Լուսավոր առավոտը. 3-ամյա Անիի հրաշքը

3-ամյա Անին հազվադեպ է ժպտում. սա եզակիներից է: Արդեն 2-րդ օրն է՝ հաճախում է մանկապարտեզ: Միշտ աշխույժ ու ժիր, շարժումներում՝ հավասարակշռված…

Մոտ մեկ ամիս առաջ «Ասպարեզն» անդրադարձել էր Գյումրու Խմելնիցկի 236/139 տնակում ապրող Մարիետա Ստեփանյանի եւ 3-ամյա դստեր՝ Անիի դժվարություններին: Անին ծնվել է տնակային պայմաններում: Մայր ու դուստր գոյատեւում են պետության ամենամսյա նպաստով՝ 23 հազար դրամով: Տիկին Մարիետան մինչ երեխայի ծնունդը աշխատել է բուժքույր, 3-ամյա Անիին մեծացնում է միայնակ:

Տնակն այնքան էր քայքայվել, որ ապրելն այլեւս դժվար էր: Մանկահասակ Անին ապրում էր առնետների ու մկների կողքին: Մայրը պատմում էր, որ հաճախ գիշերները առնետները մտնում են նաեւ երեխայի մահճակալ:

Անին կիսաքաղց էր քնում, մայրը հազիվ էր կարողանում սննդով ապահովել երեխային:

Վիճակն այնքան վատ էր, որ տիկին Մարիետան ելք չէր գտնում, խոսում էր արդեն ինքնասպանությունից:

Մեր՝ «Գյումրիում 3-ամյա Անին գիշերում է կիսասոված ու առնետների կողքին» հոդվածը մեծ արձագանք գտավ:

Արտերկրում բնակվող Վերժինեն սննդամթերք ուղարկեց, Շիրակ կենտրոնի միջոցով նյութական աջակցություն ուղարկեց նաեւ մեր հայրենակիցներից մեկը:

Հոդվածին արձագանքեց նաեւ երեւանաբնակ մի երիտասարդ, ում շնորհիվ Անին եւ մայրը ստացան նյութական աջակցություն եւ ամենակարեւորը՝ քանդված տնակից տեղափոխվեցին վարձու բնակարան, որն ապահովված է անհրաժեշտ գույքով: Բնակարանի մեկ տարվա վարձավճարն ամբողջությամբ վճարել է երիտասարդը:

Անին ու մայրը այսուհետ կապրեն լուսավոր, հարմարավետ բնակարանում՝ առնետներից եւ մկներից հեռու, ապահով ու անվտանգ:

Անիի մանկապարտեզի հարցը եւս լուծվեց. քաղաքապետարանն աջակցելու է, Անին սովորելու է անվճար:
Տիկին Մարիետան այս ամենը հրաշք է անվանում եւ արդեն հավատում վաղվա օրվան:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 116

Մեկնաբանել

comments