Երբ անբարոյականն է դիմացիններին անբարոյական համարում

Պարզվում է՝ ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորիստ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը) հիասթափված է: Ու ոչ միայն հիասթափված է, այլեւ անբարոյական է համարում այն լրատվամիջոցներին, որոնք գրել են իր քարոզարշավի ժամանակ ապրիլյան դեպքերին զոհված զինվորի մորը օգտագործելու մասին:

Այդ փաստը վերջին երկու օրերին հանրային լայն հնչեղություն էր ստացել, խիստ քննադատության ենթարկվել ոչ միայն լրատվամիջոցների, այլեւ հանրային ու քաղաքական շրջանակների կողմից: Օրինակ, պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը քաղաքական ուժերին եւ թեկնածուներին կոչ էր արել զոհված զինվորների ծնողներին չներքաշել իրենց քարոզարշավների մեջ. «Վեր կանգնեք դրանից, որեւէ ձայն կամ մանդատ չարժեն` նման արարք թույլ տալու համար: Ես ուղղակի պահանջում եմ բոլոր կուսակցություններից եւ թեկնածուներից, առավել եւս իշխող ՀՀԿ-ից՝ նման բան այլեւս թույլ չտալ»:

Քննադատելուց զերծ չէին մնացել նաեւ Միհրան Պողոսյանի կուսակից հանրապետականները:

Զոհված զինվորի մորը քարոզչական նպատակներով օգտագործելը, նրա ընտանիքին օգնելու համար բեմահարթակից վերջինիս շնորհակալական խոսքը ի ցույց դնելը համարվել էր անթույլատրելի ու ամենավերջին անբարոյականությունը: Շատ քաղաքացիներ այնքան էին զայրացել դրանից, որ պահանջում էին Միհրան Պողոսյանի ինքնաբացարկը եւ ընտրական ցուցակներից հանելը:

Դիպվածը տեղի էր ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որտեղ  հայտնի օֆշորիստը քարոզարշավ էր իրականացնում: Մի քանի ելույթից հետո բեմահարթակին էր մոտեցել նաեւ ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողի մայրը, գովել եւ  շնորհակալություն հայտնել Միհրան Պողոսյանին` իրենց ընտանիքին դժվար պահին օգնելու համար:

Երեկ Միհրան Պողոսյանը Aysor.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե իբր դա կազմակերպված չի եղել, թե իբր կինն իր ցանկությամբ է եկել ու ելույթ ունեցել հանդիպմանը ու անբարոյական է համարել այդ մասին բարձրաձայնած լրատվամիջոցներին. «Հիասթափված եմ, որովհետեւ եթե մարդը պարզապես մոտենում է, տեսեք՝ այս մայրիկի հետ ես չխոսեի՞, եթե այս մայրիկը գար, վերցներ խոսափողը ու որոշակի բան ասեր, թույլ չտայի՞: Եթե մարդը բարձրաձայնում ա մի բան, եթե ուզում ա խոսք ասի, էն էլ հերոսի մայրը գալիս ա, խոսք ա ասում եւ այսօր դա սարքվում ա սեւ PR Պողոսյան Միհրանի նկատմամբ, գիտեք դա արդեն անբարոյականություն ա»:

Ասենք, որ զոհվածի մայրն էլ է լրատվամիջոցներին ասել, թե ինքն իր ցանկությամբ է եկել ու ելույթ ունեցել: Հասկանալի է, որ այդպես էլ պետք է ասվեր: Բայց դե մենք լավ գիտենք, թե ինչպես են կազմակերպվում նման «ինքնաբուխ» ելույթները ու շնորհակալական խոսքերը: Կազմակերպված լինելու փաստը ակնհայտ երեւում է նաեւ այդ օրվա հանդիպման տեսագրությունից՝ հավաքը վարող կնոջ, Միհրան Պողոսյանին նրա դիմելու, վերջինիս շարժուձեւերի, զինվորի մոր՝ բեմահարթակին մոտենալու, սառած հայացքի կադրերից:

Հ. Կիրակոսյան

Լուսանկարը՝ aravot.am

Դիտումներ՝ 84

Մեկնաբանել

comments