«Հին ընկերների» ավանդական ցուցակն ու նոր կարգախոսը

Կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի՝ իրենց համամասնական ցուցակի առաջին տասնյակը հրապարակելուց հետո, իր ցուցակն հրապարակեց նաեւ «հին ընկեր» ՀՅԴ-ն: Ի տարբերություն ավագ գործընկերոջ՝ Դաշնակցությունն իր ցուցակում չի ներկայացրել կուսակցության «նոր ոգին», այլ ընտրություններին հանդես է գալու «հին ոգով», բայց նոր կարգախոսով՝ «նոր սկիզբ, արդար Հայաստան»: ՀՅԴ նախընտրական շտաբի պետ նշանակված Աղվան Վարդանյանն իրենց կարգախոսի ընտրությունը բացատրել է հետեւյալ կերպ. «Արդար Հայաստանը ազատ Հայաստանն է: Արդար Հայաստանը զարգացող, ուժեղ, ինքնիշխան, բարեկեցիկ, երիտասարդ, իրավունքի, հոգեւոր մշակույթի Հայաստանն է»: Փաստորեն, իշխող կուսակցություն համարվող ՀՅԴ-ն գտնում է, որ Հայաստանն այսօր ազատ ու անկախ չէ, զրկված է ինքնիշխանությունից, չկա արդարություն:

Նա անդրադարձել է նաեւ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հնարավորությանը՝ հայտարարելով, թե իրենք երկրի ներսում թշնամի չունեն եւ բոլոր քաղաքական ուժերի հետ էլ նորմալ հարաբերությունների մեջ են: «Բոլորի հետ էլ համագործակցում ենք, բոլորի հետ էլ շփվում ենք: Ճիշտ է, երբեմն զայրանում ենք, որ պոպուլիստական հայտարարություններ են անում նախընտրական փուլում, բայց դա նորմալ է»,- ասաց նա` հավելելով, որ ընտրությունների արդյունքները ցույց կտան ամեն ինչ: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ասել է, թե ՀՅԴ համագործակցությունը ՀՀԿ-ի հետ երկարաժամկետ է, բայց համագործակցության շարունակությունը  թե ՀՀԿ-ի եւ թե մնացածի հետ կապված կլինի ընտրությունների արդյունքներից:

ՀՅԴ ցուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Երկրորդ հորիզոնականում Աղվան Վարդանյանն է, երրորդում` Դավիթ Լոքյանը, չորրորդում՝ Արմենուհի Կյուրեղյանը, հինգերորդում՝ Լեւոն Մկրտչյանը: Երկրորդ հնգյակի պետկերն այսպիսին է՝ Արծվիկ Մինասյան, Արմեն Բաբայան, Ռուզաննա Առաքելյան, Սպարտակ Սեյրանյան, Միքայել Մանուկյան:

Ինչպես երեւում է, ցուցակի առաջատարները ՀՅԴ-ի՝ հանրությանը հայտնի դեմքերն են, որոնք տարիներ շարունակ քաղաքական դաշտում ներկայացրել են այս կուսակցությունը, որոշները ժամանակին, նաեւ հիմա, եղել կառավարության անդամներ:

Ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով իրենց կարգախոսին, հայտարարել է. «Մենք իսկապես նոր սկիզբ ենք տեսնում մեր երկրի համար՝ պայմանավորված այս ընտրություններով: Մենք, նոր սկիզբ ասելով, առաջին հերթին հասկանում ենք, որ դա պետք է բերի նոր որակի իշխանություն: Նոր որակի իշխանությունն է, որ պետք է լուծում տա երկրում կուտակված խնդիրներին»:

Եթե Արմեն Ռուստամյանը խոսում է նոր որակի իշխանության մասին, նշանակում է` դժգոհ է հին իշխանության որակից: Հին իշխանությունը ՀՀԿ-ն է, հին իշխանության մաս է նաեւ հենց ինքը՝ ՀՅԴ-ն: Տարիներ շարունակ եղել է իշխանության մեջ, մի որոշ ժամանակ դուրս է եկել իշխանությունից ու դարձել «ընդդիմություն», սակայն հիմա նորից իշխանություն է: Այսինքն՝ իշխանության հին որակը վերաբերում է նաեւ ՀՅԴ-ին:

Արմեն Ռուստամյանը նաեւ մի ցնցող հայտարարություն է արել` ասելով, թե այս ընտրական գործընթացը հնարավորություն է տալիս, իրոք, իշխանություն ձեւավորել ընտրությունների միջոցով, անգամ իշխանափոխություն անել երկրում: Սա նշանակում է, որ երկար տարիներ իշխանության մաս կազմող կուսակցության ներկայացուցիչը խոստովանում է, որ Հայաստանում տարիներ շարունակ իշխանությունները չեն ձեւավորվել ընտրությունների միջոցով, այլ կեղծվել են, իսկ իշխանությունը եղել է ոչ լեգիտիմ: Բնականաբար, իրենք էլ՝ ոչ լեգիտիմ իշխանության մաս:

Իսկ ինչպե՞ս հասկանալ «երկրում իշխանափոխություն» անելու մատնանշումը, ում է վերաբերում դա. իշխանությունից զրկել միայն կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի՞ն, թե՞ նաեւ՝ ՀՅԴ-ին: Ուզեն, թե չուզեն դաշնակցականները՝ ՀՅԴ-ն էլ է այսօր իշխանություն:

Հ.Գ. ՀՅԴ-ն ներկայացրել է նաեւ իր տարածքային-վարկանիշային ցուցակները: Շիրակի մարզում առաջադրվելու են Ռոմիկ Մանուկյանը, Հակոբ Մաթիլյանը եւ Աշոտ Կուրղինյանը: Առաջին երկուսը ՀՅԴ-ի հնաբնակներից են, այս կուսակցության քվոտաներով բարձր պաշտոններ են զբաղեցրել (մարզպետ, փոխնախարար), երրորդը` գլխավորել ՀՅԴ-ի ցուցակը հոկտեմբերին Գյումրիում կայացած քաղաքապետի ու ավագանու ընտրություններում:

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 426

Մեկնաբանել

comments