Հույսը ներքեւներում է

Հայաստանում մեկնարկած «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավի մեկնարկային ասուլիսում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, թե ԵՄ-ն ցանկանում է 2017 թվականը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի տարի դարձնել: Դեսպանի մատուցմամբ, 2017-ն այս առումով բեկումնային տարի է լինելու, քանի որ, ըստ նրա, Հայաստանի նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը դրել է իր առաջնահերթությունների շարքում եւ լուրջ ջանքեր է գործադրել` նոր ինստիտուցիոնալ եւ օրենսդրական դաշտ ձեւավորելու, կոռուպցիայի դեմ պայքարի նոր համակարգեր ներդնելու ուղղությամբ:

«ԵՄ-ն շարունակելու է իր աջակցությունը ՀՀ կառավարության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ջանքերին կոռուպցիայի դեմ պայքարում: Այս տարին հնարավորություն է կատարելու մեկ քայլ առաջ»,- Սվիտալսկիի խոսքն է փոխանցում news.am-ը:

Ընդհանրապես, օտարերկրյա գործիչները, միջազգային կառույցների ներկայացուցիչները շատ լավատես են ու բարձր կարծիք ունեն Հայաստանի իշխանությունների, տարբեր ոլորտներում փոփոխություններ կատարելու նրանց պատրաստակամության, «ջանքերի» հարցում, հավատում են իշխանավորների դատարկ խոսքերին, հայտարարություններին ու ձեռնարկներին: Կամ էլ՝ ձեւ են անում, թե ունեն ու հավատում են: Ըստ ամենայնի, իրենք էլ ավելի լավ գիտեն այդ խոսքերի ու հայտարարությունների արժեքը, տարիներ շարունակ տեսել են, թե իրարից ինչքան տարբեր են ասածներն ու արածները:

Այդպես եղել է, օրինակ, բոլոր տեսակի ընտրությունների ժամանակ, երբ ընտրություններից առաջ իշխանությունները հայտարարել են, թե հերթական ընտրություններն օրինակելի են լինելու, բայց այդ հերթականն ավելի վատն է եղել, քան նախորդները: Միջազգային կառույցների ղեկավարներն էլ, սովորության համաձայն, օգտագործել են արդեն շտամպավորված իրենց գնահատականը՝ «թերություններով հանդերձ մի քայլ առաջի մասին»:

Հիմա նույնն է կոռուպցիայի դեմ պայքարի պատմությունը: Երբ դեսպանն հայտարարում է, թե Հայաստանի նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը դրել է իր առաջնահերթությունների շարքում, այնքան էլ ճիշտ չէ: Հայաստանի բոլոր կառավարություններն էլ, բոլոր վարչապետների օրոք էլ այդ հարցը եղել է առաջնահերթությունների շարքում, մշակված են եղել կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություններ ու ծրագրեր, գործել են հանձնաժողովներ ու տարբեր մարմիններ, հնչել հայտարարություններ կոռուպցիան արմատախիլ անելու ցանկությունների մասին: Բայց այդ ամենը եղել է ընդամենը պղպջակ, ոչ իրենք են հավատացել սեփական ձեռնարկներին, ոչ էլ, առավել եւս, հանրությունը, քանի որ պայքարողներն իրենք են այդ պայքարի օբյեկտները: Նոր կառավարության հարցում եւս վիճակը նույնն է, ու դեսպանի լավատեսությունը, մեղմ ասած, չափազանցված է:

Դեսպանը մի հարցում ճիշտ է: Նրա խոսքով, Հայաստանում կա նաեւ շատ պրոֆեսիոնալ եւ նպատակասլաց քաղաքացիական հասարակություն, որն ակտիվորեն ներգրավված է կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում: Վերեւներից հույս չկա, հույսը ներքեւներում է:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 18

Մեկնաբանել

comments