Մեր եզակի մխիթարություններից մեկը

Արդեն պատկերավոր խոսք է դարձել «Հայ ազգի միակ մխիթարությունը մնացել է Հենրիխ Մխիթարյանը» արտահայտությունը: Իր էության մեջ այս խոսքն ունի երկու հակադիր շերտ: Մի կողմից՝ այն Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային հաջողությունների գնահատականն է եւ հայերիս ուրախությունն համաշխարհային ֆուտբոլում մեր ֆուտբոլիստի հեղինակության աճի ու հաջող ելույթների համար, մյուս կողմից՝ այդ արտահայտությունը ցույց է տալիս հայոց կյանքի տխուր պատկերը, այն, որ բացի Հենոյի ֆուտբոլային փայլից, ուրախանալու ու մխիթարվելու այլ առիթներ չունենք:

Հենրիխ Մխիթարյանը դարձել է ոչ միայն հայ ֆուտբոլային ու ոչ ֆուտբոլային հանրության քննարկման հիմնական թեմաներից մեկը. նրա անունը հոլովվում է նաեւ պետական-քաղաքական գործիչների ելույթներում:

Իր հայտնի ելույթում Հենոյին անդրադարձել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ այն ավարտելով հետեւյալ խոսքով. «…ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է»։

Թերեւս չցանկանալով ետ մնալ առաջին նախագահից, Սերժ Սարգսյանն էլ է օրերս իր ելույթներից մեկում հիշատակել Մխիթարյանի անունը: Ճիշտ է, նա այլ կոնտեքստով ու այլ առիթով է անդրադարձել Հենոյին: Հայաստանի տասը լավագույն մարզիկների մեծարման եւ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ նա ասել է. «Ես վստահ եմ, որ նույնիսկ Հենրիխ Մխիթարյանի երեկվա գոլը հազարավոր երիտասարդների, երեխաների հպարտություն է ներշնչել»:

Ի դեպ, համաշխարհային մամուլում մեծ արձագանք է ստացել այն փաստը, որ Հենրիխ Մխիթարյանը չի հայտնվել Հայաստանի 10 լավագույն մարզիկների այս տարվա ցանկում: Մասնավորապես, Բրիտանական հեղինակավոր Goal.com ինտերնետ-պարբերականն է իր հոդվածներից մեկում գրում այդ մասին՝ շատ խոսուն վերնագրով. «Անարգանք Հայաստանում. Մխիթարյանը բացակայում է լավագույն մարզիկների տասնյակից». «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը իր երկրի ամենահայտնի մարզիկներից մեկն է, բայց արհամարհվել է իր հայրենակից մի խումբ լրագրողների կողմից, որոնք կազմել են 2016 թվականի լավագույն մարզիկների ցանկը»,- գրված է հոդվածում:

Այս հոդվածը գրվել է այն բանից հետո, երբ Հենրիխ Մխիթարյանը «Սանդերլենդի» հետ խաղում «կարիճ» հարվածով փայլուն գոլի հեղինակ դարձավ: Ի դեպ, Ֆրանս ֆուտբոլի վարկածով այն հավակնում է դառնալ տարվա լավագույն գոլի հաղթողը:

Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում Մխիթարյանի չհայտնվելը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել նաեւ Հայաստանում, չնայած այն բանին, որ նա նույն մարզական լրագրողների կողմից 7-րդ անգամ ճանաչվել էր տարվա լավագույն ֆուտբոլիստ, եւ իրականում կարիք էլ չուներ 10 լավագույնների ցուցակում տեղ գրավելու: Այս առիթով, թերեւս առաջին անգամ, չի կարելի չհամաձայնել ՀՖՖ-ի տխրահռչակ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքին. «Զուրկ է բարոյականությունից նաեւ այն, որ նույն քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողների գերակշիռ մեծամասնությունը իրենց պրոֆեսիոնալ «բիզնեսն» ամեն օր սկսում են ֆուտբոլով, Հենրիխ Մխիթարյանով եւ ավարտում ֆուտբոլով՝ նույն Հենրիխ Մխիթարյանով»:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 2

Մեկնաբանել

comments