Լուսավոր կյանք եւ լուսավոր հոգի

1986 թվականին Լեւոն Խեչոյանը Լենինականից եկավ Հրազդան` մշտական բնակության: Այստեղ ոչ ոքի ինքը չէր ճանաչում, ոչ ոք իրեն չէր ճանաչում: Մենք որպես համերկրացի  (մեր գյուղը իրենց գյուղի կողքին է գտնվում) ծանոթացանք եւ մտերմացանք: Մի անգամ նա եկավ ինձ մոտ, տեսավ, թե ինչպես եմ տանջալից չարչարանքով ելույթներ գրում մեկ օրից հետո տեղի ունենալիք ՀԿԿ Հրազդանի շրջկոմի եւ Հայաստանի գրողների միության համատեղ պլենումում ելույթ ունեցող շրջկոմի առաջին քարտուղարի, Չարենցավանի գործիքաշինական գործարանի տնօրենի եւ Ջրառատի կաթնային համալիրի կթվորուհու համար: Ասաց` ինչով օգնեմ: Ասացի` քարտուղարի ելույթը գրի: «Չէ, չեմ կարող»: Գործարանի տնօրենի ելույթից էլ հրաժարվեց: Կթվորուհու ելույթի մի մասը ես արդեն գրել էի, ասաց` տուր ես շարունակեմ: Տվեցի: Հաջորդ օրը բուռն ծափահարությունների արժանացավ կթվորուհու ելույթը: Արամայիս Սահակյանը եւ Ռազմիկ Դավոյանը այդ օրը ինձ ասացին` «Կարո՞ղ է ձեր կթվորուհին գրող է»:

Կթվորուհու եւ գործարանի տնօրենի ելույթները տպագրվեցին «Գարուն» ամսագրում: Լեւոնն ինքնաբացահայտվեց: Անցան տարիներ: Ամեն տարվա վերջին Հրանտ Մաթեւոսյանը հանգստանում էր Ծաղկաձորի գրողների տանը: Այդ օրերին նրա հետ էր լինում Լեւոն Խեչոյանը: Նրանք իրարից անբաժան էին: Մեր հեռուստաընկերությունը Ամանորից առաջ հարցազրույցներ էր ունենում նրանց հետ: Մաթեւոսյանը անցնող տարվա մասին խոսում էր իրեն հատուկ ոճով, իրադարձությունները գնահատում էր լավատեսական շեշտադրումով: Այդ ժամանակ երկրի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սկսել էր դաշնակաջարդը: Իմ հարցին Հ.Մաթեւոսյանը փորձում էր խուսափողական պատասխան տալ: Լեւոն Խեչոյանը ընդհատեց Մաթեւոսյանին, դատափետեց, քարը քարին չթողեց երկրում իրականացվող քաղաքանությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հրանտը թե` դու դեռ ջահել ես, վախենալու բաներ պիտի ունենաս, համ էլ հեռուստատեսությամբ ես խոսում: Լեւոնը թե` ես վախենալու բան չունեմ:

«Ընկերոջդ համար վախեցիր»,-ասաց Հրանտը` աչքով անելով ինձ: Լեւոնը թե` եթե իմ ընկերն է, նա էլ վախենալու բան չպիտի ունենա: Նրանց ելույթները առանց կրճատումների հեռարձակվեցին: Վախենալու ոչինչ չեղավ: Լեւոնն իր Ջավախք աշխարհի պես ջինջ ու մաքուր մնաց ողջ կյանքի ընթացքում: Սիրելի Լեւոն, քո հոգին մեզ հետ է, մենք դեռ շատ երկար զրույցներ կունենաք մեր հուշերի, քո գրական կոթողների ընթերցանության մեջ: Աստված հոգիդ լուսավորի, ինչպես որ կյանքդ էր լուսավոր:

Մնացական Հարությունյան

Լեւոն Խեչոյանի լուսանկարը` www.hetq.am-ի

________________________________

Բաժանորդագրություն.

Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.600 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 17.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, եւ 3 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է առայժմ միայն Գյումրիում:

Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: Այս ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:

Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք (0312) 50622, ձեզ կայցելի գործակալը:

Դիտումներ՝ 7

Մեկնաբանել

comments