Կոռուպցիան ուտում է երկիրը

ՀՀ պետական համակարգում բացահայտվել է հերթական կոռուպցիոն սխեման: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետը եւ նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը:

Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձեւավորվել եւ տեւական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ եւ դրանք փոխանցել իրենց վերադասներին. «Մասնավորապես, բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետեւ, ապօրինի եւ համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջեւ, իսկ մի մասն էլ՝ թողտվության համար պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին»:

ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել գործակալության պետի աշխատասենյակում, որի արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2.547.000 ՀՀ դրամ եւ 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։

Ըստ հաղորդագրության, վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երեւան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաեւ վերափորձաքննության բաժնի պետը:

Թե մամուլում, թե հանրային հարթակներում բազմաթիվ անգամներ, կոնկրետ օրինակներով ու փաստերով, տարիներ շարունակ ահազանգվել է, որ հաշմանդամության կարգը որոշելու փորձաքննության համար քաղաքացիներից գումարներ են պահանջում: Այդ ահազանգերը համապատասխան մարմինների կողմից բանի տեղ չեն անցել եւ հիշյալ կոռուպցիոն սխեման անխափան շարունակել է գործել: Ասել, թե բարձրագույն իշխանությունն այդ մասին տեղյակ չի եղել, միամություն կլինի: Ինչպես նաեւ միամտություն կլինի կարծել, թե բարձրագույն իշխանությունն անտեղյակ է, որ նման կոռուպցիոն սխեմաներ գործում են պետական գրեթե բոլոր համակարգերում ու կառույցներում, որոնցում ներգրավված են շարքային ու բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ուղղակի իշխանությունը միայն ժամանակ առ ժամանակ է, ըստ նպատակահարմարության ու ներիշխանական ինչ-ինչ սցենարների, բացահայտում կոռուպցիոն դրսեւորումներ ու դեպքեր. իհարկե, «կոռուպցիայի դեմ պայքարի» օպերացիայի շրջանակներում, որին այս անգամ գումարվել է նախընտրական փիառի էլեմենտը:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 0

Մեկնաբանել

comments