«Իշխանությունը ոստիկանին իր ռեժիմը պահելու գործիք է օգտագործում»

Տարվա արտառոց 2 իրադարձությունը

«Ասպարեզի» հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, անդրադառնալով դատական համակարգում առկա կոռուպցիոն երեւույթներին, նշում է, որ դատական համակարգում տիրող իրավիճակն ավելի վատն է, քան նախորդ երկու տարիներին:

-Երկու արտառոց իրադարձություն տեղի ունեցավ այս տարի, որոնցից մեկը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններն էին, եւ երկրորդը Երեւանի Բուզանդի փողոցի բնակիչների դիմումի հիման վրա Եվրոպական դատարանի կայացրած վճիռն էր, որով ճանաչվել էր տեղի բնակիչների սեփականության իրավունքի խախտումը: Բնակիչներին օտարել էին իրենց սեփական տարածքից, ասելով, որ այն ճանաչվել է գերակա հանրային շահ: Նրանց չնչին գումարներ էին վճարել, այնինչ գումարները շատ-շատ ավելին պետք է լինեին: Այս խախտումը ճանաչելով Եվրոպական դատարանը` կառավարությանը երեք ամիս ժամանակ է տվել, որպեսզի դիմողի հետ փոխհամաձայնության գան գումարի շուրջ եւ վճիռն օրինական ուժ ստանալուց հետո քաղաքացիներին վճարվի սահմանված կարգով գումարը,-նշում է Ժ.Ալեքսանյանը:

Նրա խոսքով` ոստիկանները եւս աչքի են ընկել իրենց անօրինական գործողություններով. քաղաքացիներին ծեծող եւ բռնության ենթարկող անձինք եւս չեն պատժվել:

«Իշխանությունը ոստիկանին իր ռեժիմը պահելու գործիք է օգտագործում ընդամենը: Դա է պատճառը, որ մեր հանրապետությունում պահպանվում է ոստիկանների սարսափելի մեծ թիվը: Այս հարցը շատ է բարձրացվել, բայց ոչ մեկը չի պատրաստվում ոստիկանների թիվը նվազեցնել»:


Ինչ վերաբերում է ոստիկանական համակարգում կոռուպցիայի նվազմանը կամ աճին, զրուցակիցս նշում է, որ մենք կոռուպցիան տեսնում ենք բոլոր ոլորտներում:

-Կոռուպցիան առկա է ոչ միայն դատական համակարգում, այլեւ բոլոր ոլորտներում եւ նվազման միտում չունի: Վարչապետի հայտարարած պայքարը կոռուպցիայի եւ ընդհանրապես ստվերի դեմ, նաեւ սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունները դեռեւս տեսանելի չեն: Պաշտոնյաների հայտարարագրերի ունեցվածքի մասին ընդունված օրենքով ամեն ինչ արվում է` ծածկելու համար պաշտոնյաների ունեցած ունեցվածքը, քանի որ այն հետադարձ ուժ չի ունենալու: Հետագայում էլ կտեսնենք, թե ինչպես են հետապնդման ենթարկելու ապօրինի ունեցվածք ունեցող անձանց: Ես թերահավատ եմ եւ չեմ կարծում, որ այս ոլորտում որեւէ փոփոխություն կլինի,-ասում է իրավապաշտպանը:

Ըստ տիկին Ժաննայի` ամեն ինչ իշխանությունն անում է իր համար: «Դեռեւս իշխանությունը քաղաքացու համար չի արել մի բան, որ մենք դա տեսնենք»,-հավելում է նա:

Նշենք, որ կոռուպցիան, իրոք, քայքայում է մեր երկիրը:


Hetq.am-ը գրում է, որ ՀՀ նախկին եւ ներկա մեծ թվով պաշտոնյաների անուններ կապվում  են կոռուպցիոն գործարքների հետ:

«Տարիներ շարունակ հայաստանյան ԶԼՄ-ներում յուրացումների եւ չարաշահումների առումով շրջանառվում էր «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ, Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի անունը՝ Հիմնադրամի միջոցների շուրջ 150 մլն դոլարի անարդյունավետ ծախսերի եւ չարաշահումների համար: Սակայն ոչ վերջինս դատի տվեց որեւէ լրատվամիջոցի զրպարտության համար, ոչ էլ ինքը ենթարկվեց քրեական պատասխանատվության: 2015թ. Արտաշես Թումանյանը նշանակվեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան»,-գրում է hetq.am-ը:

Պատմաբան Անի Հովհաննիսյանը lragir.am կայքի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի կառավարման մարտահրավերներին, նշում է, որ Հայաստանի կառավարման համակարգին բնորոշ են քաղաքական, բիզնես էլիտաների սերտաճումը եւ կառավարման ճյուղերի միջեւ հակակշիռների ու զսպումների մեխանիզմների բացակայությունը:

«Քաղաքական դաշտում վերջին ատյանի որոշումների ընդունման ամբողջական լիազորությամբ օժտված է նախագահը, իսկ իշխող «Հանրապետական» կուսակցությունն ունի քաղաքական մենաշնորհ: Հատկանշական է, որ իշխող էլիտայի մի շարք անդամներ ամուր կապված են մասնավոր հատվածի հետ՝ հանդիսանալով երկրի խոշոր բիզնես ներկայացուցիչներ: Նախագահը, ներկա վարչապետը եւ նախկին երեք վարչապետերը, ինչպես նաեւ խորհրդարանի մեծամասնությունը նույն կուսակցությունից են: Այդպիսով Հանրապետականը, նախագահն ու գործադիրը, ըստ էության, նույնացվում են, որը երկրի նախագահին հնարավորություն է տալիս միահեծան որոշումներ կայացնել եւ վերջնական խոսքի իրավունք ունենալ պետական գրեթե բոլոր կարեւոր հարցերում»,-գրում է lragir.am -ը:

Լուսանկարը medialab.am-ի

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 1

Մեկնաբանել

comments