«Պատերազմից ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմերը չեն կարող շահել»

Ռուսաստանյան «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարարը  չի բացառել Ադրբեջանի հետ ռազմական բախումների վերսկսման հնարավորությունը:«Այս տարվա ապրիլին Ադրբեջանը լայնածավալ ռազմական արկածախնդրություն էր ձեռնարկել, որն ամբողջությամբ տապալվեց: Մենք մեր աշխատանքը կառուցում ենք` ելնելով նրանից, որ ռազմական գործողությունների կրկնությունը հնարավոր է»,- նշել է ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը:

Վերջինս նաեւ ասել է, որ  հակամարտության սրումը տարածաշրջանի երկրներին ձեռնտու չէ, սակայն սահմանին ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում  ստիպված է լինելու միջամտել, քանի որ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։

Հայաստանի անվտանգության ապահովման հարցում  ՀՀ պաշտպանության նախարարն հատկապես կարեւորում է հայ-ռուսական ռազմական համագործակցությունը: Ըստ Վ.Սարգսյանի, 2010-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրությունը ստորագրվել է մեր նախաձեռնությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարը նաեւ արդիական է համարում Գյումրիում հայ-ռուսական ռազմարդյունաբերական համակարգի ստեղծումը։

Ապրիլյան ռազմական գործողություններից հետո որոշակի աշխատանքներ են տարվել նաեւ ղարաբաղաադրբեջանական սահմանի արդիականացման ուղղությամբ:


Ըստ «Իրատես»-ի` սահմանի ողջ երկայնքն ապահովվել է հայ մասնագետների ստեղծած այդ սարքերով։ «Ի դեպ, սա միակ ձեռքբերումը չէ. մեր մասնագետների ուժերով այսօր ստեղծվում են բանակի համար խիստ անհրաժեշտ ռազմական սարքավորումներ, որոնք վաղուց պետք է լինեին, սակայն ոլորտի պատասխանատուների հանցավոր անտարբերության պատճառով այդ հրատապ գործը մնացել էր բարձիթողի վիճակում»,-գրել է թերթը:

«Ասպարեզը»  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Գեղամ Նազարյանի հետ:

Հարցին, թե հնարավոր պատերազմն ինչի կարող է հանգեցնել, Գ.Նազարյանը մեկնաբանում է.

«Պատերազմն այնպիսի բան է, որ որեւէ մեկը չի կարող ասել, թե դրա վերսկսման դեպքում այն ինչպիսի ընթացք կունենա: Միանշանակ է, որ պատերազմից ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմերը չեն կարող շահել: Ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ կողմերից ոչ մեկը չի կարող այնպիսի առավելություն ունենալ, որ կարողանա հաղթել: Տա Աստված, որ երկու կողմերի մոտ հաղթի բանականությունը եւ նրանք հասկանան, որ պատերազմով հարց չի լուծվում, քանի որ այն անկանխատեսելի, տրամաբանությունից դուրս գտնվող երեւույթ է: Չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմական գործողություններ կլինեն, քանի որ դրա հիմքերը չկան: Փոխարենը երկու երկրների գործող իշխանությունները պատերազմի մասին սպառնալիքներով զսպում են իրենց ժողովուրդների ընդդիմադիր տրամադրությունները:

Նշեմ որ ժամանակակից զենքով զինվելը դեռ չի նշանակում հաջողությունների հասնել: Զենքով կարելի է ավերածություններ գործել, մարդկային կորուստներ պատճառել, բայց ինչ-որ խնդիր լուծել դրանով` անհնար է: Ժամանակակից աշխարհի պատմությունն էլ ցույց է տալիս, որ նման դեպքերում կողմերից ոչ մեկը լուրջ հաջողությունների հասնել չի կարող:

Տեսեք` 60-ականներին Իսրայելը կարողանում էր լուրջ հաջողությունների հասնել արաբական աշխարհի դեմ սանձազերծված պատերազմում, իսկ 80-ականներից սկսած նա այդ առավելությունը չուներ:

-Հայաստանն ու Ադրբեջանը միակ եւ ամենահզոր պետությունները չեն աշխարհում եւ այստեղ իրենց շահերն ունեն եւ Իրանը, եւ Չինաստանը, եւ նույնիսկ ԱՄՆ-ն, նաեւ Ռուսաստանը: Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող հաշվի չառնել վերոնշյալ պետությունների եւ ներազգային կազմակերպությունների շահերը»,-նշում է քաղաքագետը:

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 1

Մեկնաբանել

comments