ՀՀ-ում լեսբուհիներն ու բիսեքսուալներն են ամենաքիչը ենթարկվում բռնությունների

«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի կողմից վերջերս ներկայացվել է լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալ եւ տրանսգենդեր` ԼԳԲՏ-ի անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի, ատելության խոսքի, գենդերային կարծրատիպերի եւ մարդու իրավունքների ոտնահարման դրսեւորումները Հայաստանում սոցիոլոգիական հետազոտության տվյալները եւ 2016 թվականին ԼԳԲՏ-ի անձանց նկատմամբ  էլեկտրոնային մամուլում խտրականության, ատելության խոսքի եւ բռնության կոչերի վերաբերյալ զեկույց:

Հետազոտության նպատակն է եղել` հասնել խոցելի խմբերի, հատկապես ԼԳԲՏ-ի իրավունքների հավասարությանը եւ վերջիններիս նկատմամբ խտրականության կանխարգելմանը:

Լրագրող-հետազոտող Նանե Բագրատունին նշում է, որ հետազոտությունը կատարվել է Հայաստանի բոլոր մարզերում, Երեւանում: Նա նշում է, որ յուրաքանչյուր երկրում ԼԳԲՏ համայնքը տվյալ երկրի հասարակության անքակտելի մասն է, մեր երկրում անհանդուրժողականությունը սկսվում է սեփական անձից եւ հասնում մինչ հեռուստաեթեր: «Թե առցանց տիրույթում, թե իրականությունում հաճախ հիմնախնդիրները մնում են հետին պլանում եւ բոլոր քննարկումները` հեռուստաեթերներից սկսած, իջնում են անձնական վիրավորանքի: Եվ շատ հաճախ ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները չեն լուսաբանվում»,-ասում է լրագրողը:

Նանե Բագրատունին ներկայացնում է այն հանրային օղակները, որտեղ հաճախ են հանդիպում բռնությունները եւ իրավախախտումները` ուժային կառույցներ, ընտանիք, մեդիա դաշտ, պետական կառույցներ, առողջապահական ոլորտ, կրոնական կազմակերպություններ, աշխատավայր, ուսումնական հաստատություններ, ժամանցի վայրեր եւ ԼԳԲՏ համայնք:

«Մենք խմբավորել ենք բռնության տեսակները` ֆիզիկական, սեռական բռնություններ, անհանդուրժող խոսքի դրսեւորում, հոգեբանական ճնշումներ եւ անարդարացի վերաբերմունք: Ուժային կառույցներում ամենաբարձր տոկոսային հարաբերությունն է, եւ բոլոր դրսեւորումները միաժամանակ են»,-ասում է Ն.Բագրատունին:

Լրագրողն ասում է նաեւ, որ անհանդուրժող խոսքի դրսեւորումը եւ հոգեբանական ճնշումները 90% են կազմում: «Ցավոք, առկա են ատելության խոսքի բուռն դրսեւորումներ, հայհոյանքներ, հոգեբանական ճնշումներ, շանտաժ եւ այլն: Սոցցանցից հայտնվում է մեդիա դաշտ, մեդիա դաշտից` սոցցանցեր: Վերջին տարիներին արված հետազոտությունները ցույց են տալիս, որ լրագրական առումով լուրջ բացթողումներ ունենք: Լրագրական նյութերի զգալի մասն ինֆորմացիա չի պարունակում, հիմնախնդիր չի բարձրաձայնում, փոխարենը ատելություն եւ բռնություն է քարոզում»:

Ն.Բագրատունու խոսքով` ուժային կառույցներից հետո բռնությունների ամենամեծ թիվը ընտանիքներում է: Հիմնականում արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ դրսեւորվում է ծեծ, ջարդ: «Հաճախ նրանք ստիպված են լինում լքել իրենց տները, զրկվում են ծնողների հետ շփվելու հնարավորությունից եւ բախվում հոգեբանական լուրջ խնդիրների:  Եվ այս ամենը արտագաղթի պատճառ է դառնում»,-ասում է լրագրող-հետազոտողը:

Ըստ տվյալների` պետական կառույցներում բռնությունների տոկոսը ցածր է եւ հիմնականում տրանսսեքսուալ անձինք են ենթարկվել որեւէ ֆիզիկական բռնության, ովքեր փաստաթղթային խնդիրներով դիմել են պետական կառույցներ:

«Առողջապահական ոլորտում ԼԳԲՏ համայնքը դիտարկվում է սեռավարակներ տարածող խումբ, եւ սպասարկող անձնակազմի կողմից ենթարկվում ծաղր ու ծանակի: Եվ շատ լուրջ խնդիր է մասնագետների տեղեկացվածության պակասը, սկսած գիտական այն գրքերից, որտեղ նույնասեռականությունը համարվում է հիվանդություն եւ անհրաժեշտ է բուժվել. ընդհուպ հանդիպում են դեպքեր, երբ բռնի, բուժման փորձեր են կատարվում, այսինքն` հորմոնալ դեղորայքներ, էքսպերիմենտալ ինչ-որ մեթոդներ են նաեւ կիրառվում: Այստեղ կրկին հանդիպում ենք ընտանիքի կողմից բռնության, երբ արական սեռի ներկայացուցիչները` հայրեր, եղբայրներ բռնի կերպով ԼԳԲՏ անձանց տանում, փակում են որեւէ բժշկական հաստատությունում»,-ասում է Ն.Բագրատունին:

Ըստ լրագրող-հետազոտողի` ԼԳԲՏ համայնքում մեծ թիվ են կազմում անհանդուրժողականությունը միմյանց նկատմամբ: Նույնասեռականներ կան, որ տրանսսեքսուալներից ֆոբիա ունեն:

Բանախոսը նշում է, որ Հայաստանում ամենից քիչ լեսբուհիներն ու բիսեքսուալներն են ենթարկվում բռնությունների կամ խտրականության, քանզի մեր հասարակության մեջ ընդունելի է աղջիկների մտերմությունը, եթե չկա դեմոնստրատիվ դրսեւորում:

Նանե Բագրատունին, ամփոփելով իր խոսքը, ասում է. «Անհանդուրժողականության դրսեւորումները ՀՀ-ում սկսվում են ներանձնային հոգեբանական դրսեւորումներից, անցնում հասարակության մի շարք օղակներով եւ զանգվածային լրատվամիջոցներով հասնում  հանրության լայն շերտերին: Այստեղ անհրաժեշտ են համակարգային աշխատանքներ եւ իրավական կառույցների, եւ զանգվածային լրատվամիջոցների, եւ ԼԳԲՏ համայնքի հետ, եւ պետական, ուժային կառույցների, որպեսզի այս խնդիրները վեր հանվեն եւ համակարգային լուծում ստանան»:

Լուսանկարները` Մեդիա կենտրոնի

Փիրուզա Պետրոսյան

Դիտումներ՝ 239

Մեկնաբանել

comments