Կրկնակի հարվածի թիրախում

Երբ Հայաստանում որեւէ քաղաքական գործիչ ու ուժ իշխանական դաշտից մուտք է գործում ընդդիմադիր դաշտ եւ ընդդիմադիրի դիրքերից սկսում քննադատել իշխանությանը, պայքարել նրա դեմ, այդ գործիչներն ու ուժերը կրկնակի հարվածի տակ են հայտնվում. նրանց «հարվածում» ու սկսում են քլնգել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտից:

Իշխանականների քլնգոցի առանցքում այդ գործիչներին ուղղված, այսպես ասած, դավաճանության պահն է: Նրանք մատնանշում են, թե այդ մարդիկ ինչ-ինչ պատճառներով լքում են այն ճամբարը, որտեղ գտնվել են երկար տարիներ, ու սկսում քննադատել նախկին թիմակիցներին, որոնց հետ երկար տարիների գործունեություն են ծավալել: Ըստ նրանց, դա ոչ այլ ինչ է, քան դավաճանական արարք:

Ընդդիմադիրների քլնգոցի մոտիվացիան բոլորովին այլ է. նրանք ուղղակիորեն չեն հավատում նման գործիչների ազնվությանն ու քաղաքական դիրքորոշման փոփոխության անկեղծությանը. ինչպես կարող է երկար տարիներ մի թիմին հավատարմորեն ծառայած մարդը մի քանի շաբաթում կամ ամսում փոխել քաղաքական դիրքորոշումը ու սկսել պայքարել իր նախկին թիմակիցների դեմ:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանն այս օրերին հայտնվել են նման կրկնակի հարվածի թիրախում: Ինչպես հայտնի է՝ վերջիններս հայտարարել են իրար հետ դաշինք կազմելու, ընդդիմադիր դիրքերից առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ու իշխանությունների դեմ պայքարելու մասին:

Այս պատմության մեջ այնքան ուշադրություն չի գրավում Վիկտոր Դալլաքյանի, որքան Սեյրան Օհանյանի անձը: Հանրությունն ու քաղաքական շրջանակները Վիկտոր Դալլաքյանին ուղղակիորեն այլեւս լուրջ չեն ընդունում՝ աչքի տակ ունենալով նրա անցած գործունեության կտրուկ անցումները. ընդդիմադիր դաշտից` իշխանական ու այժմ էլ` հակառակը: Նկատի է առնվում նաեւ անձնական ներուժն ու թիկունքում ունեցած մարդկային կապիտալը:

Մի փոքր այլ է Սեյրան Օհանյանի պարագան. հիշյալ ներուժից ու կապիտալից նա որոշակիորեն ունի: Սա է պատճառը, որ այդ երկու գործիչներից առավել ուշադրության արժանանում է հենց Սեյրան Օհանյանը, եւ հարվածները բաժին են հասնում հենց նրան:

Երկար տարիներ Սեյրան Օհանյանը գտնվել է գործող իշխանության մեջ, մասնակից եղել ռեժիմի բոլոր ձեռնարկներին, որպես շատ հանգուցային ոլորտի ղեկավար, նախարար, կառավարության անդամ՝ համաձայն եղել իշխանության իրականացրած քաղաքականությանը, ակտիվ դերակատարություն ունեցել Մարտի 1-ի գործում, եւ հիմա խոսում է այդ իշխանության բացերի, թերությունների, իր նախկին թիմակիցների՝ իշխանության գլուխ մնալու անթույլատրելիության, երկրում իշխանափոխություն անելու անհրաժեշտության մասին:

Պարզ է, որ նման քաղաքական անցյալ ունեցող եւ դիրքորոշումը փոփոխող գործիչը պետք է արժանանա քննադատության:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 3

Մեկնաբանել

comments