Փողով «շնորհակալությունը»

«Ծնողն է վճարում, չի ուզում՝ թող չտա»

4 տարի առաջ հայկական մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ծնողները 0-7 տարեկան երեխաների բուժման համար գումար են վճարում. սա այն դեպքում, երբ այդ տարիքի երեխաների բուժումը անվճար է:

Որոշ էլեկտրոնային կայքեր նաեւ հրապարակեցին ծնողների ամբողջական խոսքերն ու դժգոհությունները: Առողջապահության նախարարությունն արձագանքեց այս հրապարակումներին՝ պաշտոնապես հայտարարելով, որ 0-7 տարեկան երեխաների բուժումը Հայաստանում բացառապես անվճար է։ «Սահմանված այդ կարգը որեւէ մեկը չի կարող փոխել»,-հայտարարության մեջ գրել էր նախարարությունը։

երեխաների բուժումՀանրապետության որոշ բուժհիմնարկներում, ըստ ծնողների, այս տարիքի երեխաների բուժման համար գումար էին պահանջել, սակայն ծնողներից ոչ բոլորն էին համաձայնել:

Այս թեման շարունակեց քննարկվել ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ առողջապահության ոլորտի հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից:

Այս քննարկումները նպաստեցին ծնողների իրազեկվածության բարձրացմանը. բուժհիմնարկները փորձեցին զգոն լինել եւ շարժվել կառավարության՝ 0-7 տարեկան երեխաների անվճար բուժման պահանջով:

Սակայն դեռեւս կան ծնողներ, ովքեր բարձրաձայնում ու դժգոհում են, որ 0-7 տարեկան երեխաների բուժման համար հիմնարկներում գումար են պահանջում:

Ծնողներից մեկը պատմում է, որ ամիսներ առաջ 3-ամյա երեխայի բուժման համար գումար է վճարել: «Եթե չվճարեի, ապա հաստատ չէր բուժի: Վճարում եմ, որ բուժեն: Վերաբերմունքի հարց է: Կա, որ իրենք են պահանջում, կամ այնպես են խոսում, որ ամոթից ես վճարում, բայց հաստատ գիտես, որ ծառայությունը վճարովի չէ»,-պատմում է ծնողը:

Որոշ բուժքույրեր էլ պնդում են, որ ծնողի տված գումարը ոչ թե կաշառք է, այլ՝ շնորհակալություն հայտնելու տարբերակ: «Եթե երեխային բուժում են, ծնողը պետք է գոհ լինի, չէ՞, դրա համար էլ շնորհակալ են լինում եւ իրենց շնորհակալությունը հայտնում, դրա մեջ վատ բան չկա»,-ասում են:

Ծնողի եւ բուժքույրերի այս պատմությունները եզակի չեն:

«Այդ խնդիրը առկա է ցանկացած տիպի արտոնյալ բուժօգնության տրամադրման ոլորտում: Շատ հաճախ ենք լսում, որ եթե հիվանդանոցում իմանում են, որ իրենք պետպատվերի շրջանակում են, կամ հրաժարվում են բուժօգնություն տրամադրել կամ պատշաճ չեն վերաբերվում, կամ գումար չեն վերցնում, բայց վերաբերմունքն է փոխվում»,- ասում է «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վիոլետա Զոփունյանը եւ համակարգում առկա մի քանի խնդիր թվարկում:

երեխաների բուժումԱռաջին խնդիրը, որին հանդիպում են այս տարիքի երեխաների ծնողները, ուղեգրի բացակայությունն է: Բուժհաստատություններում պահանջում են պոլիկլինիկայի ուղեգիրը, հավաստագիրը, սակայն սրանց բացակայության դեպքում արդեն ծնողներից ժամանակ է պահանջվում այն ձեռքբերել: Այսինքն՝ փաստաթղթային շրջանառության գործընթացում առաջ են գալիս որոշակի քաշքշուկներ:

Մյուս խնդիրը, որն առկա է այս համակարգում, հանրապետության մարզերի եւ մայրաքաղաքի բուժհաստատությունների մատուցած անվճար ծառայությունների որակի տարբերությունն է:

«Սանիտարահիգիենիկ, շենքային պայմանները, սարք-սարքավորումները, նեղ մասնագետների առկայությունը…»,-Վ.Զոփունյանը թվարկում է մարզերի եւ մայրաքաղաքի բուժհիմնարկներում առկա տարբերությունները: Մինչդեռ այս տարիքի երեխաները պետք է հավասար, մատչելի բուժում ստանան ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:

Վ.Զոփունյանը եւս մատնանշում է իրազեկվածության պակասի խնդիրը: Բոլոր ծնողները չէ որ գիտեն անվճար բուժման մասին:

Ոչ միայն իրազեկվածության պակասի, այլեւ պահանջատեր չլինելու պատճառով շատ ծնողներ շարունակում են վճարել անվճար բուժման համար:

«Կոնկրետ ես չեմ գիտեցել, որ անվճար պետք է բուժվի որդիս, բայց եթե գիտենայի, նորից կվճարեի, որովհետեւ անվճարի դեպքում բժշկի ու բուժքրոջ վերաբերմունքը ուրիշ է: Իսկ ծնողի աչքին չի երեւա փողը, ստիպված պտի հանի իր գրպանից տա հիվանդանոցին»,-ասում է մեկ այլ ծնող:

պահանջատեր

Վ.Զոփունյանի խոսքով՝ այս տարվա ավարտին պատրաստվում են թեժ գծի շրջանակում առաջ քաշված բոլոր խնդիրները համատեղ ներկայացնել առողջապահության նախարարությանը, նաեւ ներկայացնելու են խնդիրների լուծման առաջարկները:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 49

Մեկնաբանել

comments