Պետք էր սկսել ոչ միայն ԱԺ պատգամավորներից, այլեւ պետպաշտոնյաներից

«Օրենքը կարող է խիստ ձեւական բնույթ ունենալ»

Ինչպես հրապարակել էինք, արդեն հասանելի է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգող թեստավորման առաջադրանքների հարցաշարը:

Պատմաբան Լիլիթ Ասոյանն «Ասպարեզի» հետ զրույցում նշում է, որ մայրենիի հանդեպ նման ուշադրությունը բավական ուշացած է, քանի որ արդեն տեւական ժամանակ ստիպված ենք եղել համակերպվել լեզվի տարաբնույթ աղավաղումների՝ անիմաստ, ոչ ճիշտ, գոյություն չունեցող բառերի (օրինակ՝ «ցբխվել», «քյառթու» եւ այլն), կամ որոշ բառերի ոչ ճիշտ ձեւով գործածման հետ, ինչպիսիք են, օրինակ, հասարակության մեջ լայն տարածում գտած անհեթեթ «խաբարություն», «իրոքից» եւ այլ ձեւերը:

-Ավելորդ է խոսել նաեւ էկրաններից. ռադիոյից հնչող եւ ունկնդրին հրամցվող կիսաժարգոնային, հաճախ, այսպես կոչված, «սլենգով», ինչպես նաեւ օտար բառերով եւ դարձվածքներով աղտոտված լեզուն, որը, ի տարբերություն խորհրդային շրջանում տարածված պրակտիկայի, (հեռուստառադիոյում հատուկ մասնագետները հսկում էին եթերի լեզուն եւ յուրաքանչյուր հաղորդումից հետո վերլուծում թույլ տրված սխալները՝ դրանք հաջորդիվ ուղղելու զգուշացումով) հսկողությունից դուրս է: Ելնելով այս տրամաբանությունից` պատահական չեն ընտրված հարցաշարի բաժինները՝ ուղղագրություն, ուղղախոսություն, բառագիտություն եւ մատչելիությունը. այն կազմված է դպրոցական ծրագրի շրջանակներում: Սակայն, կարծում եմ, որ սկսել պետք էր իսկապես ոչ միայն ԱԺ պատգամավորներից, այլեւ առհասարակ պետպաշտոնյաներից, քանզի նրանք, բացի այն, որ մեր երկրի դեմքն են, կառավարող էլիտան, միեւնույն ժամանակ հասարակության համար պետք է օրինակելի լինեն նաեւ հայեցի խոսելու, արտահայտվելու ունակությամբ եւ կարողությամբ: Միեւնույն ժամանակ նշեմ, որ սույն օրենքը կարող է խիստ ձեւական բնույթ ունենալ, քանզի պատգամավորներից ոմանք ունեն նույնիսկ գիտական կոչում եւ աստիճան, իսկ ճնշող մեծամասնությունը, հավանաբար, ունի դպրոցական ավարտական վկայական, որում նշված է մայրենի լեզվի գնահատականը (անգամ խորհրդային շրջանում ռուսական դպրոցի շրջանավարտների ավարտական վկայականներում մայրենի լեզվի վերաբերյալ նշում կար), ինչը հնարավորություն կտա ազատվելու քննություն հանձնելու պարտավորվածությունից եւ շարունակելու հին գործելաոճը,-հավելում է Լ.Ասոյանը:

Լ.Ասոյանի լուսանկարը` ֆեյսբուքյան էջից

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 158

Մեկնաբանել

comments