ՄԻՊ-ի` Գյումրու գիշերօթիկ կատարած այցի պատճառը

Վերջերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները չհայտարարված այց էին կատարել Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ:

ՄԻՊ աշխատակազմից հայտնել էին, որ այցի ընթացքում պաշտպանի աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել գիշերօթիկում բնակվող երեխաների հետ, ինչպես նաեւ  անմիջականորեն ծանոթացել են նրանց նյութակենցաղային ապահովվածության պայմաններին: Ուսումնասիրվել է երեխաների իրավունքների ապահովման վիճակը, նրանց նկատմամբ վերաբերմունքը:

Երեկ «Ասպարեզը» մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից որոշ մանրամասներ հարցրեց գիշերօթիկ կատարած այս պատահական այցի մասին, ինչպես նաեւ խնդրեց մեկնաբանել այցելության դրդապատճառը:

«Մենք անանուն ահազանգ էինք ստացել, որ այդտեղ երեխաների նկատմամբ դրսեւորվում է վատ վերաբերմունք, անպարկեշտ արտահայտություններ եւ այլն: Տեղի են ունեցել մանրամասն առանձնազրույցներ բոլոր երեխաների հետ` հատուկ մեթոդով եւ սկզբունքով, վատ վերաբերմունքի տվյալները մենք չենք հաստատել, այնտեղ որոշակի խնդիրներ կան պայմանների եւ այլ: Գործընկերների հետ աշխատում ենք, ճիշտ չէ հիմա գնահատել: Անանուն զանգ է եղել, մենք արձագանքում ենք` առավել եւս երբ երեխաների հետ է կապված»-ասաց Ա.Թաթոյանը:

Մի քանի ամիս առաջ ՄԻՊ-ում ստեղծվել է երեխաների իրավունքների պաշտպանության բաժին, որն ունի ռազմավարական նշանակություն, առաջիկայում ՄԻՊ-ը հրապարակելու է երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ լուսաբանման ուղեցույց:

Այս տարվա ընթացքում մշակվել եւ ընդունվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր սահմանադրական օրենք, այն կիրառության մեջ է դրվելու հաջորդ տարվա մարտ ամսից, առաջին անգամ սահմանվել է, որ պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաեւ երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում եւ պաշտպանություն:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 4

Մեկնաբանել

comments