Լեռնային Ղարաբաղի պատերազմն ու խաղաղությունը

Մաս երրորդ

Ղարաբաղում 1990 թվականին հաստատվեց երկիշխանություն: Հայերը վերստեղծեցին ներկայացուցչական իշխանության մարմին հանդիսացող Ազգային խորհուրդ, որի գլուխ կանգնեց Վաչագան Գրիգորյանը, ով այն ժամանակ նաեւ ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր էր, իսկ մինչ այդ եղել էր Ասկերանի եւ Մարտունու շրջանների առաջին քարտուղար: Բաքուն եւ Մոսկվան չճանաչեցին իշխանության այդ մարմինը, սակայն եւ չկարողացան Ղարաբաղում իրենց իշխանությունը հաստատել Պոլյանիչկոյի միջոցով: Արդեն այդ ժամանակ Ղարաբաղի երկնքում կուտակվում էին ռազմական հակամարտության ամպերը:

ԽՍՀՄ փլուզումը, որն հատկապես արագացավ արդեն 1991-ի օգոստոսի հայտնի դեպքերից հետո, բերեց այն իրավիճակին, երբ նույն թվի օգոստոսի երեսունին Ադրբեջանն հռչակեց իր անկախությունը` ընդունելով Անկախության իր դեկլարացիան, իսկ արդեն հոկտեմբերի ութին ընդունեց Ադրբեջանի Հանրապետության ստեղծման մասին Սահմանադրական ակտը, որով հռչակվեց, որ Ադրբեջանն հանդիսանում է 1918−1920 թթ առաջին ադրբեջանական հանրապետության իրավահաջորդը: Սակայն այստեղ Բաքուն թույլ էր տվել մի աններելի եւ ճակատագրական սխալ: Ղարաբաղը երբեք չի հանդիսացել Ադրբեջանի առաջին կամ դեմոկրատական հանրապետության մաս եւ հենց սրանից օգտվելով էլ Ստեփանակերտը, հիմք ընդունելով ԽՍՀՄ օրենքը ԽՍՀՄ կամզից դուրս գալու մասին, 1990-ի ապրիլի երեքին ժողովուրդների ինքնորոշման մասին միջազգային նորմը, 1991-ի սեպտեմբերի երկուսին հռչակեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը նախկին ԼՂԻՄ տարածքի սահմաններում եւ հայաբնակ Շահումյանի շրջանում: Այս որոշումն առաջ բերեց Բաքվի դժգոհությունը, Բաքուն որոշում կայացրեց լուծարել ԼՂԻՄ-ն ու այնտեղ հաստատել կենտրոնական հանրապետական կառավարում` կատարելով նաեւ շրջանների հայկականից ադրբեջանականի անվանափոխումներ:

Արդեն 1991-ի նոյեմբերին, ստեղծելով իր սեփական պաշտպանական գերատեսչությունը, Բաքուն սկսեց անթաքույց ագրեսիան` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, նպատակ ունենալով վերահաստատել իր իշխանությունը ԼՂԻՄ մարզում եւ Շահումյանի շրջանում: Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա իր գործողություններին միջազգային իրավական օրինակարգություն հաղորդելու համար ԼՂՀ իշխանությունները 1991-ի դեկտեմբերի 10-ին իրականացրեցին համաժողովրդական հանրաքվե, որով բնակչության իննսուն տոկոսը կամարտահայտեց անկախանալ Ադրբեջանից:

Մոտավորապես հենց այսպիսին է ԼՂՀ հակամարտության նախապատմությունը, որն իր արդեն ավելի քան քառորդ դարյա գոյության ընթացքում տարել է հինգ հազար հայի եւ երեսուն հազար ադրբեջանցու կյանք, պատճառել էական նյութական վնասներ Ղարաբաղում, սրել հայ-ադրբեջանական հարաբերությունները` դրանք բերելով առճակատման մակարդակի, դառնալով պատճառ ազգամիջյան թշնամանքի եւ ատելության, ինչպես նաեւ պատճառ հանդիսանալով հարյուրավոր մարդկանց փախստական դառնալուն:

Սկսելով պատերազմը` Բաքուն հույս ուներ, որ արագ կավարտի այն եւ կպսակի հաջողությամբ, սակայն իրականում պարտվեց` սխալվելով իր հաշվարկներում եւ այսօր արդեն մի կողմից Հայաստանի եւ ԼՂՀ-ի, եւ մյուս կողմից Ադրբեջանի միջեւ հաստատվել են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակի հարաբերություններ: Իսկ եթե լինենք ավելի անկեղծ, ապա այդ հարաբերությունները կարելի է համարել պատերազմական, քանի որ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում երկու կողմերի պատկերացումները տարբեր են: Իսկ այսպիսի հարաբերությունների առկայության պայմաններում խաղաղությունը, կայունությունն ու զարգացումը տարածաշրջանում, ամենապարզ խոսքով, անհնարին է:

Ալեքսանդր Սվարանց

«Ռեգնում» լրատվական գործակալություն

Լուսանկարը` «Ռեգնումի»

Թարգմանությունը` Արման Գրիգորյանի

Շարունակելի

Դիտումներ՝ 25

Մեկնաբանել

comments