… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Քաղաքապետարանը եւ նախկին աշխատակցը փոխադարձ մեղադրանքներ են ներկայացնում իրար

2011 թվականի Հոկտեմբերի 5-ից
001

Հոկտեմբերի 5-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի աշխատակցուհի Արմենուհի Հարությունյանի հայցն ընդդեմ նույն բաժնի աղբի վարձավճարներ գանձող նախկին գործակալ Հենրիկ Մալխասյանի քրեական գործի քննությանը` դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:

Հենրիկ Մալխասյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրական եզակցության` Հ.Մալխասյանի խուլիգանական գործողությունների, շուրջ 15-20 րոպե տեւողությամբ խուլիգանական հայհոյանքների հետեւանքով կոպիտ կերպով խախտվել է հասարարակական կարգը եւ խանգարվել Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի բնականոն աշխատանքը:

Պետմեղադրանքը ներկայացնում էր Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Ռուդիկ Սարուխանյանը: Սակայն տուժող կողմը` Արմենուհի Հարությունյանը, նիստին չէր ներկայացրել:

Պատասխանող կողմը բացարկ ներկայացրեց Ա.Հարությունյանի բացակայությամբ դատական նիստը շարունակելու մասին:

-Ես գտնում են, որ Ա.Հարությունյանը պետք է ներկա լինի, որպեսզի պատասխան տա իր գործունեության համար. ինքը քաղաքում է ու միտումնավոր  դատարան չի ներկայացել: Խնդրում եմ նիստը հետաձգել, քանի դեռ չի ապահովվել նրա ներկայությունը դատարանում,- իր խոսքում նշեց Հ Մալխասյանը:

Սակայն դատարանը որոշեց դատկան նիստը շարունակել տուժող Ա.Հարությունյանի բացակայությամբ, բայց եւ միջոցներ ձեռնարկել հաջորդ դատական նիստում նրա ներկայությունը ապահովելու համար:

Մինչ գործի դատաքննությունը սկսելը, պատասխանող կողմը` ի դեմս Հ.Մալխասյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանի, միջնորդություն ներկայացրեց քրեական գործի քննությունը հետաձգելու մասին, քանի որ, ըստ իրենց, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի աշխատակիցների կողմից կատարվել են չարաշահումներ ու կեղծիքներ, եւ նախաքննական մարմնը չի անդրադարձել վերոնշյալին, չի կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտում, չի ստուգվել քրեական գործի հարուցման օրինական հիմքերը եւ պաշտպանյալի հայտարարությունները իր անմեղության մասին:

Մեկ ժամ հայտարարված ընդմիջումից հետո դատարանը մերժեց քրեական գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ պատասխանող կողմի միջնորդությունը` պատճառաբանելով, որ ներկայացված միջնորդությունը քննվող գործի հետ կապ չունի:

Դատարանի որոշումը միջնորդությանը մերժելու վերաբերյալ, ըստ պատասխանող կողմի, պատճառաբանված չէ, ուստի նրանք դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին եւ ժամանակ խնդրեցին ինքնաբացարկի միջնորդությունը ձեւակերպելու համար:

Դատարանի կողմից այս միջնորդությունը բավարարեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2010թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 11.00-ին:

Քրեական գործի հարուցման համար պատճառ հանդիսացած վեճի շուրջ  զրուցեցինք նաեւ  Գյումրու քաղքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի պետ Հմայակ Փափազյանի հետ:

-Մենք պետք է տեղափոխվեինք քաղաքապետարանի մեր նոր աշխատասենյակը ու նոր աշխատասենյակ տեղափոխված յուրաքանչյուր աշխատակցի նման մենք էլ որոշեցինք մաքրել ու կարգի բերել այն-, ասաց նա:- Մեր աշխատակցուհին էլ` Արմիկը, այդ նպատակով առաջարկել է 2000-ական դրամ հավաքել: Վեճն հենց այդտեղից էր սկսվել: Նա հայհոյել է Արմիկին ու մյուս աշխատակիցներին:  Բացի դրանից, տարբեր առիթներով` հարսանիքների, թաղումների, կնունքների, ծննունդների համար մենք միշտ գումար ենք հավաքել, ու ինքը երբեք փող չի տվել: Ու հիմա մենք իրանից փո՞ղ պիտի ուզեինք…

-Բոլորը գիտեն, որ քաղաքապետարանի շենքը կառուցվել է կառավարության եւ քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ: Սա արդեն ցինիզմ է, այսինքն 625 կամ 700 մլն ինքը պիտի տար, որ շենքը կառուցե՞նք,- ավելացրեց քաղաքապետարանի մամլո քարտուղար Լ.Աղեկյանը:

Քաղաքապետարանի աշխատակիցները զարմացած էին քաղաքապետի նկատմամբ Մալխասյանի նման վերաբերմունքից.

-Ինքն ասում է` իբր քաղաքապետը փող է ուզում…մեր քաղաքապետը նրան էնքան փող է տվել, որ ինքը իր տղայի գերեզմանն է սարքել, ամեն ներս մտնելուց նրան գումար է տվել, նույնիսկ պատվոգիր էր տվել, որպեսզի իրան աշխատավարձի չափով միանվագ գումար տան,- նշեց եկամուտների հաշվառման բաժնի պետը:

Հ.Փափազյանը նաեւ նշեց, որ կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վկայում են Մալխասյանի կողմից կատարված չարաշահումների, կեղծիքների մասին:

-Աղբի գանձման կտրոնը 2 մասից է կազմված: Քաղաքացիներին տրվելիք կտրոնում ինքը ավելի շատ գումար էր գրում, քան մեր մոտ եղածում: Հիմա 1մլն 500 հազար դրամի կորած փող կա: Ես որ ուզենամ, նրան կնստեցնեմ: Եւ բացի այդ, աշխատանքից ազատվելուց հետո նա ինքնագլուխ կատարել է վերահսկիչի դեր,-ավելացրեց Հ.Փափազյանը:

Մինչդեռ Հ.Մալխասյանը հակառակն է պնդում: Նա հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները` խոստանալով եկամուտների բաժնի աշխատակիցների անօրինականությունների մասին նոր ապացույցներ ներկայացնել:

Մարինե Պետրոսյան

Դատական գործեր