ՀՀԿ-ի գաղջոտ ցուցակն ու Կարեն Կարապետյանը

Երբ վարչապետ Կարեն Կարապետյանին դարձրին հանրապետական եւ օրակարգում հայտնվեց նրա՝ ՀՀԿ-ի ընտրական ցուցակում լինելու խնդիրը, լրագրողներն հարց բարձրացրին, թե նա իրավունք չունի պատգամավորության թեկնածու գրանցվել, քանի որ վերջին 4 տարում Հայաստանում մշտապես չի բնակվել: Այդ ժամանակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ վստահորեն հայտարարում էին, թե այդպիսի բան չկա, թեեւ Կարեն Կարապետյանն աշխատել է Ռուսաստանում, բայց Հայաստանում բնակություն ունեցել է եւ որեէ բան չի խանգարում, որ նա պատգամավորության թեկնածու գրանցվի:

Ոմանք էլ, որ ավելի զգուշավոր էին ու հարցին որոշակի պատասխանատվությամբ էին մոտենում (օրինակ, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը), ասում էին, թե դեռ վաղ է այդ մասին խոսելը, պետք է նայել օրենքի պահանջները եւ առաջնորդվել դրանցով:

Այդ օրերին ընդհանուր միտումն այն էր, որ իշխանությունը, ամեն դեպքում, փորձում է սողանքներ գտնել օրենքում ու լուծել Կարեն Կարապետյանի գրանցման հարցը: Մի խոսքով, հակված է նրան տեսնել ՀՀԿ-ի ընտրական ցուցակում: Ամեն քայլափոխի անօրինականությունների դիմող իշխանության համար նման սողանքներ գտնելը, կամ առանց ձեւականությունների ետեւից ընկնելու, կոպիտ  ձեւով օրենքի պահանջը անտեսելը խաղուպարի պես բան է:

Ընտրական գործընթացների մոտենալուն զուգընթաց այս հարցում, կարծես թե, փոփոխություններ են նկատվում: Իշխանության ներկայացուցիչներն այլեւս համոզիչ հայտարարություններ չեն անում Կարեն Կարապետյանի՝ պատգամավորության թեկնածու գրանցվելու իրավունքի մասին: Այսինքն՝ կասկածի տակ են դնում այդ իրավունքը: Օրինակ, այդպես կարելի է հասկանալ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությունը, թե՝ «Կարեն Կարապետյանը ցուցակում չլինելու պարագայում էլ կլինի ՀՀԿ վարչապետի թեկնածուն»:

Հիշեցնենք, որ ինքը՝ Կարեն Կարապետյանը, ՀՀԿ-ական դառնալուց հետո հայտարարել էր, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակտիվորեն մասնակցելու է ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավին: Նա այս հայտարարությունն արել էր այն ժամանակ, երբ իշխանությունը թերեւս հակված էր նրան հարմարեցնել ՀՀԿ ցուցակում եւ նոր դեմքով ու «նոր որակով» գնալ ընտրությունների: Եթե հիշում եք՝ այս «նոր որակ» արտահայտությունը հենց Կարեն Կարապետյանինն է, որը նա արել էր իր անդամակցությունից հետո ՀՀԿ-ի «փոխվելու ու փոխելու» պատրաստակամության համատեքստում:

Իհարկե, առանց կուսակցության ընտրական ցուցակում լինելու էլ նա կարող է մասնակցել ՀՀԿ-ի նախընտրական արշավին՝ որպես հանրապետական, իշխանության մարդ, քաղաքացի, բայց խոստովանենք, որ այդ դեպքում ՀՀԿ-ի ցուցակային «դեմքն» ու «որակը» «փոխված լինելու» պատկերը չեն ունենա եւ սովորական գաղջոտությունից այն կողմ չեն անցնի:

Իսկ Կարեն Կարապետյանի իմիջի համար դա, թերեւս, կարող է դրական նշանակություն էլ ունենալ՝ անմասն մնալով գաղջոտ ցուցակում հայտնվելուց, թեեւ որպես ՀՀԿ-ական, նա արդեն այդ ցուցակում կա:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 32

Մեկնաբանել

comments