Ինչ է կոռուպցիան եւ ինչպես հաղթահարել այն

Սկիզբը՝ այստեղ

Որոշ մարդիկ փոքր զանցանքներն օգտագործում են լուրջ զանցանքներն արդարացնելու նպատակով։ Ղեկավար պաշտոնյան, որ գումար է գողանում ընկերությունից, իրեն վերապահելով ճորտատիրոջ իրավունքը, տեսնում է, որ հավաքարարները սանտեխնիկայի մաքրման համար նախատեսված հեղուկ են գողանում, շարքային աշխատողները «տուալետի» թուղթ եւ գրելու թուղթ,  ամրակներ են վերցնում, եւ ասում են. «բոլորն էլ այդպես են անում»։ Սակայն գիտենք, որ դրանք նույն բանը չեն։

Որոշ մարդիկ չափազանցնում են կոռուպցիան,իրենց թերությունները բացատրելու նպատակով։ Ընկերությունը կարող է վաճառքի պայմանագիրը չստանալ այն    պատճառով, որ ապրանքը սպառողի պահանջներին չի բավարարում, սակայն հայտարարել, որ պատճառը կոռուպցիան էր։ Անկազմակերպ լինելու պատճառով ընկերությունը կարող է միջոցներ կորցնել ու դրանում մեղավոր համարել կոռուպցիան։ Դժվար է ձեռք բերել բավականաչափ տեղեկություն, որը թույլ կտա վեր հանել ճշմարտությունը։ Մանրամասներն ուսումնասիրելն այնքան դժվար է, որ շատ հաճախ ուղղակի ավելի հեշտ է ասել, «բոլորն էլ այդպես են անում»։

Ինչ ուզում եք ասեք, ոնց ուզում եք մտածեք, կաշառքն անօրինական է ու պատժելի ողջ աշխարհում, տեսականորեն՝  նաեւ մեզանում,  մամուլում հաճախ կհանդիպեք 100, 200 դոլար կաշառք վերցնելու, մեկ կիլոգրամ միս գողանալու եւ խստիվ պատժվելու փաստերի, մինչդեռ իրական կոռուպցիան  շրջանառվում է վեցանիշ ու յոթանիշ թվերով, որ իրավապահներին անհասանելի է, իսկ լրագրողների կողմից էլ հրապարակման ենթակա չէ: բարդ թեմա է, գորդյան հանգույց, միայն մարդկային ագահությամբ պայմանավորված գործելակերպ:

Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջին երկիրն է, որ պատիժ է նախատեսել իր երկրի քաղաքացիների կողմից, այլ երկրում կոռուպցիայի մասնակցելու համար։ Այն ամերիկյան գործարարը՝ պաշտոնյան, որ բիզնեսը ստանալու համար կաշառք կվճարի օտարերկրյա պաշտոնյային, կկրի պատասխանատվություն՝ բանտարկության ու նշանակալի տույժերի տեսքով։

Եվրոպական գործարարները մինչեւ վերջերս էլ արտերկրում վճարված կաշառքները դիտարկում էին որպես հարկային ծախսեր։ Բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ հիմա ընդունել են նոր կարգեր այլ երկրում կոռուպցիոն գործարքների մասնակցելը արգելելու վերաբերյալ։

Նոր կանոնները կյանքի կոչելը դյուրին խնդիր չէ, սակայն գոնե կարող ենք ասել, որ պայքարի ճանապարհն արդեն նախանշվում է։

Կոռուպցիոն մեղադրանքները հիմնավորելը դժվար է, ուստի օրենքները գրվում են բոլոր հանգամանքների դիտարկմամբ։ Այդ օրենքներն ավելի շուտ միտված են բիզնեսներ հիմնելու հետ կապված մեծամասշտաբ կոռուպցիոն դրսեւորումներին, եւ ոչ փոքրիկ «մաղարիչներին», որ արվում են սովորական ծառայությունների համար։

Օտար երկրներում կոռուպցիոն գործողություններ թույլ տալու մասին 1977 թվականի ԱՄՆ օրենքը միայն «պետական պաշտոնյաներին» տրվող կաշառքներն է դիտարկում, որոնք նաեւ ներառում են պետական այնպիսի ձեռնարկություններ, ինչպիսիք են կապի եւ հեռահաղորդակցության, նավթային ընկերությունները: Մանր-մունր ծառայություններն արագացնելու հետ կապված վճարումները թույլատրվում են, սակայն օրենքը պահանջում է, որ դրանք հստակորեն արտացոլվեն ֆինանսական հաշվետվություններում։

Շարունակելի

Հ.Հարությունյան

Դիտումներ՝ 20

Մեկնաբանել

comments