Կարեն Կարապետյանի 100 օրն ու «կարմիր կովի» առածը

Ընդունված է նորանշանակ պետական բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը սկսել ըստ էության գնահատել նշանակումից 100 օր հետո: Առաջին 100 օրը համարվում է նոր աշխատանքին ու իրավիճակին ծանոթանալու, հարմարվելու, նախապատրաստական քայլեր անելու շրջան:

Երեկ լրացավ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը: Չնայած առավել քան պարզ են նրա նշանակման քաղաքական ենթատեքստերն ու դրդապատճառները, այնուամենայնիվ, պետք է խոստովանենք, որ այդ նշանակումը հանրության մի որոշակի հատվածի մոտ դրական արձագանքներ ստացավ, ինչը դժվար է ասել նախորդ վարչապետների մեծ մասի պարագայում: Թերեւս, այդ դրական վերաբերմունքի մեջ դեր կատարեց Կարեն Կարապետյանի՝ նախորդներից փոքր-ինչ տարբերվող հռետորաբանությունը, ավելի ճիշտ՝ հռետորաբանության պակասը, եւ իրականությունը զուտ փաստերի կարճ ու կոնկրետ գույների մեջ ներկայացնելու հակումը: Պատահական չէ, որ նա կառավարության նիստերում իր նախարարներից ու գերատեսչությունների ղեկավարներից էլ է պահանջում կարճ ու ըստ էության ելույթներ ունենալ:

Իր պաշտոնավարման հենց սկզբում Կարեն Կարապետյանն հենց այդպես կարճ ու կոնկրետության մեջ էլ ներկայացրեց Հայաստանի տնտեսության վիճակը՝ այն համարելով չափազանց ծանր, բայց նաեւ ասաց, որ կախարդական փայտիկ չունի այդ ծանր վիճակը միանգամից բարելավելու համար: Հետո խոսեց պրիմիտիվ գողությունների, պետական միջոցների վատնումների, ուռճացված պետական համակարգի ու դրա կրճատման անհրաժեշտության մասին:

Հետո եկավ կոռուպցիայի դեմ պայքարի մասին բարձրաձայնելու հերթը: Այս վերջինը Հայաստանի ու ժողովրդի համար թիվ մեկ պրոբլեմն է, իհարկե, կեղծվող ընտրություններից ու իշխանության ոչ լեգիտիմ լինելու հարցերից հետո: Չնայած այդ երեքը սերտորեն առնչվում են իրար հետ ու նույն շղթայի տարբեր օղակներն են: Հայաստանյան իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի հայտարարություններին ու մշակված տարատեսակ ռազմավարություններին ոչ ոք չի հավատում, քանի որ կոռուպցիան գտնվում է հենց իշխանության, առավել եւս՝ բարձրագույն իշխանության մեջ, գործող ռեժիմը իշխանության է եկել ու խարսխված է հենց կոռուպցիայի վրա, եւ այստեղ անգամ կախարդական փայտիկը չի օգնի, եթե նույնիսկ այն գտնվի:

Կարեն Կարապետյանը վարչապետ դարձավ անկուսակցականի կարգավիճակում, սակայն պաշտոնավարման 100 օրը լրանալուց որոշ ժամանակ առաջ դարձավ հանրապետական, իր հետ հանրապետականացան նաեւ մի քանի նախարարների, իսկ մեկ գիշերվա մեջ հանրապետական դարձած 7000 գազավիկների պատմությունը համալրեց քաղաքական անեկտոդների շարքը:

Իր հանրապետականացման համար Կարեն Կարապետյանը նշեց 7 պատճառ-հիմնավորում, այդ թվում այն, որ ՀՀԿ-ն փոխվելու ու փոխելու ցանկություն ունի: Այս հայտարարությունը ՀՀԿ-ի բացասական գնահատականի բարձրաձայնումն է, բայց Կարեն Կարապետյանի լավատեսությունը՝ ՀՀԿ-ի փոխվելու մասով, գունավոր լավատեսություն է: Քանի որ խոսք գնաց գույների մասին, այս պարագայում տեղին է հիշել ժողովրդական առածը՝ կարմիր կովը կաշին չի փոխի:

Կարեն Կարապետյանի նշանակման առաջին օրերին տարբեր կարծիքներ էին հնչում նրա պաշտոնավարման ժամկետների մասով, շեշտվում էր 6-7 ամսվա ժամկետը, այսինքն՝ մինչեւ 2017-ի խորհրդարանական ընտրությունները: Սակայն թե՛ նրան նշանակած Սերժ Սարգսյանը, թե ինքը՝ Կարեն Կարապետյանը վերջերս հայտարարեցին, թե եթե ընտրություններում ՀՀԿ-ն հաղթի, գործող վարչապետը կպաշտոնավարի նաեւ ընտրություններից հետո: Կարեն Կարապետյանն ակնարկներ արեց նաեւ 2018-ից հետոյի մասին, այսինքն՝ այդ իմաստով հայտնեց իր ցանկությունները, բայց դա շատ ջուր վերցվող թեմա է, որն իրենից կախված չէ:

Ընդհանուր առմամբ, շատ դժվար կլինի ըստ էության գնահատել Կարեն Կարապետյանի հետ հարյուր օրվա վարչապետական շրջանը, քանի որ ժամանակը նախընտրական է եւ բոլոր գործընթացներն ու իրողությունները գտնվում են նախընտրական տրամաբանության ու տրամադրությունների մեջ:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 1

Մեկնաբանել

comments