Հույզեր, թախիծախառն ապրումներ եւ զանգ, բայց … վերջին

Նորից ծաղիկներ, հապշտապ սպիտակ վերնաշապիկով քայլող դեռահասներ եւ իրենց աշխատանքից ու ակնկալվող նվերներից գոհ ուսուցչուհիներ: Այո՜, միանշանակ կարելի է ենթադրել, որ Վերջին զանգի արարողության մասին է խոսքը: Երկու իրարամերժ ու միանգամայն ներհակ զգացումներ, որ չես էլ հասկանում՝ տխու՞ր ես, թե՞ ուրախ: Գուցե զարմացած, որ այլեւս դպրոցական նստարանը երազանք է դառնալու, թերեւս փոքր-ինչ հպարտ նոր կյանք մտնելու ոգեշնչումից՝ իբրեւ իսկական հայ զավակ: Զավակ, գեղանի պարմանուհի, ովքեր ամեն գնով փորձելու են հարթել իրենց կյանքի ողորկ ու անխոչընդոտ ուղին:

Հայաստանի դպրոցներում երեկ, այսօր եւ վաղը հնչել ու հնչում է վերջին զանգը՝ կրթօջախների սաներին դեպի նոր կյանք ուղղելով: Սա աճող սերնդի ուրախության ու բերկրանքի տոնն է՝ համակված երջանիկ ապագա ունենալու մեղմիկ սպասումով: Վերջին զանգը մի առանձնահատուկ այցեքարտ է դեպի մեկ այլ մոլորակ, զարմանահրաշ ու գիտելիքառատ աշխարհ, ուր չբացահայտված քանի ու քանի հարցեր կան ուսումնասիրելու եւ սեփական մաշկի վրա զգալու:

Մեզանից յուրաքանչյուրն էլ սրտի ուժգին թրթիռով է սպասել այդ անմոռաց արարողությանը, երբ մի պահ կարոտով հայացք է նետել անցած ուղուն ու վայրկյանների ընթացքում վերհիշել դպրոցական մի քանի տարիների հակիրճ տեսաֆիլմը՝ դասղեկ, առաջին սեր, դպրոցական վեճեր, ստուգողականներ եւ փախուստ դասերից (այստեղ իհարկե պարտադիր են նաեւ ծնողական ժողովները՝ ատելի ու անտանելի):

Ընդհանուր խառնաշփոթ է: Դպրոցի բակում բոլորն ուրախ ժպտում եմ: Շարք առ շարք կանգնած աշակերտները մի վերջին անգամ վայելում են իրենց դպրոցի բակի տաքուկ ջերմությունը: Մի քանի րոպե անց հնչում է դպրոցի տնօրենի, դասղեկի, ապա նաեւ դասավանդող ուսուցիչների հրաժեշտի խոսքը, ինչը հաջորդվում է աշակերտական հումորային կամ համեմատաբար հուզիչ համարներով: Այս ամենն այնքան աննկատելիորեն արագ է անցնում, որ մեկ էլ հանկարծ հասկանում ես՝ ամեն ինչ վերջացավ, չնայած որ դրան ամիսներ էիր պատրաստվել եւ տարիներ անհամբեր սպասել: Վերջ, դա, իրոք, վերջին զանգն էր, վերջինը հանրակրթական դպրոցում սովորելու ողջ ընթացքի համար:

Բայց դրանով ամեն ինչ չի վերջանում: Առջեւում առավել թեժ շրջան է, խոչընդոտներ, որոնց հաղթահարումը նոր դռներ է բացում, հեռանկարներ եւ մասնագիտական կրթություն ստանալու բաղձանք: Ամառը, իր թեժ արեւից բացի, թեժանում է նաեւ ավարտական եւ միասնական քննությունների սարսռացնող անունից: Մեկն ուզում է բանասեր դառնալ, մյուսը՝ տնտեսագետ ¥մի տեղ լսել է՝ լավ բան է տնտեսագետ լինելը¤, երրորդը՝ իրավաբան, էն մեկը մանկավարժ, բժիշկ, հոգեբան, մարզիկ եւ այլն: Սակայն, մինչեւ դառնալը, դեռ ուսանողական անփոխարինելի տարիներ կան հաղթահարելու, որոնք գուցե եւ ավելի վառ ու մնայուն են հիշողություններում, քաղցր ու արդյունավետ:

Դպրոցի դուռը լքող սիրելի՜ շրջանավարտ, թող քո կյանքի ամեն արշալույս ժպտացող արեւի ջերմ ճառագայթներով առլեցուն լինի, իսկ քո արեւամուտը՝ ուրախության հոգեթով ակնթարթներով համակված: Կյանքի ամեն մի բարձրություն հաղթահարի՜ր արժանապատիվ պայքարով, եղիր նվիրվա՜ծ, հավատարի՜մ եւ թող կյանքում հաջողությունն ու բարեկեցությունը քո մշտական ուղեկիցը լինեն:

Հեշտ չի լինելու, բայց դու կարող ես, աշխատիր այնպես անել, որ գոնե դու քո ապագան քո իսկ երկրում տեսնես:

Հրաչ Հովհաննիսյան

________________________________

Բաժանորդագրություն.

Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.700 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 16.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, 3 եւ 1 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է առայժմ միայն Գյումրիում:

Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: 8 ամսվա ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:

Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք (0312) 50622, ձեզ կայցելի գործակալը:

Դիտումներ՝ 3606

Մեկնաբանել

comments