Պարզաբանում ու մեկնաբանում է պաշտպանության նախարարությունը

«Պետք չի գունեղ դարձնել ամեն ինչ»

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության փոխգնդապետ Արմեն Նազարյանը «Ասպարեզի» հետ զրույցում տեղեկացրել է, որ Գյումրու բնակիչ ժամկետային զինծառայող Հուսիկ Կիրակոսյանը ներկայում ստացիոնար բժշկական օգնություն է ստանում Երեւանի կենտրոնական կլինիկական  զինվորական հոսպիտալի  քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում:

«Պառկած է, համապատասխան բուժում է ստանում»,-մեզ հետ զրույցում ասաց Ա.Նազարյանը: Նա հրաժարվեց տեղեկություն տրամադրել այն մասին, թե Հուսիկ Կիրակոսյանի  մոտ ի վերջո ի՞նչ հիվանդություն է ախտորոշվել: Ա. Նազարյանի փոխանցմամբ՝ Հ. Կիրակոսյանի առողջական վիճակը բավարար է:

ՊՆ«Իր մոտ եսիմ ինչ չկա, որ, ասենք, ծանր ենք գնահատում: Իր վիճակը բավարար է, համապատասխան բուժումն է ստանում…Հարգելիս, եկեք ես Ձեզ չասեմ ախտորոշումը, որովհետեւ իրավական առումով իրավունք չունեմ մեկ անձի ախտորոշումը ուրիշ անձի ասելու: Իր մոտ վտանգավոր ախտորոշում չկա: Սովորական պրոցես է, որը շատերի մոտ է լինում: Եթե իրան հոսպիտալացրել են, ուրեմ ինչ-որ պրոցես կա»,-ասաց պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության փոխգնդապետը:

Մեր նախորդ հրապարակումներում տեղեկացրել էինք, որ Հուսիկ Կիրակոսյանի մոտ ախտորոշվել է բրոնխիտ՝ սրացումով: Այս մասին մեզ ասել էր զինվորի մայրը:

Հուսիկ Կիրակոսյանի մայրը՝ Ալվարդ Կիրակոսյանը, «Ասպարեզի» հետ զրույցում բազմիցս նշել է, որ որդին առողջական խնդիրներ մանկուց է ունեցել եւ ծառայության մեկնել է առողջական խնդիրներով՝ մեկ տարի ուշ: Երբ այս մասին մեկնաբանություն խնդրեցի Ա. Նազարյանից, նա պատասխանեց.

«Եթե ես ունեմ անգինա, ինչի՞ց է առաջացել, կարա՞ք ասեք…Հիմա մենք չենք կարա ասենք, թե ծառայության ոնց ա գնացել, ոնց չի գնացել»:

Այն հարցին, թե Հուսիկ Կիրակոսյանը դեռ որքան է շարունակելու ստացիոնար բուժում ստանալը, Արմեն Նազարյանը նշեց, որ դա նեղ մասնագիտական հարց է եւ ինքը չի կարող պատասխանել: Միաժամանակ ավելացրեց, որ համապատասխան բժշկական օգնությունից հետո Հուսիկ Կիրակոսյանը շարունակելու է զինվորական ծառայությունը: Նազարյանը հորդորեց. «Պետք չի գունեղ դարձնել ամեն ինչ»:

Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության փոխգնդապետ Արմեն Նազարյանի լավատեսական պատասխաններին զուգահեռ, Հուսիկ Կիրակոսյանի մայրը՝ Ալվարդ Կիրակոսյանը, շարունակում է բարձրաձայնել այն մասին, որ իրեն զինվորական հոսպիտալից հստակ պատասխաններ չեն տալիս որդու հիվանդության եւ առողջական վիճակների մասին: Ա. Կիրակոսյանը պնդում է, որ տղայի վիճակը գնալով վատանում է. «Ներվերն են ստուգել, երկու-երեք օր էլ սոսկալի գլխացավեր ունի: Ինչ-որ դեղեր են տվել, որ անընդհատ քրտնացնում է, վախենում եմ, որ թոքաբորբ ունի: Հիմա տոկեր է ընդունում քթի եւ կոկորդի թարախի համար: Չգիտեմ` ինչ պտի էղնի իմ երեխիս վիճակը, զանգ կուդամ` ագրեսիվ է, չի խոսա: Նոր մի քիչ առաջ էլ հետը խոսացի ասեց, որ էլի վատ է»,-մարտի 8-ի երեկոյան «Ասպարեզի» հետ զրույցում պատմել էր Ա. Կիրակոսյանը:

Արմեն Նազարյանից նաեւ հետաքրքրվել էինք, թե իսկապես Հուսիկ Կիրակոսյանին մատուցած ծառայությունների մեջ ներառված է ֆիզիոթերապիան (մայրը ասել էր՝ տոկեր է ընդունում.-հեղ), ռազմաբժշկական վարչության ներկայացուցիչը սա եւս անձնական գաղտնիք համարեց:

Հուսիկ Կիրակոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, երբ նա արձակուրդով եկել էր Գյումրի: Տանը նա ինքնագիտակցությունը կորցրել էր: Նրան տեղափոխել էին զինվորական հոսպիտալ: Դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 22-ի երեկոյան: Մինչ այդ` 2016 թվականի աշնանը, Արցախի հոսպիտալում հեռացրել էին Հուսիկի նշաբորբերը: Նա ծառայում է Ջեբրայիլում:

Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 114

Մեկնաբանել

comments