Մարտի 1. հարցականներ չկան, բայց հարց կա

Մարտի 12008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին անցած 9 տարիների ընթացքում շատ է խոսվել ու գրվել. գրվել է իրադարձությունների ժամանակագրության, քաղաքական իրավիճակի, պատճառների ու հետեւանքների, դրա բնույթի ու դասերի, կազմակերպիչների ու պատասխանատուների մասին: Այդ բոլոր դրվագներով ահռելի փաստական նյութ է կուտակվել ու հրապարակվել, կարծես դրանցում շատ հարցականներ չկան, քանի որ լավ հայտնի են թե իրադարձությունների զարգացման ընթացքը, թե դերակատարները, թե հանգուցալուծման ընդհանուր տրամաբանությունն ու շահառուների շրջանակը:

Մարտի 1-ը ժողովրդի դեմ իրագործված ահաբեկչություն էր, նաեւ պետական հեղաշրջում: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ռեժիմի մյուս անդամները զենքի ուժով, սպանությունների միջոցով ճնշեցին աճող ժողովրդական շարժումը եւ պահեցին իշխանությունը: Սա է մարտի 1-ի հակիրճ բնութագիրը:

Մարտի 1

Այս ամենով հանդերձ, իրավական տեսակետից մարտի 1-ի հանցագործությունները մնում են չբացահայտված, հանցագործները՝ ազատության մեջ: Արդեն բանաձեւի արժեք է ստացել այն միտքը, որ մարտի 1-ը չի բացահայտվի եւ պատասխանատուները չեն պատժվի, քանի դեռ գոյություն ունի այս ռեժիմը, քանի դեռ իշխող կլանը՝ իր այս կամ այն թեւով, գտնվում է իշխանական ղեկին, քանի որ կազմակերպիչներն ու պատասխանատուները գտնվում են այդ կլանի մեջ՝ նրա տարբեր թեւերում:

Տարիներ առաջ մի ցուցակ էր հրապարակվել, որտեղ նշված էին այդ կազմակերպիչների ու պատասխանատուների անունները, որոնք այս կամ այն ձեւով ու չափով դերակատարություն են ունեցել մարտի 1-ի ոճրագործությանը: Այդ մարդկանց մի մասն այսօր նախընտրական պայքարի մեջ է, քաղաքական դաշինքներ ու կուսակցություններ են առաջնորդում՝ խորհրդարան մուտք գործելու համար: Նրանք ՀՀԿ-ի մեջ են, ՀՎԿ-ՕԵԿ-ի, ՕՐՕ, «Ծառուկյան» դաշինքներում:

Մարտի 1Ժամանակ առ ժամանակ մարտի 1-ի թեմայով խոսակցություններն ակտիվանում ու թեժանում են: Դրանք լինում են քաղաքական գործընթացների սրացման ժամանակահատվածներում, առավել եւս՝ նախընտրական շրջաններում: Այս օրերին եւս հաճախակի են դարձել մարտի 1-ի անդրադարձները, գերազանցապես կապված ընտրապայքարի մեջ մտած երկու գործիչների՝ Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի հետ: Նրանց անուններն էլ կան վերը նշված ցուցակում, ընդ որում՝ բավականին բարձր ու «պատվավոր» տեղերում:

Լրագրողները, հասարակական ու քաղաքական գործիչները նրանց մշտապես հիշեցնում են մարտի 1-ի, դրանում իրենց դերակատարության, պատասխանատվության մասին: Վերջիններս էլ փորձում են արդարանալ՝ ընթացքում նաեւ զարմանալի հայտարարություններ անելով: Օրինակ, ասում են՝ եթե իրենք գան իշխանության, ապա մարտի 1-ը կբացահայտեն: Կամ, հայտարարում են, թե մարտի 1-ի պատասխանատուն գործող իշխանությունն է (կարծես իրենք ժամանակին մաս չեն կազմել այդ իշխանությանը):

Մարտի 1-ը կբացահայտվի ռեժիմից ու դրա տարբեր թեւերից զերծ իշխանության ժամանակ:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 39

Մեկնաբանել

comments