Լապշինի արտահանձնման հանգույցները

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը շատ դիպուկ է բնորոշել Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Լապշինի հետ կապված պատմությունը: Նա ասում է. «Այդ դեպքը որքան էլ խայտառակ է, այնքան էլ բնորոշ ցանկացած բռնապետությանը, իսկ նա հայտնվեց միանգամից չորս բռնապետի արանքում՝ Ալիեւ, Լուկաշենկո, Պուծին եւ Սարգսյան: Նրանցից ամեն մեկը խաղում է իր խաղը եւ դեռ հասկանալ է պետք, թե որն է ամենասարսափելին»:

Նախկին ԽՍՀՄ այս չորս պետություններն էլ այս կամ այն չափով ավտորիտար են. իհարկե, դրանց նույն հարթության մեջ դիտել չի կարելի, բայց շատ առումներով ընդհանրություններն ակնհայտ են. որոշները խորը բռնապետություն են, մի մասը՝ դասական բռնապետություն, որոշները, ավելի կոնկրետ, Հայաստանը՝ կիսաբռնապետական երկիր (կիսաբռնապետական է ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունը չի ցանկանում երկրում բռնապետություն հաստատել, այլ այն հիմունքով, որ օբյեկտիվորեն ու սուբյեկտիվորեն այդ հնարավորությունները չունեն, եւ նախադրյալներ չկան): Այդ բոլոր երկրներում էլ, էլի տարբեր չափերով, խնդիրներ կան մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Այդ իրավունքները տվյալ երկրների իշխանությունների համար երկրորդական դեր ունեն եւ ենթակա են այլ շահերի:

Լապշինի հետ կապված պատմությունը այդ երկրների միջեւ ընթացող աշխարհաքաղաքական շահերի ու փոխհարաբերությունների կիզակետում է: Մի կողմից՝ Ռուսաստանի ու Բելառուսի՝ հատկապես վերջին օրերին մեծ թափ ստացած առճակատումը: Հիշեցնենք, որ Բելառուսը եւ այդ երկրի նախագահ Լուկաշենկոն վերջերս ակնարկել է, որ կարող է դուրս գալ ռուսական ենթակայության տակ գործող միություններից: Այդ սպառնալիքները նպատակ ունեն հնարավորինս տնտեսական արտոնություններ կորզել Ռուսաստանից:

Ռուսաստանի պաշտոնական շրջանակներն հասկացրել են, թե այդ դեպքում Բելառուսը կարժանանա Ուկրաինայի բախտին: Ռուսաստանի քաղաքացի Լապշինի արտահանձնումով Բելառուսը եւս մեկ «ապտակ» է հասցնում Ռուսաստանին՝ փորձելով ցույց տալ իր ինքնուրույնությունն ու ուժը: Նաեւ դրանով անհարմար դրության մեջ է դնում Ռուսաստանին՝ նրան կանգնեցնելով իր քաղաքացուն պաշտպանել չկարողանալու փաստի առաջ: Մեծ հաշվով, Ռուսաստանը թքած ունի քաղաքացու ու նրա անվտանգության վրա: Այս պարագայում Ռուսաստանի համար անհարմարությունն իր ուժի ու հեղինակության սասանման իրողությունն է: Լապշինի դեպքին անդրադառնալով՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդամենն հայտարարել է, որ Բաքու արտահանձնված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում, սակայն նրա պաշտպանության համար ձեռնարկվում են հնարավոր ամեն իրավական միջոցառումներ։

Մյուս կողմից՝ Լապշինի հարցով Բելառուսի որոշումը Ադրբեջանի հետ վաղուց գոյություն ունեցող սիրախաղերի հերթական դրսեւորումն է՝ ի հաշիվ ՀԱՊԿ-ում ու ԵՏՄ-ում իր դաշնակից Հայաստանի շահերի: Այս փաստը ցույց է տալիս Հայաստանի դիրքերի թուլությունն ու, ընդհանրապես, գոյության նպատակահարմարությունը այդ կառույցներում՝ նմանատիպ դաշնակիցների շրջապատում:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 61

Մեկնաբանել

comments