Լեռնային Ղարաբաղի պատերազմն ու խաղաղությունը

Մաս երկրորդ

1988-ի դեկտեմբերին ստեղծվեց միութենական կառավարչական մարմին` Արկադի Իվանի Վոլսկու գլխավորությամբ: Սակայն ժամանակները բավական խառն էին, եւ այս մարմնի ստեղծումն համընկավ Հայաստանում տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի հետ, որը, կարելի է ասել, կազմալուծեց կուսակցական եւ գործադիր իշխանությունը: Նոր ստեղծված մարմինը գոյատեւեց մեկ տարի` 1989 թվականին եւ լուծարվեց արդեն1990 թվականին` ցույց տալով այն ժամանակվա ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովի քաղաքականության ապիկարությունն ու տկարությունը: Մոսկվայի վրա բավական մեծ էր նաեւ ճնշումը ադրբեջանական ռադիկալ ընդդիմությունից, ի դեմս Ադրբեջանի ժողովրդական ճակատի, որի դեմ անկարող էր գործել այն ժամանակվա Ադրբեջանական ԽՍՀ ղեկավար Աբդուռահման Վեզիրովը:

Վոլսկու կոմիտեի լուծարումն համընկավ արդեն 1990-ին Ադրբեջանում տեղի ունեցած հերթական հակահայկական ելույթների եւ հայերի նկատմամբ իրականացվող բռնությունների եւ կոտորածների պոռթկման հետ: Այդ ժամանակ արդեն ադրբեջանական ժողճակատը սկսեց պահանջել ոչ միայն Ղարաբաղը, այլեւ հենց Ադրբեջանի անկախացումն ու դուրս գալը ԽՍՀՄ կազմից: Բաքվի տարեգրության համար սարսափելի այդ օրերին ժողճակատը Ազադլըգ հրապարակում տեղադրեց կախաղաններ` Վեզիրովի եւ նրա կուսակցական թիմակիցներին կախաղան բարձրացնելու համար: Վեզիրովը փախավ Մոսկվա: Կենտրոնը վախեցած իրադարձությունների նման ընթացքից, հապշտապ կերպով Բաքու գործուղեց ԽՍՀՄ ԳԽ նախագահող Եվգենի Մ. Պրիմակովին: Վերջինիս տրված էր առաջադրանք` կարգավորել իրավիճակը, հանգստացնել մարդկանց եւ պահպանել իշխանությունն ամեն գնով, սակայն երբեւէ հանձնարարական տրված չէր լուծել կամ կարգավորել ղարաբաղյան հարցը: Այն ժամանակ կենտրոնական իշխանությունները, գնահատելով իրավիճակի լրջությունը, ինչպես նաեւ բավականին վախենալով ստեղծված վիճակի հետագա զարգացումներից, ընկրկեցին ռադիկալների դիմաց եւ հորինեցին այսպես կոչված ԼՂԻՄ հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը` այդ պաշտոնին նշանակելով Ադրբեջանական ԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոյին, ով փաստացի որեւէ իշխանություն չուներ Ղարաբաղում եւ իրեն դրսեւորեց որպես անպատասխանատու եւ ադրբեջանական իշխանությունների հանդեպ ծառայամիտ գործիչ: Սակայն նույնիսկ այս նշանակումը որեւէ կերպ հարցի լարվածությունը չթուլացրեց: Վիկտոր Պոլյանիչկոն Ստեփանակերտում եղավ միայն կարճ ժամանակով եւ աչքի ընկավ դիկտատորական հակումներով` խառնելով Ղարաբաղը Աֆղանստանի հետ: Նրա եւ ներքին զորքերի հրամանատար գեներալ Սոֆոնովի վրա մի քանի մահափորձեր կատարվեցին: Նրանք սպանվեցին, սակայն Ղարաբաղի տարածքից դուրս` 1990-ականներին:

Շարունակելի

Ալեքսանդր Սվարանց

«Ռեգնում» լրատվական գործակալություն

Լուսանկարը` «Ռեգնումի»

Թարգմանությունը` Արման Գրիգորյանի

Դիտումներ՝ 54

Մեկնաբանել

comments