«Անձը չի կարող զրկվել իր վերջին կացարանից»


Հնարավո՞ր է վարկ վերցնելու եւ այն հետագայում փակել չկարողանալու դեպքում խուսափել ԴԱՀԿ-ի կողմից անձի՝ գույքի վրա արգելանք դնելուց:
Հարցին պատասխանում է փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

-Օրենքը թույլ չի տալիս խուսափել դրանից: Հակառակ դեպքում կնախատեսվեր նորմ, որով անձը դատական ակտը չպետք է կատարեր: Եթե քաղաքացին վարկ է վերցրել եւ այդ գումարը սահմանված ժամկետում չի վճարել, ստացվում է՝ խախտել է պայմանագիրը եւ եթե բանկը դիմել է դատարան, գումարի բռնագանձման վճիռն առկա է, ուրեմն այն պետք է կատարվի:
Հիպոթեքային վարկ վերցնելու դեպքում բնակարանը կարող է գրավի առարկա դառնալ. բռնագանձումը կտարածվի այդ գույքային միավորի վրա: Վերջերս ի հայտ եկավ միակ բնակարան հասկացությունը, որի բռնագանձումը պետք է իրականացվի օրենսդրությամբ սահմանված կարգով. կոպիտ ասած՝ անձը չի կարող զրկվել իր վերջին կացարանից: Եթե անձն ունի գույք եւ այն թաքցնում է, հարկադիր կատարողը գույքի հետախուզում է հայտարարում, պետական հիմնարկներ՝ ներառյալ բանկային հաստատություններ է ուղարկում տվյալներ այդ անձի վերաբերյալ, որպեսզի պարզ լինի՝ արդյո՞ք վարկը չփակած անձն ունի որեւէ գույքային միավոր: Հավելեմ՝ այն դեպքում, երբ անձը դրամական միջոցներ կամ գումար չունի, ուրեմն գումար չի բռնագանձվի, կամ ինքը որեւէ տեղ չի աշխատում, ուրեմն դատարանի վճիռն անկատար կմնա եւ չի լինի գույք, որի վրա հնարավոր կլինի բռնագանձում տարածել:

Պատրաստեց Անահիտ Սիմոնյանը

Լուսանկարը՝ Ա.Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Դիտումներ՝ 57

Մեկնաբանել

comments