Լոռու մարզպետն ու Վանաձորի քաղաքապետն արձագանքել են

«Ասացին, որ իրենց անձնական միջոցներով ինձ վիրահատելու են»

Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք Վանաձորի թիվ 90 հանրակացարանում բնակվող Լիլիթ Ստեփանյանի առողջական եւ սոցիալական խնդիրներին:
Խնդիրների մասին «Ասպարեզի» խմբագրությանը նամակ էր ուղարկել քաղաքացիներից մեկը:

«Լիլիթ Ստեփանյանը տառապում է սուր վարիկոզ հիվանդությամբ, որի պատճառով բժիշկը խստիվ արգելել է աշխատել: Նա ունի երկու անչափահաս որդի, որից փոքրը մանկուց հաշմանդամ է: Մեր զրույցի ընթացքում տիկինը պատմեց, որ տարիներ շարունակ գիշերները փողոց է ավլել, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքի ծաղկանոցում է աշխատել մինչեւ հիվանդության սրվելը: 8-ամյա երեխան ծնվել է նապաստակի շրթունքով, գայլի երախով, 3 անգամ վիրահատվել է, եւ մինչեւ չափահաս դառնալը նրան սպասվում է եւս մեկ վիրահատություն»,-գրել էր նամակագիրը:

Մեր՝ «Հիվանդ կնոջը չեն օգնում մարզպետն ու քաղաքապետը» հոդվածից հետո, ըստ Լիլիթ Ստեփանյանի, Վանաձորի քաղաքապետն ու Լոռու մարզպետն հետաքրքրվել են ընտանիքով,  խոստացել վիրահատության, դեղորայքի, կտուրի վերանորոգման խնդիրները լուծել:

«Ասացին, որ իրենց անձնական միջոցներով ինձ վիրահատելու են, դեղորայքիս հարցն են լուծելու, հետո էլ կտուրն են սարքելու, ինձ օգնելու են, խնդրում եմ գրել, որ ես շնորհակալ եմ ձեզնից էլ, իրենցից էլ»,-փոխանցեց կինը:

Դեռ մի քանի օր առաջ «Ասպարեզի» հետ զրույցում 46-ամյա Լիլիթը պատմել էր, որ զրկվել է աշխատանքից հիվանդության պատճառով, կնոջ հավաստմամբ, միակ եկամուտը որդու հաշմանդամության թոշակն ու ընտանեկան նպաստն են: Ապրում են սոցիալապես ծանր պայմաններում:

«Ես իմ հասանելիք դեղերը չեմ կարող ստանալ, փոքր տղայիս հիվանդության խնդիրներն էլ չեմ կարող լուծել»-մեր նախորդ հոդվածում պատմել էր կինը եւ վստահեցրել, որ երկար տարիներ Վանաձորի կանաչապատման աշխատանքներում է ընդգրկվել, շատ է աշխատել: Լիլիթի խոսքով՝ այս հիվանդությունը ձեռք է բերել հենց դժվար աշխատանքի արդյունքում:

«Հիվանդ կնոջը չեն օգնում մարզպետն ու քաղաքապետը» հոդվածում հրապարակել էինք նաեւ կնոջը խնդրանքը մերժելու մասին փաստաթղթղերը:

Փետրվարի 15-ի թվագրությամբ Վանաձորի համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը պատասխանել էր կնոջ նամակին՝ գրելով.

«Ձեր խնդրանքը քննարկվել է Վանաձորի համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող հանձնաժողովում:

Համայնքի բյուջեի համապատասխան հոդվածով ֆինանսական միջոցների բացակայության պատճառով Ձեր ընտանիքին ֆինանսական օգնություն ներկա պահին հատկացնել հնարավոր չէ:

Հաշվի առնելով Ձեր ընտանիքի սոցիալական վիճակը Ձեր տվյալները հաշվառված են համայնքապետարանի քարտուղարության, տեղեկատվության եւ աշխատանքի բաժնում:

Հնարավորության դեպքում հետամուտ կլինենք Ձեր ընտանիքին ընդգրկելու որեւէ բարեգործական ծրագրում»:

Իսկ ավելի վաղ՝ 15.12.2016 թվագրությամբ կնոջը պատասխանել, մերժել ու ներողամտությունն էր հայցել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

«Ֆինանսապես աջակցելու Ձեր խնդրանքը, ցավոք բավարարել չենք կարող՝ համապատասխան միջոցների բացակայության պատճառով: Հայցում եմ Ձեր ներողամտությունը»:

Անելանելի վիճակում հայտնված կինը խնդրել էր հրապարակել անձնական հեռախոսահամարը՝ ակնկալելով բարի մարդկանց օգնությունը:

Ըստ կնոջ՝ Լոռու մարզպետն ու Վանաձորի քաղաքապետն առաջինն են եղել, որ արձագանքել են ու օգնելու ցանկություն հայտնել:

Ա.Նալբանդյանի լուսանկարը՝ Լոռու մարզպետարանի

Մ.Ասլանյանի լուսանկարը՝ ֆեյսբույքան էջից

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 55

Մեկնաբանել

comments