«Մոլախաղի է վերածվել գրպանում մանդատ ունենալը»

Ինչու՞ են Հայաստանում համապետական ընտրություններից առաջ ընթացող քարոզարշավներն այդքան սուր բնույթ ընդունում: Շատերի մոտ մեծ է ձգտումը պատգամավոր դառնալու, ի՞նչն է հիմնական պատճառը: Այս ու այլ հարցերի վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է  լրագրող Կիմա Եղիազարյանի հետ:

խորհրդարան-1996 թվականի նախագահական ընտրություններից սկսած մինչ օրս տեղի ունեցած համապետական ընտրությունների նախընտրական եւ պաշտոնական քարոզարշավների փուլերում երկրում իրավիճակի սրում, նյարդային լարվածություն ու հանրության կողմից անասելի ակտիվություն է դրսեւորվել միայն նախագահական ընտրությունների ժամանակ: Խորհրդարանական ընտրությունները, թեեւ դարձյալ համապետական են, սակայն այդ ընտրություններն անցել են համեմատաբար խաղաղ ու հանգիստ, արտառոց դեպքեր, հետընտրական բուռն զարգացումներ չեն արձանագրվել: Երբ Սերժ Սարգսյանը որոշեց «բարեփոխել» սահմանադրությունը, ի թիվս այլ «կարեւոր արգումենտների», նշում էր, թե նախագահական ընտրությունները պառակտում են ժողովրդին, մարդկանց հանում են իրար դեմ, լարվածությունը կտրուկ աճում է եւ ուրեմն՝ ավելի լավ է կառավարման մոդելը փոխել, որպեսզի երկրում նվազի անկայունության վտանգը, քանի որ խորհրդարանական ընտրությունների դեպքում պահպանվում է կայունությունը: Սակայն հիմա ճիշտ հակառակ էֆեկտը ստացավ: Մարդիկ գիտակցում են, որ ապրիլի 2-ի ընտրությունները համարժեք են նախագահական ընտրություններին եւ այս ընտրություններով է վճռվելու երկրի ու ժողովրդի ապագան: Դա է պատճառը, որ այս անգամ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ու քարոզարշավային փուլը սպառնում է վերածվել պայթյունավտանգ իրավիճակի: Մանավանդ, երբ միայն հիմարը չի կարող չընդունել, որ իշխող ուժն ու նրա առաջնորդը փորձելու են ամեն միջոց գործադրել, որպեսզի ցմահ մնան իշխանության,-նշում է Կ.Եղիազարյանը:

Կ.Եղիազարյանը նաեւ ասում է, որ մեր երկրում գործազրկության ծավալներն այնքան մեծ են, որ մարդիկ այլ աշխատանք չգտնելով՝ իրենց թեկնածությունն են առաջադրում: Բայց մեր դժբախտությունն այլ է՝ ոչ ոք իր տեղում չէ, մարդիկ ինքնաիրացման դաշտ չունեն: Իրական մասնագետը, բնականաբար, չի ցանկանում պատգամավոր դառնալ, իսկ առաջադրվողների գերակշիռ մասը, կարելի է ասել, ոչ մի բանի մասնագետ չէ:

«Հանգամանքների բերումով «ընկել է էդ լարի վրա» ու գնում է. շատերի համար մի տեսակ մոլախաղի է վերածվել անպայման եւ միշտ մանդատ ունենալ գրպանում: Դրա համար էլ միլիոններ են ծախսում, կաշառում են ընտրողին, որ կրկին խորհրդարանում լինեն. «պրիստիժի» հարց է: Այս անգամ, սակայն, հատկապես իշխող ուժի ռեյտինգային թեկնածուները, կարծես, չեն ուզում գիտակցել, որ մեծ հաշվով այդ փողերը ծախսում են կուսակցությանը ձայներ բերելու վրա, քանի որ վերջում՝ անկախ իրենց հավաքած քվեներից, ՀՀԿ խորհուրդն է որոշելու, թե ով կմտնի ԱԺ»,-հավելում է զրուցակիցս:

Կ.Եղիազարյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 17

Մեկնաբանել

comments