Ինչ է կոռուպցիան եւ ինչպես հաղթահարել այն

Սկիզբը` այստեղ

«Արդարությունն ու անաչառությունը նպաստում են հասարակության բարեկեցության ապահովմանը»

Կանոններին հետեւելը Ձեզ ոչինչ չի տա, քանի որ պաշտոնյան ձեր ճանապարհը փակելու ուժ ունի, ու ճանապարհից չի հեռանա, քանի դեռ դուք մի բան չեք արել, որ նա շահագրգռված լինի հեռանալու մեջ։

Ճշմարտությունը վերադասից իմանալու կամ որեւէ ատյանում բողոքելու խոսքին ի պատասխան ձեր երեսին կշպրտեն՝ ում ուզում ես, ուր ուզում ես բողոքիր, վերջն էլի ինձ մոտ ես գալու:

Միգուցե այդպես չէ, այլ ուղղակի ամեն ինչ շատ դանդաղ է կատարվում։ Միգուցե ամեն ինչ կատարվում է կանոնների համաձայն, սակայն ոչ այն արագությամբ, որին դուք սովոր եք։ ժամանակը թանկ արժե, հատկապես եթե այլ երկրում ես գտնվում, օգտվում ես հեռահաղորդակցության միջոցներից,  բնակվում ես հյուրանոցում։ Եթե գործերն առաջ չեն գնում, դուք ուզում եք անմիջապես իմանալ, թե ինչու։ Բայց պատասխանն անմիջապես ստանալ չեք կարող։ Ի դեպ, շատ քաղաքակիրթ երկրներում էլ բյուրոկրատիան, քաշքշուկը արմատացած աշխատաոճ են: Երբեմն կարող ես ինքդ, այդ պահին ներկայացնել պահանջված փաստաթուղթը կամ տեղեկանքը, սակայն այնտեղ ընդունված է ուղարկել ֆաքսով, փոստով, ու պատասխանին սպասել էլեկտրոնային փոստով:

Ինչն է պատճառը, ոչ ոք չի բացատրի ու ընկնում ես մտածումների մեջ. միգուցե այդ պաշտոնյան դեռ չի որոշել, թե ձեզ հետ ինչպես է աշխատելու։ Նրան երեւի ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ` ձեզ մի լավ տնտղելու համար, ու պարզելու, թե ձեր հետ ինչ կանոններով է աշխատելու։

Դուք էլ պետք է նրան լավ տնտղեք։ Մի կարծեք, որ կանոնագրքերում ամեն ինչ քայլ առ քայլ գրված է։ Լինեն մաքսային ձեւակերպումներ, թե շինարարական առաջարկի ներկայացում քաղաքաշինության նախարարությանը, միեւնույն է, փորձեք բարյացակամ լինել պաշտոնյաների հետ։ Սա չի նշանակում խախտել կանոններն ու բավարարել նրանց քմահաճույքը։ Պարզապես դադար տվեք, որպեսզի անհրաժեշտ տեղեկություններ հավաքեք։ Համագործակցային դիրքերից հանդես եկեք, լսեք նրանց հուշումները, ու երբ արդեն լիովին հասկանաք, թե ձեզնից ինչ են ակնկալում, այդժամ արդեն որոշեք, թե ինչ ձեւով եք պատրաստ համագործակցել, ու ինչ ձեւով դա չեք անի։ Ենթադրություններով մի առաջնորդվեք, շփումների ընթացքում մենք տեսնում ենք, որ ամեն մեկը յուրովի է ներկայանում։

Օրինակ՝ դուք դեղորայք եք արտահանում դեպի մի երկիր, որի անունն է Հայաստան։ Դուք մեր դեղերի վաճառքով զբաղվող  մի կազմակերպությունից լուրջ պատվեր եք ստացել, ու հիմա ներմուծման հարցերով զբաղվող գերատեսչությունից ու դեղորայքային վերահսկման կառույցից պետք է ստանաք համապատասխան թույլտվություններ։ Կառավարության այս կառույցների ներգրավումը գործընթացում կարեւոր է սպառողների շահերի պաշտպանության ու հարկերի հավաքագրման տեսանկյունից։ Դուք պարտավոր եք այդ ձեւականություններին հետեւել, նույնիսկ եթե գործընթացն արդյունավետությամբ աչքի չի ընկնում։

Անազնիվ գործընթացն ու անկազմակերպ գործընթացը նույն բանը չեն։

Կարգավորիչ կամ վերահսկիչ կառույցները օրենքով պետք է ծանոթանան այն տվյալներին, որոնք փաստում են դեղորայքի մաքրությունը, սակայն այդպիսի տվյալներ պահանջելը կարող է վերածվել մի խաղի, ուր ձեր ապրանքի որակը կամ համապատասխանությունը «տեսչական զննման» ժամանակ որեւէ նշանակություն չունենա։ Ամեն անգամ, երբ մի պահանջը կատարվում է, ի հայտ է գալիս մեկ այլ պահանջ։ Նույն կերպ, առեւտրային պաշտոնյաները որոշում են, թե ինչ հարկային դրույքաչափ պետք է կիրառվի ձեր ներմուծած դեղորայքի նկատմամբ։ Հարկային ու առեւտրային օրենքները կարող են դառնալ սակարկության գործիքներ, որոնց միակ նպատակը ձեզ հետ «համագործակցելն» է մի այնպիսի մեխանիզմով, որ հնարավոր լինի երկրի գանձապետարան ուղղվելիք որոշ միջոցներ շեղել այդ ճանապարհից ու գրպանել։ Չեմ ուզում ասել, որ կարգավորիչ կամ վերահսկիչ բոլոր գործողություններն են  կոռումպացված ու կան դրանք շրջանցելու ուղիներ։ Նախքան եզրահանգում կատարելը, որ դուք պետք է ամեն ինչ անեք՝ կատարելու բոլոր օրինական պահանջները։ Բայց հիշեք, որ դեղեր Հայաստան ներմուծելիս կարող եք բախվել այնպիսի պատնեշի, որ էլ երբեք նման արկածախնդրությամբ չզբաղվեք, քանի որ մեր երկրում դեղերի շուկան գրեթե մոնոպոլ է ու այնտեղ գործում են այլ օրենքներ:

Հաճախ կոռուպցիայի մասին իմանում եք, երբ արդեն չափազանց ուշ է։ Շատ հստակ օրինակ է կոռումպացված դատական համակարգը։ Երբ դատավորը վճիռ է կայացնում, արդեն ուշ է, պարզել, թե այդ վճռի ետեւում ինչ է թաքնված։ Բազմաթիվ երկրներում դատավորները կաշառք են վերցնում, ու մյուս հայցվորը իմանում է, որ այդպիսի բան է եղել։ «Հին կտակարանում» գրված է. եթե հանցանք ես գործել, ուրեմն դատավորին կաշառելը մեղք է։ էլ չխոսենք հին օրերից եկող այն համոզմունքի մասին, որ եթե հանցանք չեք գործել, ուրեմն պետք է անպայման կաշառեք դատավորին։ Դատավորի բարեհաճությունը շահելու մրցակցային պայքարը մեծ ռիսկեր է պարունակում։ Կոռումպացված դատավորները քաղաքականապես պաշտպանված են, ու նրանց հավատարմությունը իրենց քաղաքական պաշտպաններին բոլոր նկատառումներից վեր է դասում։

Շարունակելի

Հ.Հարությունյան

Դիտումներ՝ 28

Մեկնաբանել

comments