքներն հիմնականում վերաբերել են ոստիկանության բաժիններ քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու, ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելու, լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն, հավաքների ազատության իրավունքի սահմանափակումներին եւ այլ խնդիրների:

ՀՀ քրեակատարողական հիմնարկների իրավասությանն առնչվող 300 գրավոր եւ բանավոր բողոքներն հիմնականում վերաբերել են բժշկական օգնության եւ պատշաճ խնամքի ապահովման, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելուն եւ այլն:

ՀՀ պաշտպանության նախարարության իրավասությանն առնչվող 225 գրավոր եւ բանավոր բողոքները հիմնականում վերաբերել են զորակոչի կամ զինվորական ծառայության ընթացքում զինապարտների առողջական խնդիրներին բժշկական եւ ռազմաբժշկական հանձնաժողովների կողմից զինծառայություններին կրկնակի բժշկական հետազոտության ենթարկելու, զինվորական ծառայությանը պիտանելիության հարցի որոշման եւ այլ խնդիրների:

Ա.Թաթոյանի խոսքով` խախտման յուրաքանչյուր դեպքից հետո պետական կառույցը պետք է շահագրգիռ լինի` վեր հանել եւ արմատապես վերացնել խնդիրները: Ըստ պաշտպանի` երբեմն աշխատակցի վատ վերաբերմունքի պատճառով հեղինակազրկվում է ամբողջ կառույցը:


Ա.Թաթոյանն ասում է` իր պաշտոնավարման օրվանից (այս տարվա փետրվարի 24-ից) մինչ այժմ խախտումների բացահայտման արդյունքում որոշ անձինք ազատվել են պաշտոններից կամ կասեցվել են վերջիններիս լիազորությունները, կարգապահական տույժի են ենթարկվել:

«Վատ վերաբերմունքի` դա նաեւ ծեծն է, բռնությունը, մեջ մեղադրվող ցանկացած պաշտոնատար անձի լիազորություն պետք է կասեցվի մինչեւ գործի քննության ավարտը, որպեսզի այդ անձը հնարավորություն չունենա որեւէ ազդեցություն ունենալու գործի վրա»,-ասում է պաշտպանը:

Հաջորդ տարեսկիզբ ՄԻՊ-ը կներկայանա որոշ զեկույցներով, այդ թվում` հուլիսյան դեպքերի:

Հաջորդ տարում նոր ծրագրեր են իրականացվելու ՄԻՊ-ի մարզային կենտրոնների համար: Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` մարզային կենտրոններին տրվելու է ինքնուրույնություն. չի բացառվում, որ հաջորդ տարի Լոռու եւ Տավուշի մարզերում եւս մեկական ստորաբաժանումներ ստեղծվեն, ՄԻՊ-ի Շիրակի տարածքային գրասենյակում 2 հաստիք է ստեղծվելու: Հաջորդ տարում ՄԻՊ-ի բյուջեն պակաս չի լինելու 2016-ի բյուջեի միջոցներից. նախատեսվող շատ փոփոխությունների կատարման համար ՄԻՊ-ի աշխատակազմն ընդլայնվելու է, ֆինանսական ապահովության առումով ՄԻՊ-ը խնդիրներ չունի, պետական միջոցները շարունակաբար ուղղվելու են այս կառույցին:

Շիրակի մարզից ՄԻՊ-ի աշխատակազմը ստացել է հիմնականում սոցիալական խնդիրների վերաբերյալ բողոքներ, այդ թվում` անօթեւանության, սեփականության իրավունքից բխող խնդիրներ, անհամաձայնություններ` դատարանների վճիռների եւ որոշումների հետ: Ա.Թաթոյանն ասում է, որ ինքը եւս հանրապետության 2-րդ քաղաքի անօթեւանության գերխնդրի կարգավորմամբ հետաքրքրված է եւ շահագրգռված է խնդիրը լուծել:

Առաջիկայում պաշտպանը նորից այցելելու է Գյումրի, մարզի բողոքներն համակարգվել են, դրանք խմբավորվել են, քննարկվելու են լուծման ուղիները:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 5

Մեկնաբանել

comments