Լենա Հովսեփյան. «Լույսի համը»…

Ընթերցողը նոր գրքին ծանոթանում է գրքի ամփոփագիր վերնագրով: Այս դեպքում ոչ թե ծանոթանում, այլ այդ վերնագրի ուղեկցությամբ շարունակում է կարդալ՝ այնտեղ փնտրելով իր լույսի… համը:

Եւ գտնում է:

Երբեք նման զգացողություն չի պարուրել հոգիս, որ, սկսելով ընթերցումը, չես ուզում այն ավարտել: Նորից ես ընթերցում ընթերցածդ: Դժվարանում ես քեզ անջատել ամեն մի տողից, ինքդ ես դառնում տողի հեղինակը եւ հավատում, որ՝

Տվի, առա, չհասկացա…

Չհասկացա՝ ես երեխա ծնվել, հիմա մեծանում եմ,

Թե ահել եմ ծնվել, հիմա ձգտում եմ դեպի

Բարուր-խանձարուր

Մի, մեր օրերի տրամաբանությամբ, անոմալիա կա:

Կա՛:

Հաստա՛տ:

Բայց թե իմանաք՝ ի՞նչ հրաշք բան է` վիրուսիցս կգողանաք:

Եւ 11 ենթավերնագրով շարունակվում է հեղինակի «վիրուսի» վարակը՝ նստելով հոգուդ եւ սրտիդ վրա:

Այդպիսի «վիրուսային» վարակ ապրել եմ տարիներ առաջ՝ կարդալով Վ.Սարոյան, որի անմիջականությունը, անկեղծությունն ու պարզությունը տարիներով շարունակվեց: Բայց զարմանքս մնաց առ այսօր:

Լ.Հովսեփյանի առաջին գիրքն է: Ծավալուն է այն, կարող էր երեք գրքով տպագրել, բայց հեղինակը իր թեմաները մայրական պորտալարով է կապել միմյանց հետ, որը անջատել մեխանիկորեն՝ հնարավոր չէ:

Հեղինակը չի գրում՝ խոսում է քեզ հետ: Քեզանից անկախ դառնում ես նրա խոհական-փիլիսոփայական մտքերի գերին՝ քո կենագրությունն ու անցած ճանապարհը կապվում է «Լույսի համին» եւ անշտապ գնում ես փնտրելու համը, որ հենց քո մեջ…պեղել է հեղինակը:

Բառերով չէ, որ նա ապացուցում է իր մեծ Սերը՝ չպարտադրելով. այդ Սերը նա սփռում է Աստծո, աշխարհի, մարդկանց, հիշողությունների վրա, որոնք թանկ են ու հարազատ բոլորի համար, երեւի, բայց բոլորը չէ, որ տողի են վերածվում.

Ես այնպես ամուր գրկում եմ քեզ, աշխարհ, դու որչափ ճիշտ ես քո…հաշվեկշիռներում…

Մեծ է հեղինակի ասելիքը: Այն կուտակվել է նրա էության մեջ եւ ուզում է տալ բոլորին-բոլորին: Դա հայրենասիրության նոր տեսակ է եւ որակ է բերում, եւ հասկանում ես, որ ապրելով, դու շատ հաճախ չնկատելով, գլորում ես քեզ տրված տարիները, որոնց շեշտադրումը չշեշտելով կորցրել ես շատ-շատ:

Այնտեղ, ուր դու բազում չափումներում ես՝ անմարմին, կենդան,

Ու քո Ամենքը…քեզ հետ են:

Դու լույսերի խանձարուրում ես…

Հեղինակի խորհուրդները…ընթերցողին:

«Մի ստիր քո շրջապատի մարդկանց, նրանց չսիրելը վնասում է քեզ, փոքրացնում քո օրվա պլաստիկան, քեզ պետքական լույսի մուտքը»:

Այ, թե կարողանանք, ապրել այդ խորհրդով…

Լ.Հովսեփյանը շատ բաց է խոսում իր հոգու «սարսուռների» մասին, դրանց կորստի եւ թողած հետքերի մասին: Եվ դա նրան հասունացրել է այնքան, որ կարդում ես՝

Անցավ ընդամենը, ընդամենը մի պահ, դրանից հետո նույնը մնացին ամենքը՝ թե՛ Դարը հալվող, թե՛ ժամանակը աճապարող, թե՛ Պուրակ դեղին:

Հեղինակը զգացել է լույսի համը եւ իր ընթերցողին է հրամցնում սիրով. լի ապրած զգացումների արդյունքում ծնված ուզածդ տողը դառնում է ընթերցողինը:

Հայենասիրության կոչ չկա ոչ մի տեղում, բայց կարդում ես ու հոգիդ լցվում է մի թեւավոր զգացողությամբ: Ուզում ես գնալ, շրջել այն վայրերում, որոնք թանկ են հեղինակի համար, բայց դառնում է նաեւ քոնը, տեր ես դառնում նրա բերած բոլոր մտքերին.

Երգն անտեր էր, իսկ Տերը տեր է…տերավորին…

Երգը մոլոր էր…

Բայց մոլորված չէ հեղինակը: Նա Տեր է ու հաստատ է նրա Ցավն ու Սերը:

Փակվել ու փլվել է իր մանկության հարազատ ու ծանոթ տներից մեկը: Նա չի ճչում՝ կանգ առ…արտագաղթ, բայց վարպետորեն այդ ցավը հաղորդում է ընթերցողին, որը եթե սիրտ ու հոգի ունի, մի բան  է մնում, որ ինքը ճչա, կանգնի բոլոր ճամփա ելածների դեմ-հանդիման ու ետ պահի, բացի բոլոր ճամպրուկներն ու ասի.

-Ո՞ւր ես գնում, կանգ առ…դրսերում, երկնքից խնձորներ չեն թափվում, որովհետեւ դրսում արժանապատվությունը…մանրադրամի պես է…, որովհետեւ, իմ կարծիքով, ամենալավ բանը քո հողի վրա կառուցված քո տան դուռը քո բանալիով բացելն է:

Դիտողունակ հեղինակը: Մի լավ գրականագետ մի օր կվերցնի Լենա Հովսեփյանի «Լույսի համը» «առաջնեկը» եւ կբացի հեղինակի մտքերի «տուտը», կհուզվի ու կուրախանա, կգտնի ու կկորցնի…եւ արդյունքում «Լույսի համը» կդառնա հայ ընթերցողի սեղանի ամենօրյա գիրքը:

Ահա մի գիրք, սիրելի ընթերցող, որն արդեն քոնն է: Հեղինակը տարիներ շարունակ հավաքել, դիտարկել, ապրել է ծանոթ եւ անծանոթ հույզեր՝ շտապելով ամբարել է իր ստեղծագործությունները եւ մի գեղեցիկ հատորյակով վերջապես ներկայացավ մեզ:

Ընդունի՛ր նրան:

Սիրանույշ Ղուկասյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ք.Գյումրի

Դիտումներ՝ 127

Մեկնաբանել

comments