Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի զանգվածային լրատվամիջոցները ընտրությունների ձեւական լուսաբանում չեն իրականացնելու

18 մարտի, 2017

Հայտարարություն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի զանգվածային լրատվամիջոցները ընտրությունների ձեւական լուսաբանում չեն իրականացնելու

Ինչպես հայտնի է, գործող ընտրական օրենսգիրքը անհիմն կերպով սահմանափակում է ընտրատեղամասերում դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների թիվը, խտրականություն է սահմանում ԶԼՄ տեսակների միջեւ, ինչով զգալի խոչընդոտներ է հարուցում ընտրությունների հանրային վերահսկողության այս հաստատությունների դեմ (հոդվածներ 31 եւ 65): Այս մասին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարությամբ[1] էր հանդես եկել փետրվարի 27-ին, դիմելով ՀՀ Ազգային ժողովին, առաջարկելով վերացնել այդ սահմանափակումները եւ խտրականությունը: Անցած օրերին ՀՀ Ազգային ժողովը չվերացրեց այդ սահմանափակումները:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2017 թ. մարտի 9-ին դիմել էր հղել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, խնդրելով առաջիկա ԱԺ ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրել իր երկու զանգվածային լրատվամիջոցների 1000 (հազար) ներկայացուցիչների: ԿԸՆ-ն մարտի 11-ի N90-Ա որոշմամբ, հենվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասին, մերժել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիմումը, անուղղակի հուշելով, թե կարող է հավատարմագրել ոչ ավելի քան 50 ներկայացուցչի:

Ի նկատի ունենալով վերոհիշյալը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական իշխանությունը օրենսդիրների եւ ԿԸՀ-ի միջոցով փաստացի անհիմն կերպով սահմանափակել է ԶԼՄ-ների վերահսկողական հնարավորությունները, թույլ չտալով ԺԱԱ զանգվածային լրատվամիջոցներին իրենց կարողությունները ներդնել ընտրությունների վերահսկման գործում, իրականացնել արդյունավետ լուսաբանում, այսպիսով առաքելությունը դարձնելով ձեւական, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարում է, որ իր հիմնած ԶԼՄ-ների միջոցով ընտրությունների ձեւական լուսաբանում չի իրականացնելու, այդ պատճառով ընդամենը 50 ներկայացուցչի հավատարմագրման դիմում չի ներկայացրել ԿԸՀ-ին:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ԿԸՀ այս մերժման եւ այլ հիմքերով դիմելու է ՀՀ սահմանադրական դատարան՝ ընտրական օրենսգրքի 31 եւ 65-րդ հոդվածներով սահմանված սահմափակումները վերացնելու համար:

Հայատարարության ավարտը

[1] http://www.asparez.am/jca-rights-limitation/#.WM1Yevl96Uk

Դիտումներ՝ 70

This post is also available in: English

Մեկնաբանել

comments