ՄԻՊ-ի երկակի վիճակը

Այսօր միջադեպ է եղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: ՄԻՊ Արման Թաթոյանի՝ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցի ներկայացման ընթացքում մի քանի երիտասարդներ, որոնք ներկայացնում են քաղաքացիական հասարակությունը, պաստառներով մտել են ասուլիսի սրահ եւ դրանք փակցրել ամբիոնին:
Պաստառների վրա եղել են գրություններ ու նկարներ՝ նռնակի պայթյուն, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործողությամբ կադր: Պաստառներից մեկի վրա գրված է եղել՝ «ՀՀԿ իրավունքների պաշտպան»: Քաղաքացիական ակտիվիստներն այդ գրությունը թողել են նաև ՄԻ պաշտպանի դռան վրա:

ՄԻՊ աշխատակիցներն անմիջապես հեռացրել են ամբիոնին փակցված գրությունն ու նկարները, իսկ Արման Թաթոյանը սկզբում որեւէ կերպ չի անդրադարձել ակտիվիստների ակցիային. նա չի ընդհատել իր խոսքը եւ շարունակել է ներկայացել զեկույցը:

Հետո արդեն, լրագրողների հետ զրույցում, Արման Թաթոյանն անդրադարձել է ակտիվիստների բողոքի ակցիային եւ հայտարարել. «Ես ընտրվել եմ խորհրդարանի կողմից, այսօր կոշտ զեկույց եմ ներկայացրել հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ եւ հետեւողական եմ լինելու մինչեւ վերջ: Այն, որ ՀՀԿ-ն ինձ առաջադրել է, ոչ մի նշանակություն չունի, ես ընտրվել եմ, բացառվում է, որ կուսակցական շահեր պաշտպանեմ»: Նա նաեւ ավելացրել է, որ ինքը պարտավոր է լինել անկողմնակալ, օբյեկտիվ:

Տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն իրականության մեջ միայն ձեւականորեն է համապատասխանում այն դերին, ինչին կոչված է: Օմբուդսմենի համար, Արման Թաթոյանի ասած՝ «անկողմնակալ ու օբյեկտիվ» լինելը, շատ հարաբերական վիճակ է ու թվացյալ է այդ անկողմնակալությունն ու օբյեկտիվությունը: Հայաստանում նաեւ շատ բարդ է Մարդու իրավունքների պաշտպանի գործը:

Այո, ժամանակ առ ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանը (ինչպես գործողը, այնպես էլ նախորդները) երկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունների ու իրողությունների առիթով ներկայացնում են կարծես թե բավական համարձակ զեկույցներ, հնչեցնում իրականությանը մոտ գնահատականներ, մատնանշում իշխանությունների բացերն ու անօրինականությունները, սակայն այդ ամենը տեղի է ունենում կառավարելիության, թույլատրելիի սահմանված շրջանակում:

Հայաստանում ՄԻՊ-ի գործունեությունն ու դերակատարությունը նմանվում է կառավարելի ընդդիմության կատարած դերին. այսպես ասած՝ իշխանական պատվերի շրջանակում քննադատում են իշխանությանը, քանի որ հենց դա է իրենց դերն ու գործառույթը, ու հենց դրանով էլ ժողովրդավարության գոյության իմիտացիա ստեղծում:

Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի երկակի վիճակն ու բարդությունն հստակորեն երեւաց նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գործունեության ու հրաժարականի ժամանակ: Ի տարբերություն Արման Թաթոյանի, որը մինչ նշանակվելը պետական բարձր պաշտոն էր զբաղեցնում եւ ծառայում էր իշխանական համակարգին, Կարեն Անդրեասյանը կարծես թե ավելի ազատ ու անկաշկանդ էր, հասարակական շրջանակների կողմից ավելի ընկալելի ու ընդունելի, չնայած որ նշանակվել էր նախագահականից:

Թեեւ Կարեն Անդրեասյանն իր հրաժարակնի պատճառների մասին միայն ընդհանուր ձեւակերպումներ արեց, սակայն պարզ էր, որ դա կապված էր իշխանական ճնշումների հետ:

2015թ. հոկտեմբերին ԱԺ-ում ՄԻՊ-ի 2014թ. գործունեության եւ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցի շուրջ քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները խաչակրաց արշավանք սկսեցին Անդրեասյանի դեմ՝ սպառնալիքներով ու անձնական վիրավորանքներով: Հատկապես աչքի ընկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթը, որն անցնում էր բարոյականության ու պատշաճության բոլոր սահմանները: ՀՀԿ-ական արշավանքի պատճառն այն էր, որ ՄԻՊ-ը իր գնահատականներում ու քննադատության մեջ անցել էր իշխանության կողմից թույլատրելիի սահմանը, եւ չդիմանալով ճնշումներին, նա հրաժարական տվեց:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 102

Մեկնաբանել

comments