Վարչապետը չի պատասխանում «ղոչաղ» գյուղապետերին

Գյուղերը վարելահողի կորուստ կունենան

2014 թվականից ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համատեղ իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային» ծրագիրը , որի նպատակն է՝ միջազգային բարձր չափանիշներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը կապել հյուսիսի հետ` վերակառուցելով 556 կմ երկարությամբ Մեղրի-Երեւան-Բավրա ավտոճանապարհը: Ծրագրի ներկա փուլն իրականացվում է ԱԶԲ-ի հետ ստորագրած վարկային «Բազմափուլ Ֆինանսավորման Գործիքի» շրջանակներում, որը գործելու է մինչեւ 2017 թվականը:

Երկարատեւ ձգձգումից հետո 2016-ի սեպտեմբերին վերջապես «Հյուսիս-հարավը» հասել է Շիրակի մարզ: Ծրագրի իրականացման նպատակով Շիրակի մարզում ազդեցության ենթակա հողատարածքների  թիվը 737 է` 1,395,742.85 քմ մակերեսով, որից 382-ը մասնավոր սեփականություն է` 371,593.34 քմ ընդհանուր մակերեսով, մնացածը` համայնքային կամ պետական սեփականություն:

Հասարակության եւ պետության կարիքների համար օտարման ենթակա սեփականության, ինչպես նաեւ ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա այլ կորուստների գնահատման գործընթաց է իրականացվել, որը սկսվել է 2014թ. դեկտեմբերին եւ ավարտվել 2015թ. փետրվարին: Օտարման ենթակա անշարժ գույքի գնահատումն իրականացվել է ԱԶԲ-ի կողմից վարձված խորհրդատու կազմակերպության` «Գնահատողների միություն» ՓԲԸ-ի կողմից:

Ազդեցության ենթակա համայնքների ընդհանուր թիվը Շիրակի մարզում 9 է, իսկ  ենթակա անձանց ընդհանուր թիվը` 2235 (սեփականատերեր, համասեփականատերեր եւ գույքային իրավունք ունեցողներ), որից 845-ը` Թալին-Լանջիկ հատվածում, իսկ 1390-ը` Լանջիկ-Գյումրի հատվածում:

Այս հողատարածքներն օտարվելու են` համաձայն «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Շիրակի մարզ հասնելը վկայում է այն մասին, որ գյուղատնտեսական նշանակության հողերը դադարելու են ծառայել իրենց նպատակին, որը եւ առաջացրել է որոշ համայնքապետերի դժգոհությունը, քանի որ փոխվել է ճանապարհի անցկացման նախկին նախագիծը:

Նոր նախագծի համաձայն` ճանապարհն անցնելու է Ազատան, Ախուրյան, Արեւիկ, Կամո գյուղերի բերքատու հողերով: Այս համայնքների ղեկավարները խնդրի մասին դիմել են կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին, բայց պատասխան դեռ չեն ստացել:

-Ճանապարհը լինելու է 30 մետր լայնության եւ մեկ կիլոմետր երկարության, բայց սա դեռ վերջնական նախագիծ-նախահաշիվը չէ: Հնարավոր է, որ մինչեւ 100 հեկտար վարելահողի կորուստ ունենանք,-ասում է Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը եւ փոխանցում, որ այս պահին քննարկում են, թե ճանապարհը որ հատվածով է անցնելու:

Ախուրյանում բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է: Գյուղն ունի 1200 հեկտար առաջին կարգի վարելահող, 30 հա ֆոնդային: Մեկ հեկտարի շուկայական գինը, համայնքապետի տեղեկություններով, 2500 ԱՄՆ դոլարին համարժեք է: Բավականին բարձր է նաեւ 1 տարվա վարձակալության արժեքը` 120 հազար դրամ:

-100 հեկտար հողը ցանկալի չէ, որ շարքից դուրս գա, քանի որ մենք հողով ենք ապրում: Ես այդ հիմնախնդիրը բարձրաձայնել եմ, բայց ինձ ասել են, որ միջազգային ծրագիր է` բխում է պետության գերակա շահերից: Ցանկալի է, որ նախկին նախագծով ճանապարհը անցնի, քանի որ պետք է միայն լայնացնեին, հիմնական ճանապարհը կար,-նշում է Արծրուն Իգիթյանը եւ ավելացնում, որ դեռ վնասի իրական չափն անհայտ է, սպասում է Կարեն Կարապետյանի արձագանքին:

Դեկտեմբերի 7-ին Կարեն Կարապետյանը Գյումրի կատարած այցի ժամանակ հանդիպել էր Շիրակի մարզի համայնքապետերի հետ, հորդորել ղոչաղ լինել, գյուղի հիմնախնդիրների մասին բարձրաձայնել: Սակայն այսօր խորհուրդ-հորդորին զուգահեռ վարչապետը պասիվութո՞ւն է դրսեւորում:

Ճանապարհաշինության լուսանկարները` կապի, տրանսպորտի եւ ՏՏ զարգացման նախարարության

Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 11

Մեկնաբանել

comments