Արդյո՞ք Իրանի մայրաքաղաքը կտեղափոխվի Թավրիզ

Իրանի խորհրդարանում կրկին ակտիվացել են քննարկումները` Իրանի մայրաքաղաքը Թեհրանից Թավրիզ տեղափոխելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է  haqqin.az-ը` վկայակոչելով իրանական լրատվամիջոցներին:

Ըստ հրապարակումների` ներկայում գործընթացն հասել է իր վերջնագծին եւ վերջին խոսքի իրավունքով որոշում է կայացնելու Իրանի կրոնական գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին: Այս գործընթացին զուգահեռ իրական վտարանդի ընդդիմադիրները Եվրոպայում արդեն մի քանի նախաձեռնություններով են հանդես եկել եւ հայտարարել, որ այս քայլն ունի քաղաքական լուրջ ենթատեքստ: Բանն այն է, որ Իրանի իսլամական հանրապետության իշխանությունները լրջորեն անհանգստացած են Թրամփի դոկտրինով եւ կարծում են, որ Միացյալ Նահանգները կարող է ռեալ սպառնալիք դառնալ իրանական կրոնապետության համար: Բացի այդ մայրաքաղաքի տեղափոխությունը Թավրիզ, ըստ իրանական իշխանությունների պատկերացումների, կենտրոնական իշխանությունների դիրքերը կամրապնդի Իրանական Ատրպատականում կամ Քուրդիստանում: Այս քայլը, ըստ արդեն Արեւմտյան վերլուծաբանների, կապահովի, որպեսզի Իրանը չփլուզվի ԽՍՀՄ օրինակով:

ԻրանՍակայն որոշ փորձագետներ, այնուհանդերձ, կարծում են, որ Թավրիզի հռչակումը՝ մայրաքաղաք կարող է ռիսկային լինել, քանի որ տեղի բնակչությունն առանձնապես գոհ չէ կրոնավորների իշխանությունից, թեեւ Թեհրանն էլ լավագույն տեղը չէ մայրաքաղաքի համար: Միայն 2009-ի բազմամիլիոն հակակառավարական ելույթները ինչ-որ իմաստով զգաստացրել են կրոնապետության վերնախավում գտնվողներին:

Ռուս փորձագետ Ելենա Դունաեւան այս նախաձեռնության տակ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:  haqqin.az-ի հետ զրույցում վերջինս նշել է, որ քայլն ամենայն հավանականությամբ ունի սոցիալական եւ բնապահպանական բաղադրիչներ եւ ոչ ամենեւին քաղաքական:

«Թրամփն այստեղ որեւէ հարցի հետ կապ չունի: Դեռ հինգ տարի առաջ նույնիսկ Ահմադինեջադի նախագահության օրոք իրանական պառլամենտում այս հարցը քննարկվում էր եւ մարդիկ լրջորեն տրամադրված էին մայրաքաղաքի տեղափոխման հարցում: Նախ Թեհրանում սարսափելի վիճակում է բնապահպանական վիճակը, փակվում են դպրոցները, մարդիկ քայլում են բժշկական քթկալներով: Թեհրանը գտնվում է լեռների մեջ՝ տափարակ վայրում եւ այդպիսով ստեղծվում է յուրահատուկ միկրոկլիմա: Մեգապոլիսում պարզապես քամի չի փչում: Երկրորդ, անմիջականորեն քաղաքի տակով երկրակեղեւի երկու տեկտոնական խզվածքներ են անցնում: Ուժեղ երկրաշարժը կարող է Թեհրանը գետնին հավասարեցնել»,-  կարծում է Ելենա Դունաեւան` հավելելով, որ ոչ էլ Թավրիզը կարող է դառնալ մայրաքաղաք:

«Հիմնական թեկնածու քաղաքներից մեկը Արաքն է, որը գտնվում է երկրի կենտրոնական շրջանում՝ Թեհրանից երկու հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Սակայն միաժամանակ պետք է հիշել, որ Իրանն այնպիսի ֆինանսական վիճակում չէ, որ հենց վաղը կարող է տեղափոխել մայրաքաղաքը: Դրա համար իրանական իշխանություններից կպահանջվեն տարիներ»,- ամփոփել է ռուս փորձագետը:

Թարգմանությունը` Արման Գրիգորյանի

Լուսանկարները` haqqin.az-ի

Դիտումներ՝ 38

Մեկնաբանել

comments