Մանկավարժ «խադավիկը»

 Մրցակցային ոլորտի գաղտնիքը

Վերջին տարիներին մրցակցային են դարձել ավտոփականագործի (խադավիկի) մատուցած ծառայությունները:

Այսօր Գյումրիում կա 10-ից ավել ավտոսպասարկման կետ, որտեղ միայն մեքենաների՝ անզեն աչքով հետազոտելու արժեքը սկսվում է երկու հազար դրամից:
Գյումրեցի Պողոս Սողոյանը մատուցում է «խադավիկի» ծառայություններ: Մասնագիտությամբ մանկավարժ-ֆիզիկոսն արդեն տասը տարուց ավել է՝ զբաղվում է ավտոմեքենաների «հիվանդությունների» ախտորոշման եւ «վերակենդանացման» աշխատանքով:
«Սխալ էր մանկավարժի մասնագիտության ընտրությունս, հետո հասկացա: Երեւի պետք է ռադիոմեխանիկի մասնագիտություն ընտրեի: Ինձ չեմ տեսնում որպես մանկավարժ, բայց կրթությունս էսօրվա իմ գործի մեջ շատ օգուտ է: Համարյա ամեն օր օգտագործում եմ երկրաչափական գիտելիքներս, զգում եմ, որ շատ օգտակար են»,-ասում է նա:
Պ. Սողոյանը 1997-2002 թթ.-ը սովորել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետում: Պատմում է, որ դպրոցը գերազանց ավարտելուց անմիջապես հետո միայն բանավոր քննությամբ ընդունվել է ինստիտուտ, բայց ուսանողական տարիներից իրեն միշտ ձգել է հոր ավտոտեխսպասարկման արհեստանոցը: «Մինչեւ հիմնովին էս գործի մեջ անցնելը, կարճ ժամանակով գալիս էի՝ պապային էի օգնում»,-ասում է:

 
Պողոս Սողոյանն այս աշխատանքին ամեն օր հատկացնում է 11-12 ժամ: Անկեղծանում է՝ աշխատանքը ծանր է ու հոգնեցնող, բայց մեծ պատասխանատվությամբ է վերանորոգում յուրաքանչյուր ավտոմեքենա: Կես կատակ, կես լուրջ էլ ասում է, որ իր սեփական ավտոմեքենայի վերանորոգումը միշտ ձգձգում է:
«Ամեն մե բոլտը, կլուճը ձգելուց ուշադրություն է պետք՝ վերին աստիճանի: Մարդու կյանքի հետ գործ ունիմ»,-մեծ պատասխանատվությամբ նշում է գյումրեցի «խադավիկն» ու ավելացնում,-«իմ ավտոն միշտ հետին պլանում է: Ասում եմ՝ մնա վաղը, մնա մյուս օրը կնայեմ, կսարքեմ…»
«Խադավիկի» գործը Գյումրիում այնքան էլ ձեռնտու չէ, սակայն Պողոս Սողոյանը չի դժգոհում: Ասում է՝ հնարավոր է ընտանիք պահել, բայց աշխատանքը ժամանակատար է:
«Մեկի ավտոն, որ լավ սարքում ես, գործը խոսքի մեջ տարածվում է: Բավականին մրցակցային ոլորտ է, 10-ից ավել կետ կա, որը մեր քաղաքի համար շատ է»,-նշում է ավտոփականագործը:
Պողոս Սողոյանն ասում է, որ մեկ ավտոմեքենան վերանորոգելու համար միջինն անհրաժեշտ է մեկ շաբաթ, եթե լուրջ խնդիրներ չկան: Յուրաքանչյուր մեքենայի վրա աշխատանքներ սկսելուց առաջ նախ համացանցով փորձում է տեղեկություններ ստանալ մեքենայի արտադրության եւ պահեստամասերի վերաբերյալ:
«Եվրոպական, ամերիկական ավտոների վրա փոփոխությունները շատ է: Միշտ պետք է հետաքրքրվիս, որ հետ չմնաս, նորույթների հետ առաջ շարժվիս: Էս գործը միշտ փոփոխվող է, ռոբոտացված չէ: Եթե չհետաքրքվես, մրցակցությանը չես դիմանա»,-նշում է Պողոս Սողոյանը եւ ավելացնում, որ գյումրեցիները հիմնականում նախընտրում են վարել «Օպել» կամ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Արհեստավորը նաեւ ասում է, որ գյումրեցի վարորդները տարբեր են՝ պարտաճանաչ ու ոչ պարտաճանաչ:
«Տարբեր տեսակի մարդիկ կան: Կան, որ հետեւում են կիլոմետրերի ընթացքին. կան, որ նախընտրում են ֆիլտրերը, որակով մասեր կտեղադրեն: Կան, որ հետեւողական չեն, մինչեւ այն պահը, որ ավտոն էլ տեղից շարժել չի լինում: Արհեստավորի մոտ չբերելը նաեւ փողից է կախված»,-ասում է զրուցակիցս եւ ավելացնում, որ մեքենաների անսարքության հիմնական պատճառներից մեկն էլ Գյումրու անանցանելի փողոցներն են: Հիմնականում շարքից դուրս են գալիս ընթացքն ապահովող տեխնիկասարքավորումները:
«Ճանապարհների հետ կապված միշտ պաչեւնիկների ու շառավոների խնդիր կա»,-ասում է:
Չնայած ծանրաբեռնված աշխատանքին՝ «խադավիկ» Պողոսի աչքից չեն վրիպում երկրում տեղի ունեցող քաղաքական, սոցիալ-տնտեսական սուր փոփոխությունները. թեկուզ արհեստանոցում, բայց պարտաճանաչ ամեն օր հետեւում է օրվա լրահոսին:
«Ռադիոն եւ հեռուստատեսությունը միշտ միացրած է, լուրերը միշտ նայում եմ, որ մինիմալ տեղյակ լինեմ երկրում կատարվող իրադարձություններին»,-եզրափակում է:

Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 466

Մեկնաբանել

comments