Մանկատները, գիշերօթիկները վերակազմակերպվում են

Երեխաների հանդեպ խտրական վերաբերմունքն ու ՄԻՊ-ը

Ինչպես արդեն հրապարակել էինք, նախորդ տարեվերջին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները չհայտարարված այց էին կատարել Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի փոխանցմամբ` այցելության պատճառը եղել է անանուն ահազանգը:

«Մենք անանուն ահազանգ էինք ստացել, որ այդտեղ երեխաների նկատմամբ դրսեւորվում է վատ վերաբերմունք, անպարկեշտ արտահայտություններ եւ այլն: Տեղի են ունեցել մանրամասն առանձնազրույցներ բոլոր երեխաների հետ` հատուկ մեթոդով եւ սկզբունքով, վատ վերաբերմունքի տվյալները մենք չենք հաստատել, այնտեղ որոշակի խնդիրներ կան պայմանների եւ այլ: Գործընկերների հետ աշխատում ենք, ճիշտ չէ հիմա գնահատել: Անանուն զանգ է եղել, մենք արձագանքում ենք` առավել եւս, երբ երեխաների հետ է կապված»,-«Ասպարեզի» հետ զրույցում ասել էր Ա.Թաթոյանը:

Այս ու այլ հարցերի վերաբերյալ նաեւ գրավոր որոշ պարզաբանումներ էինք խնդրել Ա.Թաթոյանից: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից փոխանցել են. «Հաստատության հետ աշխատակիցների զրույցներից պարզվել է, որ անձնակազմը վերապատրաստումների կարիք ունի` երեխայի իրավուքների պաշտպանության թեմաներով: Առանձնազրույցների ընթացքում անձնակազմի ներկայացուցիչները նույնպես հայտնել են իրենց ցանկությունը վերապատրաստումներ անցնելու վերաբերյալ:

Պահման պայմանների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ գիշերօթիկ խնամքի հաստատության որոշ ննջարաններ ունեն պատշաճ ջեռուցման ապահովման, ինչպես նաեւ վերանորոգման կարիք: Սակայն հաստատության աշխատակիցների եւ երեխաների հետ առանձնազրույցների արդյունքում պարզվել է, որ ննջարանները բնակեցված չեն:

Նախորդ տարիներին կատարված ուսումնասիրությունների հետ համեմատելով` արձանագրվել են նաեւ դրական փոփոխություններ. մասնավորապես` իրականացվել  էին որոշ ննջարանների վերանորոգումներ, նորացվել կահույքը, ինչպես նաեւ հիմնանորոգվել էին հաստատության սանհանգույցները:

Արձանագրված վերապատրաստման կազմակերպման անհրաժեշտության եւ որոշ ննջարանների հիմնանորորգման եւ դրանց պատշաճ ջեռուցման ապահովման խնդիրների վերաբերյալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված համապատասխան գրությամբ պահանջվել են պարզաբանումներ»,-Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկի այցին անդրադառնալիս` տեղեկացնում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Ըստ աշխատակազմի` 2016 թվականի փետրվար ամսից մինչ 2016-ի դեկտեմբերի 27-ը ՀՀ-ում գործող գիշերօթիկ խնամքի հաստատություններից, մանկատներից եւ տուն-ինտերնատներից պաշտպանի աշխատակազմում ներկայացվել է 2 բողոք` այդ թվում Գյումրու գիշերօթիկինը: Առաջին բողոքը վերաբերել է գիշերօթիկ խնամքի հաստատություններում ապրող երեխաների ոչ պատշաճ խնամքին ու պաշտպանությանը, երեխայի հետ ծնողի տեսակցություններին եւ շփման խոչընդոտմանը, ինչպես նաեւ հաստատություններում երեխաների հանդեպ խտրական վերաբերմունքին:

«Նշված բողոքում բարձրացված խնդիրների կապակցությամբ նույնպես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված համապատասխան գրությամբ պահանջվել են պարզաբանումներ:

Պաշտպանին հասցեագրված բողոքներով բարձրացված խնդիրներն ուսումնասիրելու նպատակով կատարվում են այցեր համապատասխան հաստատություններ: Այցերի ընթացքում հայտնաբերված խնդիրների վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ են պահանջվում պետական իրավասու մարմիններից:

Վերը նշված հաստատություններ այցեր կարող են իրականացվել նաեւ մարդու իրավունքների պաշտպանի կողմից` սեփական նախաձեռնությամբ: Այսպես, օրինակ, պաշտպանը, հիմք ընդունելով զանգվածային լրատվություններից ստացված տեղեկությունները Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության երեխաներից երկուսի ինքնասպան լինելու ցանկության վերաբերյալ, 2016 թվականի մարտի 1-ին սեփական նախաձեռնությամբ սկսել է վերոգրյալ խնդրի քննարկումը: Ստացված տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ստորաբաժանման եւ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչներն այցելել են գիշերօթիկ հաստատություն, որտեղ իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ, առանձնազրույցներ են անցկացվել գիշերօթիկ հաստատության աշխատակիցների եւ սաների հետ: Ստացված տեղեկությունների ուսումնասիրման արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջարկներ են ներկայացվել իրավասու մարմիններին»,-փոխանցում է պաշտպանի աշխատակազմը:

Ներկայացված առաջարկների ընդունման արդյունքում ձեռնարկվել են գործնական քայլերը. մասնավորապես` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անուշադիր լինելու համար կարգապահական տույժ` նկատողություն է հայտարարվել հաստատության մեկ աշխատակցի եւ այլն:

Մի քանի ամիս առաջ ՄԻՊ-ում ստեղծվել է երեխաների իրավունքների պաշտպանության բաժին, որն ունի ռազմավարական նշանակություն, առաջիկայում ՄԻՊ-ը հրապարակելու է երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ լուսաբանման ուղեցույց:

2016-ին մշակվել եւ ընդունվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր սահմանադրական օրենք: Այն գործելու է 2017-ի մարտ ամսից, առաջին անգամ սահմանվել է, որ պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաեւ երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում եւ պաշտպանություն:

Պաշտպանի աշխատակազմից փոխանցում են նաեւ, որ մանկատները, գիշերօթիկ խնամքի հաստատությունները եւ հատուկ հանրակրթական հաստատությունները վերակազմակերպելու նպատակով 2016-ի սեպտեմբերին համագործակցության համաձայնագիր է կնքվել ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի մանկատան հիմնադրամի միջեւ: Այս համաձայնագրի շրջանակում նախատեսվում է վերոնշյալ հաստատությունների վերակազմակերպում, երեխաներին եւ նրանց ընտանիքներին այլընտրանքային ծառայությունների մատուցման հնարավորության նախատեսում:

Ա. Մկրտչյան

Դիտումներ՝ 7

Մեկնաբանել

comments